Լաչինի միջանցքի շրջափակումը Ադրբեջանի կողմից նախապես ծրագրված գործողություն է․ ԱԳՆ խոսնակ
11:22 - 23 դեկտեմբերի, 2022

Լաչինի միջանցքի շրջափակումը Ադրբեջանի կողմից նախապես ծրագրված գործողություն է․ ԱԳՆ խոսնակ

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղարը իր թվիթերյան միկրոբլոգում անդրադարձել է Լաչինի միջանցքում ստեղծված իրադրությանը։ Նա նշել է, որ Լաչինի միջանցքի փակումը Ադրբեջանը նախապես է ծրագրել։

«Ադրբեջանի գործողությունների համակարգված բնույթը, ներառյալ քաղաքացիական բնակչության և կարևոր ենթակառուցվածքների թիրախավորած նախորդ միջադեպերը ևս մեկ ապացույց են, որ Լաչինի միջանցքի շրջափակումը Ադրբեջանի կողմից նախապես ծրագրված գործողություն է՝ խաղաղ բնակչությանը վնաս պատճառելու և Լեռնային Ղարաբաղում լայնածավալ հումանիտար ճգնաժամ ստեղծելու նպատակով»,- նշել է ՀՀ ԱԳՆ խոսնակը։

Դեկտեմբերի 12-ից մինչ օրս Ադրբեջանը շարունակում է փակ պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը: Դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանություններով փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ շրջափակման մեջ դնելով Արցախի 120.000 բնակիչների։ 1100 քաղաքացիական անձինք, այդ թվում՝ 270-ը անչափահասներ, չեն կարողանում վերադառնալ Արցախ, նրանց մի մասը ժամանակավոր մնացել է Սյունիքի մարզում։ Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։

Ադրբեջանը դեկտեմբերի 13-ից խափանել էր նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը: Դեկտեմբերի 16-ին գազամատակարարումը վերականգնվել է:

Լուսանկարը՝ արգելափակված Լաչինի միջանցքից/ադրբեջանական Report.az-ի


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել