Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ պահանջող նախագիծ Ֆրանսիայի Սենատում, կանանց ցույց Բաքվում ֆրանսիական դեսպանատան դիմաց
 |azatutyun.am|
09:38 - 17 հոկտեմբերի, 2022

Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ պահանջող նախագիծ Ֆրանսիայի Սենատում, կանանց ցույց Բաքվում ֆրանսիական դեսպանատան դիմաց |azatutyun.am|

azatutyun.am: Ֆրանսիայի Սենատում առաջարկվում է ընդունել վերջին ագրեսիաների կապակցությամբ Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ և Հայաստանի տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերում, հայ ռազմագերիների անհապաղ ու առանց նախապայմանների հայրենադարձում պահանջող բանաձև, որի դեմ կանանց բողոքի ակցիա է կայացել Բաքվում Ֆրանսիայի դեսպանատան դիմաց:

Բանաձևի նախագծում, որը հրապարակված է ֆրանսիական խորհրդարանի վերին պալատի պաշտոնական կայքէջում, վճռականորեն դատապարտվում է ադրբեջանական ագրեսիան այս տարվա օգոստոսի սկզբին Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը կապող Լաչինի միջանցքում ու սեպտեմբերի 13-14-ը Հայաստանի ինքնիշխան տարածքի հարավային և հարավարևելյան շրջաններում:

Սենատը նախագծի ընդունվելու դեպքում ֆրանսիական կառավարությունից կպահանջի հետամուտ լինել, որպեսզի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, որտեղ արտակարգ նիստի ժամանակ միջազգային հանրությունը դատապարտել է ադրբեջանական ագրեսիան, դիմի միջազգային քրեական դատարան «Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում Ադրբեջանի ագրեսիայի հարցով, այդ թվում՝ հետաքննելու զանգվածային և պատերազմական հանցագործությունները»:

Նախագիծը կառավարությանը կոչ է անում եվրոպական գործընկերների հետ դիտարկել ավելի վճռական պատշաճ պատասխաններ ադրբեջանական նոր ագրեսիաներին, այդ թվում՝ ադրբեջանական ղեկավարների գույքի բռնագրավում և էմբարգո Ադրբեջանից գազի ու նավթի արտահանման վրա:

Սենատի բանաձևի նախագիծը ֆրանսիական կառավարությանը հորդորում է «բոլոր միջոցներով ցույց տալ Ֆրանսիայի սատարումը Հայաստանին՝ դիտարկելով մասնավորապես Հայաստանի պաշտպանունակության ուժեղացումը», և «անմիջապես ձեռնարկել բոլոր միջոցները՝ ապահովելու հայ և Հայաստանի բնակչությունների անվտանգությունը միջազգայնորեն ճանաչված սահմաններում»:

Նախագծով վերահաստատված է նաև «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտությունը», որի մասին ֆրանսիական խորհրդարանի երկու պալատները բանաձևեր էին ընդունել դեռ 2020 թվականի 44-օրյա պատերազմում հրադադարի հաստատումից շատ չանցած:

«Ազատության» ռուսական ծառայության փոխանցմամբ՝ Բաքվում բողոքի ակցիայի մասնակից կանայք պարզել են երեխաների դիմանկարները, որոնք, ըստ ադրբեջանական կողմի, զոհվել են 44-օրյա պատերազմի ժամանակ Գյանջայի հրթիռակոծության հետևանքով: Բաքուն հաղորդում է այդ հարձակման հետևանքով հարյուրավոր խաղաղ բնակիչների, այդ թվում՝ 12 երեխայի զոհվելու մասին, հայկական կողմը հերքում է մեղադրանքները:

Ադրբեջանցի կանայք վստահեցրել են, որ ինքնաբուխ են դուրս եկել բողոքի ակցիայի՝ հաջակցություն Ֆրանսիայի Սենատին ուղղված դիմումով պահանջագրի, որն անցած շաբաթ է հրապարակվել:

Ադրբեջանցի ակտիվիստները և պահանջագրի հեղինակները պնդում են, որ Ֆրանսիան պետք է հրաժարվի հայ - ադրբեջանական հակամարտության «միակողմանի ընկալումից և ավելի հավասարակշռված դիրքորոշում որդեգրի»: Փաստաթուղթը նաև կոչ է անում շանս տալ բանակցային գործընթացին ու չշիկացնել իրավիճակը Ադրբեջանի դեմ մեղադրանքներով ու պատժամիջոցներով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել