Բաքվից հայտարարում են, թե Ադրբեջանը կապ չունի Արցախի գազամատակարարման դադարեցման հետ
14:18 - 14 դեկտեմբերի, 2022

Բաքվից հայտարարում են, թե Ադրբեջանը կապ չունի Արցախի գազամատակարարման դադարեցման հետ

Ադրբեջանական «Ազերիգազ» ընկերությունը հաղորդագրություն է տարածել՝ նշելով, թե իբր ադրբեջանական կողմը կապ չունի Արցախում գազամատակարարման դադարեցման հետ։ 

«Անկասկած, դա միտված է միջազգային հանրությանը մոլորության մեջ գցելուն եւ միջազգային հանրային կարծիքը սխալ հուն մղելուն»,- ասված է հաղորդագրության մեջ։  

Ընկերությունից նշել են, թե Արցախի Հանրապետության տարածքում գազամատակարարումը իրականացվում է Հայաստանի կողմից և այն ինտեգրված չէ Ադրբեջանի գազամատակարարման համակարգում։

«Առաջիկա օրերին Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքներով անցնող հատվածում կիրականացվի տեխնիկական ստուգում։ Ինչպես հայտնի է, ներկայում ցուրտ եղանակային պայմաններով պայմանավորված՝ Ադրբեջանի այլ լեռնային եւ նախալեռնային շրջաններում տեղի են ունենում գազատարի աշխատանքի խափանումներ։ Ընդհանուր առմամբ, տեխնիկական ստուգման անցկացումը դիտարկվում է որպես քայլերից մեկը, որը նախատեսված է կայուն եւ անվտանգ գազամատակարարման ապահովման համար»,- նշված է հաղորդագրության մեջ։ 

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանություններով փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը։ Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում`անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ, նրանց մի մասը ժամանակավոր մնացել է Սյունիքի մարզում։ Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ 

Իսկ երեկ հայտնի դարձավ, որ ադրբեջանցիների կողմից խափանվել է Արցախը սնուցող գազատարի աշխատանքը: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել