Ներքին գործերի նախարարությունը հիմնված է լինելու ժողովրդավարական արժեքային համակարգի վրա․ Կոնջորյան
17:10 - 09 դեկտեմբերի, 2022

Ներքին գործերի նախարարությունը հիմնված է լինելու ժողովրդավարական արժեքային համակարգի վրա․ Կոնջորյան

Հայաստանում տարիներ շարունակ՝ հատկապես հեղափոխությունից հետո, ընդդիմությունը բարձրաձայնել է Ներքին գործերի նախարարության ստեղծման, քաղաքացիական վերահսկողություն հաստատելու, ընդդիմության կողմից զսպումների և հակակշիռների մեխանիզմը գործարկելու հանգամանքը։ Այս մասին այսօր ԱԺ-ում՝ ՆԳՆ ստեղծման օրենսդրական փաթեթի քննարկման ընթացքում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։ 

Նրա  խոսքով՝ այստեղ իշխանությանը և ընդդիմությանը պետք է դիտարկել ոչ թե հակադրությունների համատեքստում, այլ որպես խորհրդարանական համակարգում գործընկերների․ «Մենք հաճախ խոսում ենք նախորդիվ եղած փորձից, այդ թվում՝ բացասական փորձից, բայց ես կարծում եմ՝ մի շատ կարևոր հանգամանք կա, որը տարբեր է․ նախորդ համակարգում Ներքին գործերի նախարարությունը գործել է նախագահական համակարգի պայմաններում։ Այսօր Ներքին գործերի ապագա նախարարությունը գործելու է խորրդարանական կառավարման համակարգում, որտեղ այս զսպումների և հակակշիռների մեխանիզմը ավելի լայն հնարավորություններ է տալու այս նախարարության նկատմամբ վերահսկողությունը իրականացնել  և թույլ չտալ, որ այն քաղաքականացվի»։

Կոնջորյանն ընդգծեց՝ ինստիտուտները, այդ թվում՝ ՆԳՆ-ն, հիմնված է լինելու ժողովրդավարական արժեքային համակարգի վրա։ 

Պատգամավորը ընդդիմությանը հորդորեց միասին աշխատել ու գործարկել խորրդարանական վերահսկողության համակարգը։

Նա նաև նշեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կողմ է քվեարկելու նախագծին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել