Այս պահին որևէ դրական առաջընթաց չկա, միտում չկա․ Արտակ Բեգլարյանը նշեց՝ կապի մեջ է Արցախի իշխանությունների, պետնախարարի հետ
12:48 - 15 դեկտեմբերի, 2022

Այս պահին որևէ դրական առաջընթաց չկա, միտում չկա․ Արտակ Բեգլարյանը նշեց՝ կապի մեջ է Արցախի իշխանությունների, պետնախարարի հետ

ՄԱԿ գրասենյակի դիմաց նստացույց իրականացնող Արտակ Բեգլարյանը մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց, որ երեկ ՄԱԿ գրասենյակի որոշ հայ աշխատակիցներ են մոտեցել իրեն, «մասնավոր, անձնական կարծիք հայտնել», բայց պաշտոնապես ՄԱԿ-ի գրասենյակի ղեկավար կազմից արձագանք չի եղել։

Խոսելով այն մասին, թե արդյոք Հայաստանի իշխանություններից իրենց մոտեցել են, Արտակ Բեգլարյանը հիշեցրեց, որ իրենց պատվիրակությունը երեկ եղել է ԱԳՆ-ում, ներակայացրել իրենց առաջարկները՝ հանդիպումից այլ մանրամասներ չհայտնելով։

«Երբ ես հայտարարեց նստացույցի մասին, մոտեցել է նաև Էդմոն Մարուքյանը, հակիրճ զրուցել ենք, ուղղակի զորակցություն է հայտնել, և նաև որոշ պատգամավորներ ընթացքում՝ և՛ իշխանական, և՛ ընդդմադիր, մոտեցել են»,- նշեց Արցախի պետնախարարի խորհրդականը։

Նա նաև նշեց, որ սփյուռքից արձագանքներ կան, իրենք կապի մեջ են սփյուռքի տարբեր կառույցների հետ, այդ թվում՝ Հայ դատի գրասենյակի։

Արտակ Բեգլարյանն ասաց՝ տեղյակ է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն արդեն հայտարարություն է տարածել․ «Ողջունելի է, որ ՄԱԿ-ից արդեն արձագանք կա, և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մակարդակով է այդ արձագանքը։ Կարծում եմ՝ պետք է անպայման արձագանք լինի ՄԱԿ-ի՝ մարդու իրավունքների բարձր հանձնակատարի կողմից, և դա իր պարտավորությունների շրջանակներում է, քանի որ սա մարդու իրավունքների շատ լրջագույն խախտում է ու մարտահրավեր է, ու հումանիտար աղետի առջև է կանգնած Արցախի բնակչությունը»։

Նա նշեց, որ իր պահանջն է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն անդրադառնա իրավիճակին և «ավելի երկարաժամկետ միջազգային երաշխիքներ ապահովի Արցախի համար»։

«Մեզ համար, մեր ժողովրդի համար կարևորն այն է, որ ՄԱԿ-ը հարցին լուծում տա․ այս պահին կարճաժամկետ հումանիտար խնդիրներին և անվտանգային խնդրներին լուծում տա և երկարաժամկետ մեր անվտանգության, իրավունքների և հակամարտության ամբողջական, արդարացի կարգավորման հարցին լուծում տա»,- նշեց Արտակ Բեգլարյանը։

Նա նշեց՝ նստացույցը կշարունակվի այնքան, մինչև ճանապարհը բացվի ողջամիտ պայմաններով։

«Չեմ բացառում, որ նստացույցից բացի՝ այլ բողոքի ակցիաներ, բողոքի ձևեր էլ կկիրառեմ։ Երբեմն՝ ավելի խիստ»,- ասաց Բեգլարյանը։

Արտակ Բեգլարյանի խոսքով՝ ինքը կապի մեջ է Արցախի իշխանությունների, պետնախարար Ռուբեն Վարդանյանի հետ․ «Ըստ կարիքի՝ իրավիճակի մասին տեղեկանում ենք, նաև համաձայնեցնում ենք որոշակի հայտարարություններ, որոշակի ուղերձներ, որպեսզի նույն ուղղությամբ շարժվենք։ Որոշակի քննարկումներ, հաղորդակցություն կա, բայց այս պահին որևէ դրական առաջընթաց չկա, միտում չկա»։

Անդրադառնալով Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերին, որոնք Ադրբեջանական սադրանքի հետևանքով կտրված են Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտից՝ Բեգլարյանը նշեց․ «Այդ գյուղերի մասով  մի քիչ առանձնահատուկ է իրավիճակը․ ռուս խաղաղապահների աջակցությամբ որոշակի աջակցություն ուղարկվում է այնտեղ, այսինքն՝ որոշակի մուտք կա ռուս խաղաղապահների աջակցությամբ»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել