Ստեփանակերտում տեղի է ունեցել Ռուսական կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը
16:53 - 19 նոյեմբերի, 2022

Ստեփանակերտում տեղի է ունեցել Ռուսական կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 19-ին Ստեփանակերտում մասնակցել է ԱՀ իշխանությունների նախաձեռնությամբ և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, բարերար Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ հիմնադրված Ռուսական կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը։ Այս մասին հաղորդում է Արցախի նախագահի աշխատակազմը։

Նշվել է, որ կառույցի գործունեությունն ուղղված կլինի ռուսաց լեզվի, ռուսական մշակույթի և պատմության մասսայականացմանը, կրթության ոլորտում երկխոսության և սերտ համագործակցության զարգացմանը։ Առկա հարուստ գրքային ֆոնդի շնորհիվ մատաղ սերունդը հնարավորություն կունենա նաև ուսումնասիրելու ռուս գրողների ստեղծագործություններ։

Նախագահ Հարությունյանը կարևորել է նման հաստատությունների գործունեության կարևորությունը մշակույթի և կրթության ոլորտում հայ-ռուսական կապերի հետագա զարգացման տեսանկյունից։ «Ռուսական կենտրոնների բացումը հանդիսանում է հայ և ռուս ժողովուրդների բազմադարյա բարեկամության ևս մեկ ակնառու ապացույց և մեր սերտ համագործակցության վառ օրինակ։ Արցախում միշտ հատուկ ուշադրություն է դարձվել ռուսաց լեզվի ուսումնասիրությանը, իսկ կենտրոնի բացումն առավել քան պահանջված է ներկա պայմաններում»,- նշել է Արայիկ Հարությունյանը։

Նախաձեռնության կարևորությունն ընդգծող խոսքով հանդես են եկել նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Իվետա Տոնոյանը, հանրային գործիչներ, ովքեր համոզմունք են հայտնել, որ կենտրոնը կդառնա կարևոր մշակութային և կրթական օջախ բոլոր արցախցիների համար։

Նախագահի աշխատակազմից հաղորդել են նաեւ, որ Հարությունյանը ընդունել է  «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանակերտ ժամանած պաշտոնական պատվիրակությանը:

Հանդիպմանը քննարկվել են ներքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր:

Երկրի ղեկավարը բարձր է գնահատել քաղաքական ուժի ներկայացուցիչների  պարբերական այցերն Արցախ և դրանց ընթացքում ծավալվող  բովանդակային քննարկումները:

Նախագահ Հարությունյանի խոսքով՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կողմից  Արցախում տարբեր ծրագրերի իրականացման ուղղությամբ հետևողական աշխատանքներ են տարվում։ Նա այդ համատեքստում ընդգծել է Ստեփանակերտում ռուսական մշակութային կենտրոնի բացմանն աջակցելու օրինակը, ինչը լավագույնս նպաստելու է հայ և ռուս ժողովուրդների միջև մշակութային, կրթական ու հոգևոր կապերի զարգացմանն ու ամրապնդմանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել