Կհիմնանորոգվի և կվերակառուցվի 4 ավագ դպրոց, կստեղծվի 80 նախակրթարան․ ԱԺ-ն ընդունեց համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը
10:47 - 26 հոկտեմբերի, 2022

Կհիմնանորոգվի և կվերակառուցվի 4 ավագ դպրոց, կստեղծվի 80 նախակրթարան․ ԱԺ-ն ընդունեց համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը

Ազգային ժողովում շարունակվում է հերթական քառօրյան։ Այսօրվա նիստի սկզբում՝ նախքան քվեարկության մեկնարկը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը 20 րոպե ընդմիջում խնդրեց։

Նիստի վերսկսումից հետո խորհրդարանը ընդունեց «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը։

Համաձայնագրով Հայաստանին կհատկացվի  22,6 մլն եվրո գումար: Վարկի մարումը նախատեսված է 25 տարի ժամկետով։ 

Երեկ՝ նախագծի քննարկման ընթացքում ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը հայտնել էր, որ Լրացուցիչ ֆինանսավորման վերաբերյալ համաձայնագրով Հանրապետությունում նախատեսվում է հիմնանորոգել եւ վերակառուցել 4 ավագ դպրոց, ինչպես նաեւ դրանք համալրել անհրաժեշտ գույքով: Այդ դպրոցներն են` Վանաձորի թիվ 13 ավագ դպրոցը, Արտաշատի եւ Աշտարակի ավագ դպրոցները, Երեւանի թիվ 139 ավագ դպրոցը:

80 բնակավայրում կստեղծվի առնվազն 80 նախակրթարան, դրանք կհամալրվեն անհրաժեշտ գույքով, կվերապատրաստվեն դաստիարակները: Նախակրթարանները հարմարեցվելու են ներառական կրթության պահանջներին: Նախապատվությունը տրվելու է սահմանամերձ, ինչպես նաեւ այն համայնքներին, որտեղ մեծ է Արցախյան պատերազմի հետեւանքով տեղահանված ընտանիքների թիվը:

Նախագիծը ընդունվեց 62 կողմ, 4 դեմ ձայներով։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնեց, որ մի շարք պատգամավորներ ծրարով են թողել իրենց քվեարկությունները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել