Ալեն Սիմոնյանը կոչ է արել միջազգային գործընկերներին հստակ և հասցեական արձագանքել Ադրբեջանի գործողություններին
12:54 - 15 սեպտեմբերի, 2022

Ալեն Սիմոնյանը կոչ է արել միջազգային գործընկերներին հստակ և հասցեական արձագանքել Ադրբեջանի գործողություններին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 15-ին ընդունել է Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի նախագահ Ալեքսանդր Բելսկու գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը քննարկվել են սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման, զոհերի, հայկական դիրքերի գնդակոծմանն առնչվող մանրամասներ:

Անդրադարձ է եղել հրադադարի պայմանավորվածությանը. զրուցակիցները հույս են հայտնել, որ այն տևական կլինի:

«Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն ուժով փորձում է հասնել իր մաքսիմալիստական նպատակներին և անտեսում է տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ հայկական կողմի ջանքերը»,- նշել է Ալեն Սիմոնյանը՝ հիշեցնելով, որ իշխանությունները դիմել են միջազգային հանրությանը՝ ներկայացնելով տիրող իրավիճակը:

Նա հավելել է, որ կոչ է անում միջազգային գործընկերներին և դաշնակիցներին առավելագույնս հստակ և հասցեական արձագանքել Ադրբեջանական Հանրապետության գործողություններին և արդյունավետ քայլեր ձեռնարկել Հայաստանի Հանրապետության ջանքերին աջակցելու համար՝ ապագայում նման գործողությունները կանխելու նպատակով:

Հանդիպմանը քննարկվել են նաև հայ-ռուսական խորհրդարանական փոխգործակցությանն առնչվող հարցեր: Ռուս գործընկերը ներկայացրել է Հայաստան այցի ընթացքում կայանալիք հանդիպումների օրակարգը՝ նշելով, որ Երևանի ավագանու և Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի միջև Փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել, ինչը հնարավորություն կընձեռի նախանշելու արդյունավետ և կառուցողական փոխգործակցության նոր վեկտորներ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել