«Սա ապատեղեկատվություն, աշխարհաքաղաքական շանտաժ է, ի՞նչ է, սա ՌԴ-ի՞ դեմ են անում»․ Դավիթ Բաբայանը՝ Լաչինի միջանցքով ռազմատեխնիկա տեղափոխելու՝ ադրբեջանական լուրերի առիթով |aravot.am|
18:37 - 06 նոյեմբերի, 2022

«Սա ապատեղեկատվություն, աշխարհաքաղաքական շանտաժ է, ի՞նչ է, սա ՌԴ-ի՞ դեմ են անում»․ Դավիթ Բաբայանը՝ Լաչինի միջանցքով ռազմատեխնիկա տեղափոխելու՝ ադրբեջանական լուրերի առիթով |aravot.am|

aravot.am: «Սա իրականությանը չհամապատասխանող տեղեկություն է։ Սա աշխարհաքաղաքական շանտաժ է, տեղեկատվական շանտաժ և ահաբեկչություն»,- Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն այսպես որակեց ադրբեջանական թելեգրամյան ալիքներով տարածվող այն տեղեկատվությունը, թե իբր Լաչինի միջանցքով Արցախ զինտեխնիկա է տեղափոխվում, նրանց բնութագրմամբ, «խաղաղապահ մարդասիրական օգնություն» անվան ներքո։

Դավիթ Բաբայանը փաստեց՝ շատ հեշտ կարելի է դա պարզել, որ դա ապատեղեկատվություն է ու պարզաբանեց․ «Ողջ երկայնքով տեղադրված տեսախցիկներ կան։ Ամեն ինչ երևում է։ Եթե նույնիսկ այս վիճակում նրանք այսպիսի քայլերի են դիմում, բնական է, սա շահարկում է, տեղեկատվական ահաբեկչություն, որն իրականության հետ որևէ կապ չունի։ Հետևաբար սա է խնդիրը։ Կարծում եմ՝ սա նաև հարված է ռուս խաղաղապահներին։ Ի՞նչ է նշանակում՝ այսինքն՝ զինտեխնիկա, ահաբեկիչներ։ Նման բաներ են գրում։ Ի՞նչ է, սա Ռուսաստանի՞ դեմ են անում, այն էլ Սոչիի հանդիպումից հետո՞։ Սա նաև աշխարհաքաղաքական առումով  հարված է ռուս խաղաղապահ առաքելությանը, սա ապակայունացման քաղաքականություն է»։

Ըստ Դավիթ Բաբայանի՝ ադրբեջանական կողմը սա հմտորեն է անում, թե տեսեք՝ թելեգրամյան ալիքներ և այլն։ Նա փաստեց՝ մերթընդմերթ դրա մասին պետական գործիչներ էլ են խոսում, ինչի առիթով Դավիթ Բաբայանը կրկնեց՝ ընդհանրապես որևէ հիմք չկա ու շեշտեց․ «Դա ապատեղեկատվություն է։ Կան տեսախցիկներ, որոնք ցույց են տալիս։ Այդ թվում տեսախցիկ կա տեղադրված Շուշիի մոտ՝ իրենց վերահսկողության տակ գտնվող հատվածում»։

Դավիթ Բաբայանի համոզմամբ՝ բոլոր այսպիսի հայտարարությունները չեն կարող չնկատվել ռուս խաղաղապահների, այլ մարմինների կողմից։ Նրա բնութագրմամբ՝ սա բացեիբաց շանտաժ, շահարկում և քարոզչություն է։

Հարցին՝ սա նաև ՀՀ-ի և Արցախի ազգային անվտանգության խնդիր չէ՞, Դավիթ Բաբայանը պատասխանեց․ «Սա աշխարհաքաղաքական շանտաժ է, տեղ շանտաժ և ահաբեկչություն, ուրիշ ոչ մի բան»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել