Էրիկ Ալեքսանյանը կմնա կալանավորված․ դատարանը մերժել է պաշտպանների բողոքը
18:05 - 11 նոյեմբերի, 2022

Էրիկ Ալեքսանյանը կմնա կալանավորված․ դատարանը մերժել է պաշտպանների բողոքը

Քրեական վերաքննիչ դատարանը մերժել է Էրիկ Ալեքսանյանի կալանավորման դեմ պաշտպանական կողմի ներկայացրած հատուկ վերանայման բողոքը: Այս մասին հայտնում է նրա պաշտպաններից Ալեքսանդր Կոչուբաեւը։

Հիշեցնենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Արշակ Մաթեւոսյանի նախագահությամբ, հոկտեմբերի 19-ին փաստաբան Էրիկ Ալեքսանյանին կալանավորելու որոշում էր կայացրել։

Նույն քրեական գործի շրջանակում հոկտեմբերի 19-ին կալանավորվել էր նաեւ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանը։

Դատավորը մեղադրվում է ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու եւ պաշտոնեական լիազորությունները անցնելու, իսկ փաստաբանը՝ նրա լիազորությունները անցնելուն օժանդակելու մեջ։ 

Ըստ ԱԱԾ հաղորդագրության՝  դատավորը, տեղեկացված լինելով ՔԿ-ում քննվող քրեական վարույթով մեղադրյալ, իր եղբոր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ դատարանի որոշման առկայության մասին, խմբային շահերից ելնելով, պատրաստակամություն է հայտնել վերջինի օգտին կատարել ապօրինի գործողություններ, այն է՝ ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու միջոցով նրան ազատել կալանքից։ Իր մտադրությունների իրականացման նպատակով պաշտոնատար անձը հանցավոր արարքի կատարմանը որպես հանցակիցներ ներգրավել է նաև դատական իշխանության ոլորտում իշխանական գործառույթներ իրականացնող մեկ այլ պաշտոնատար անձի, ինչպես նաև իր օգնականին և ՀՀ փաստաբանների պալատի փաստաբանին։

Դատավորն ու փաստաբանը առաջադրված մեղադրանքները չեն ընդունում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել