Առկա իրավիճակը երեխաների հիմնարար իրավունքների, այդ թվում՝ կրթության իրավունքի խախտում է․ Ժաննա Անդրեասյան
10:52 - 17 դեկտեմբերի, 2022

Առկա իրավիճակը երեխաների հիմնարար իրավունքների, այդ թվում՝ կրթության իրավունքի խախտում է․ Ժաննա Անդրեասյան

Արցախում առկա իրավիճակով պայմանավորված՝ նշանակման պահից մշտական կապի մեջ եմ Արցախի ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Հասմիկ Մինասյանի հետ՝ Արցախի երեխաների կրթության ապահովման հարցով։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ արցախցի շուրջ 300 երեխաներ գտնվում են Հայաստանի Հանրապետությունում և Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի փակ լինելու հետևանքով չեն կարողանում ընտանիք վերադառնալ։

«Հայաստանում գտնվող երեխաների կրթության շարունակականությունն ապահովելու նպատակով Սյունիքի մարզպետարանի հետ աշխատանք ենք տանում՝ նրանց դասերը ժամանակավորապես տեղի դպրոցներում կազմակերպելու ուղղությամբ։

Առկա իրավիճակը մարդասիրական ճգնաժամ է և երեխաների հիմնարար իրավունքների, այդ թվում՝ կրթության իրավունքի խախտում։

Խնդրի առնչությամբ համապատասխան նամակներով դիմել եմ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի` ՅՈՒՆԻՍԵՖ-ի գլխավոր քարտուղարին և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարին»։ 

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը` շրջափակման մեջ դնելով Արցախի 120.000 բնակիչների։ 1100 քաղաքացիական անձինք, այդ թվում՝ 270-ը անչափահասներ, չեն կարողանում վերադառնալ Արցախ, նրանց մի մասը ժամանակավոր մնացել է Սյունիքի մարզում։ Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Ադրբեջանը դեկտեմբերի 13-ից խափանել էր նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը: Դեկտեմբերի 16-ին գազամատակարարումը վերականգնվել է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել