«Սա կարևոր քայլ է». Արթուր Թովմասյանը ողջունել է Ֆրանսիայի ԱԺ-ի ընդունած բանաձևը
13:26 - 02 դեկտեմբերի, 2022

«Սա կարևոր քայլ է». Արթուր Թովմասյանը ողջունել է Ֆրանսիայի ԱԺ-ի ընդունած բանաձևը

Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ողջունել է Ֆրանսիայի Ստորին պալատի՝ Ազգային ժողովի նոյեմբերի 30-ին ընդունած բանաձևը:

Նրա տարածած հայտարարության մեջ ասվում է. «Արցախի Հանրապետության խորհրդարանի և անձամբ իմ անունից շնորհակալություն ենք հայտնում Ֆրանսիայի Ստորին պալատի՝ Ազգային ժողովի պատգամավորներին՝ Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառման վերաբերյալ միաձայն ընդունած բանաձևի համար:

Ողջունում ենք Ֆրանսիայի Ստորին պալատի քաղաքական բոլոր ուժերի միաձայնությունը՝ Հայաստանում և Արցախում ներկայումս ստեղծված իրավիճակի շուրջ  և երախտագիտությամբ արձանագրում այն ուշադրությունն ու մտահոգությունը, որ 2020թ աշնանային պատերազմի սկիզբից ի վեր ցուցաբերվում է ստեղծված իրավիճակով պայմանավորված:

Ադրբեջանը  լուրջ սպառնալիք է հայկական պետականության համար, ամեն օր   սահմանին հնչող կրակոցները  չեն խոսում, այսպես կոչված, խաղաղության օրակարգի հետ:

Նման բովանդակության բանաձևի ընդունումը կարևոր քայլ է նաև տարածաշրջանային անվտանգության տեսանկյունից, քանի որ Ադրբեջանի ծավալապաշտական քաղաքականությունը լուրջ վտանգներ է ստեղծում:

Երախտագիտություն ենք հայտնում Ֆրանսիայի մեր գործընկերներին սկզբունքային դիրքորոշման համար»:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 30-ին Ֆրանսիայի Ազգային ժողովը միաձայն ընդունել է Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձև:

Ֆրանսիայից ԱԳՆ-ից մեկնաբանել էին ընդունված բանաձևը և նշել, որ այդ բանաձևը Ֆրանսիայի կառավարության պաշտոնական դիրքորոշումը չէ և ամբողջովին անկախ որոշում է՝ համաձայն իշխանությունների տարանջատման սկզբունքի։

Ընդունված բանաձևին արձագանքել էր նաև Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ նշելով, թե  Ֆրանսիայի Ազգային ժողովի ընդունած բանաձևը ցույց է տալիս, որ պաշտոնական Փարիզն ի վիճակի չէ հանդես գալ որպես ոչ կանխակալ միջնորդ Բաքվի ու Երևանի միջև բանակցություններում: 

Ավելի ուշ Ադրբեջանի ԱԳՆ-ից հայտնեցին, որ Ադրբեջանում Ֆրանսիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Ժուլիեն Լը Լանը կանչվել է ԱԳՆ, և նրան խիստ բողոք են հայտնել՝ կապված նոյեմբերի 30-ին Ֆրանսիայի խորհրդարանի Ստորին պալատում Ադրբեջանի դեմ ընդունված բանաձևի հետ։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել