Ավինյանի կողմից ԱՆԻՖ-ի խորհրդի նախագահի կարգավիճակում պաշտոնավարումը իրավական տեսանկյունից համատեղելի է փոխքաղաքապետի կարգավիճակի հետ․ ԱՆԻՖ
17:54 - 29 նոյեմբերի, 2022

Ավինյանի կողմից ԱՆԻՖ-ի խորհրդի նախագահի կարգավիճակում պաշտոնավարումը իրավական տեսանկյունից համատեղելի է փոխքաղաքապետի կարգավիճակի հետ․ ԱՆԻՖ

Pastinfo.am լրատվականն այսօր «Տիգրան Ավինյանի պաշտոնավարումը քաղաքապետի տեղակալի պաշտոնում ապօրինի է. նա միաժամանակ զբաղեցնում է երկու անհամատեղելի պաշտոն» վերտառությամբ հրապարակում է արել, որում ասված է, որ Երևանի փոխքաղաքապետի պաշտոնում սեպտեմբերի 23-ին նշանակվելուց հետո Ավինյանը շարունակում է զբաղեցնել Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ), տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը՝ այդպիսով միևնույն ժամանակ պաշտոնավարելով երկու անհամատեղելի պաշտոններում։

Կայքը հղում է արել Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի 8-րդ կետին, որի համաձայն՝ «քաղաքապետի տեղակալները չեն կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել այլ պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առևտրային կազմակերպություններում, կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից»:

Կայքը նշել է, որ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ն ՀՀ կառավարության ներքո գործող ընկերություն է, որի գործունեությունը միտված է խոշորագույն ներդրողների և գործընկերների հետ համատեղ լայնածավալ նախագծերի իրականացմանը, եւ որ Տիգրան Ավինյանը հանդիսանում է նշված ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ, ինչի մասին փաստում է «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ»-ի պաշտոնական կայքէջը․

«Ավելին՝ նա օժտված է ղեկավարման գործառույթներով, ինչի մասին եւս փաստում է «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ»-ի կայքէջը, որի հրապարակած տեղեկատվության համաձայն՝ հենց տնօրենների խորհուրդն է ղեկավարում ԱՆԻՖ-ը»,- հավելել է լրատվամիջոցը՝ շարունակելով, որ «այս պարագայում ոչ միայն խոսքը գնում է փոխքաղաքապետի պաշտոնում ապօրինի պաշտոնավարման մասին, այլ նաեւ կոռուպցիոն ռիսկերի, քանի որ այս երկու պաշտոններն ունեն շահերի բախում»։

ԱՆԻՖ-ից այս առնչությամբ Infocom-ի հարցերին ի պատասխան՝ տեղեկացրել են, որ «Տիգրան Ավինյանի կողմից Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի` ԱՆԻՖ-ի, խորհրդի նախագահի կարգավիճակում պաշտոնավարումը իրավական տեսանկյունից լիովին համատեղելի է և տրամաբանական Երևանի փոխքաղաքապետի կարգավիճակի հետ»։

ԱՆԻՖ-ի պարզաբանման մեջ ասված է․

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն «Հանրային պաշտոն զբաղեցնող անձը կամ հանրային ծառայողը կարող է ընդգրկվել 50 և ավելի տոկոս ՀՀ մասնակցությամբ առևտրային կազմակերպության տնօրենների խորհրդի (դիտորդ խորհուրդ) կազմում, եթե դա ուղղակիորեն առնչվում է իր պաշտոնավարման ոլորտի քաղաքականության իրականացման հետ առանց վարձատրության կամ որևէ այլ ձևով փոխհատուցում ստանալու կամ հանրային պաշտոն չզբաղեցնող անձանց կամ ոչ հանրային ծառայողների համար նախատեսված սոցիալական երաշխիքներից կամ այլ ծառայություններից կամ արտոնություններից օգտվելու իրավունքի»։

ԱՆԻՖ-ի ընթացիկ, առայժմ չհայտարարված, ինչպես նաև ապագա֊քննարկվող ծրագրերի մեծ մասը ուղիղ կապ ունի Երևանի զարգացման ծրագրերի հետ: Այդ թվում են քաղաքացիների շարժունակության, ենթակառուցվածքների, տուրիզմի, սպասարկման, շինարարության,կառուցապատման և այլ բնագավառները։

ԱՆԻՖ-ի կողմից իրականացվող ծրագրերի զգալի մասի արդյունավետությունը և իրացվելիությունը ուղիղ կապ ունեն Երևանի քաղաքապետարանի գործառույթների հետ։ Այս պահին քննարկման փուլում են Երևանում ԱՆԻՖ-ի կողմից նոր ներդրումների ներգրավման մի քանի ծրագրեր, որոնք գտնվում են քաղաքապետարանի անմիջական գործառույթների տիրույթում։

Հետևաբար, փոխքաղաքապետի կարգավիճակի հետ համատեղությունը ԱՆԻՖ-ի անկախ վերահսկող մարմնում ինչպես չի հակասում օրենքին, այնպես էլ նպաստում է պետության ներդրումային և առկա ծրագրերի իրականացման համադրմանը։ Այս է, ի դեպ, հենց ԱՆԻՖ-ի առաքելությունը։

Նկատի ունենալով, որ ԱՆԻՖ-ի 100%-ի մասնաբաժինը պատկանում է Հայաստանի
Հանրապետության կառավարությանը, ինչպես նաև, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Տիգրան Ավինյանը ԱՆԻՖ-ում չի կատարում վճարովի աշխատանք, ԱՆԻՖ-ի խորհրդի նախագահի և Երևանի փոխքաղաքապետի պաշտոնների իրավական անհամատեղելիության ու հակադրության մասին խոսք լինել չի կարող»։

Լուսանկարը՝ Մեդիամաքսի


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել