ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի նախագահ Դեյվիդ Փրայսի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 18-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանի ուղեկցությամբ:
Հյուրերին ներկայացվել է Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի պատմությունը:
Պարոն Դեյվիդ Փրայսը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, որից հետո ԱՄՆ-ից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը:
ԱՄՆ-ից ժամանած հյուրերին ուղեկցել են Հուշապատի մոտ, որի հետնամասում ամփոփված են օտարազգի այն հասարակական, քաղաքական գործիչների, միսիոներների մասունքները, որոնք իրենց բողոքի ձայնն են բարձրացրել ընդդեմ թուրքական կառավարության իրագործած հայերի ցեղասպանության:
comment.count (0)