Ալավերդի միավորված համայնքի ավագանու 5 նիստերից 3-ը ՔՊ-ն բոյկոտել է․ ինչո՞ւ |civilnet.am|
15:18 - 30 նոյեմբերի, 2022

Ալավերդի միավորված համայնքի ավագանու 5 նիստերից 3-ը ՔՊ-ն բոյկոտել է․ ինչո՞ւ |civilnet.am|

civilnet.am: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Ալավերդի միավորված համայնքի ավագանու 5 նիստերից 3-ը բոյկոտել է։ Խմբակցության քարտուղար Հարություն Ձավարյանի խոսքով՝ իրենց բոյկոտը ոչ թե քաղաքական, այլ մարդկային բովանդակություն է ունեցել:

ՔՊ խմբակցությունը բոյկոտել է հոկտեմբերի 12-ի ավագանու առաջին նիստը, որի ընթացքում Ալավերդի միավորված համայնքի ղեկավար է ընտրվել «Ապրելու երկիր» կուսակցությունը ներկայացնող Արկադի Թամազյանը: Նույն պատճառով ՔՊ խմբակցությունը բոյկոտել է նաև ավագանու երկրորդ՝ հոկտեմբերի 15-ի նիստի՝ համայնքապետի երդման արարողությունը:

Ավագանու առաջին երկու նիստերի բոյկոտից հետո իշխանական թևի խմբակցությունը հոկտեմբերի 31-ի հերթական նիստին օրակարգային 14 հարցերի որոշումներին միաձայն կողմ է քվեարկել: Այս նիստին նրանք համայնքապետին խնդրել են նոյեմբերի11-ին ավագանու հերթական նիստ չնշանակել՝ խմբակցության որոշ անդամների զբաղվածության պատճառով:

Համայնքապետը հերթական նիստը նշանակել է նոյեմբերի 22-ին, սակայն նոյեմբերի 8-ին նախաձեռնել, իսկ նոյեմբերի11-ի հրավիրել է ավագանու արտահերթ նիստ, որին ՔՊ խմբակցությունից ներկայացել են ավագանու 7 անդամներ, սակայն նիստին մասնակցելու համար չեն գրանցվել:

Նոյեմբերի 11-ի արտահերթ նիստը ՔՊ խմբակցության երրորդ բոյկոտն էր: Նիստում քննարկվել է համայնքապետի վարձատրության չափը, համայնքի կազմում ընդգրկված 500-ից պակաս հաշվառված բնակիչներ ունեցող բնակավայրերում վարչական ղեկավարներ ունենալու, համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքն ու աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնյաների դրույքաչափերը, ՀԱԿ-ի անդամ Տիգրան Պապոյանին համայնքի ղեկավարի 1-ին տեղակալ նշանակելու և հողամասերի նպատակային ու գործառնական նշանակությունների փոփոխություն կատարելու հարցերը:

Ավագանու կանոնակարգի խախտում՝ արտահերթ նիստ հրավիրելիս

Արտահերթ նիստն սկսելուց առաջ ՔՊ խմբակցությունը Հարություն Ձավարյանի բերանով դժգոհել է համայնքապետի կողմից արտահերթ նիստ նախաձեռնելիս իրենց հետ գործընկերային պայմանավորվածության խախտումից։ Խմբակցության անդամները նաև նկատել են, որ արտահերթ նիստը հրավիրվել է ավագանու կանոնակարգի 133 և 134 կետերի խախտումներով: Դրա հետևանքով համայնքապետարանից արտահերթ նիստի օրակարգը, որոշման նախագծերը և մյուս փաստաթղթերը ավագանու անդամներին ուղարկվել են ոչ թե հոկտեմբերի 8-ին՝ արտահերթ նիստը նախաձեռնելու հաջորդ 24 ժամվա ընթացքում, այլ արտահերթ նիստից 24 ժամ առաջ:

«Հնարավոր է, որ արտահերթ նիստը «Ապրելու երկիր» խմբակցությունը և համայնքապետ Արկադի Թամազյանը ցանկացել են առանց մեր խմբակցության անցկացնել: Թեմաներ են եղել դրանց հետ կապված: Մեզ այդ նիստից հետաքրքրել են համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքն ու աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնյաների դրույքաչափերի մասին օրակարգային հարցերը: Մենք այստեղ միտում ենք տեսել»,- ասում է Ձավարյանը: Վերջինը նոյեմբերի 11-ին Արկադի Թամազյանին առաջարկել է չեղարկել արտահերթ նիստը, այն նշանակել այլ օր և նախապես համաձայնեցնել ՔՊ խմբակցության հետ, այլապես նրանց կողմից արտահերթ նիստին կայացված բոլոր որոշումները կբողոքարկվեն և կկասեցվեն դատական կարգով: Առաջարկը չի ընդունվել: Հայտարարությունից հետո ավագանու ՔՊ խմբակցության յոթ անդամները բոյկոտել են արտահերթ նիստը:

Մեկնաբանում է համայնքի ղեկավարը

Արկադի Թամազյանը Սիվիլնեթին պարզաբանեց, թե արտահերթ նիստը երբ էլ հրավիրվեր՝ ավագանու մի քանի անդամների հարմար չէր լինելու: Թամազյանը նշեց, որ խմբակցության՝ նոյեմբերի 11-ին նիստ չնշանակելու առաջարկը վերաբերել է ավագանու հերթական նիստին, որին ինքը համաձայնել է:

Նոյեմբերի 14-ին նիստ հրավիրելու իր առաջարկին դեմ է կանգնել ՔՊ խմբակցության ավագանու մեկ այլ անդամ: Արկադի Թամազյանը պնդում է, որ հերթական նիստի օրվա համաձայնությունից հետո ավագանու բոլոր անդամներին հայտարարել է, որ մոտակա օրերին արտահերթ նիստ է հրավիրվելու: «Ի վերջո, մենք պարտավոր չենք ավագանու նիստերի հերթական օրերը համաձայնեցնել ավագանու անդամների հետ»,- ասում է նա:

Շարունակությունը՝ civilnet.am- ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել