Իշխանություններն արձանագրեցին ժողովրդավարության հերթական ակնհայտ նահանջը. «Հայաստան» խմբակցություն
12:06 - 10 հոկտեմբերի, 2022

Իշխանություններն արձանագրեցին ժողովրդավարության հերթական ակնհայտ նահանջը. «Հայաստան» խմբակցություն

ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, նշված է.
 
«Մինչ հանրության ուշադրությունը կենտրոնացած է Արցախի և Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգային ծանրագույն վիճակի վրա, իշխանություններն, օգտվելով այդ հանգամանքից, արձանագրեցին ժողովրդավարության հերթական ակնհայտ նահանջը: 
 
Անցնող շաբաթվա ընթացքում սահմանադրական անկախ մարմինների ղեկավար պաշտոններում ընտրվել են օրվա իշխանությունների հետ ուղղակի փոխկապակցված անձինք Կենտրոնական ընտրական հանձնաժողովում և Բարձրագույն դատական խորհրդում: 
 
Ժողովրդավարության սկզբունքի հստակ պահանջներից է բխում, որ նման կառույցները պետք է համալրվեն իրապես անկախ, արհեստավարժ ու քաղաքականապես չեզոք թեկնածուներով: Չնայած այս պահանջներին՝ մեկ քաղաքական միավոր առաջադրեց ու ընտրեց հենց նույն քաղաքական միավորի անդամների ձևական ընթացակարգով, նախքան ընտրությունն էլ ապահովելով  անկուսակցականի կարգավիճակը: 
 
Հատկանշական է, որ ԿԸՀ նախագահ է ընտրվել այն անձը, ով օրվա իշխանությունների ներկայացուցիչ է հանդես եկել 2021 թվականի արտահերթ ընտրություններում ԿԸՀ-ում և կուսակցության ակտիվ անդամ է եղել, ինչը ԿԸՀ նախագահի պաշտոնի դեպքում աննախադեպ է: 
 
Միաժամանակ ԲԴԽ նախագահը մի քանի ամիս առաջ ընտրվել էր իշխող կուսակցության ղեկավար պաշտոններից մեկում: Նման քաղաքականության իրացման նպատակն ակնհայտ է. անկախ սահմանադրական մարմինները ծառայեցնել մեկ քաղաքական միավորի շահերին և ամբողջությամբ խաթարել անկախության երաշխիքները:
 
Խիստ անհանգստացնող է, որ ժողովրդավարության այսպիսի նահանջի փաստերին որևէ կերպ չեն արձագանքել միջազգային կառույցները, որոնք հանդես էին գալիս ժողովրդավարական արժեքների պաշտպանությամբ մեր երկրում»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել