Հրապարակում հնչում էին տոնական երգեր, այնինչ Երևանի քաղաքապետարանը պետք է այս օրերին հնչեցնի նաև արցախյան թեմատիկայով երգեր՝ ի զորակցություն Արցախի ժողովրդի․ Արտակ Բեգլարյան
23:00 - 25 դեկտեմբերի, 2022

Հրապարակում հնչում էին տոնական երգեր, այնինչ Երևանի քաղաքապետարանը պետք է այս օրերին հնչեցնի նաև արցախյան թեմատիկայով երգեր՝ ի զորակցություն Արցախի ժողովրդի․ Արտակ Բեգլարյան

Այսօր, Ստեփանակերտի հանրահավաքին զուգահեռ, Երևանում արցախցի երիտասարդների կողմից ինքնաբուխ հավաք կազմակերպվեց, որի շրջանակներում մասնակիցները Ազատության հրապարակից երթով գնացին Հանրապետության հրապարակ. կեսից մենք էլ միացանք երթին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը։
 
«ՀՀ կառավարության առջև ներկայացվեցին հիմնական պահանջներն ու կոչերը: Այդ ընթացքում հրապարակում հնչում էին տոնական երգեր, այնինչ դրա փոխարեն Երևանի քաղաքապետարանը պետք է այս օրերին հնչեցնի նաև արցախյան թեմատիկայով երգեր՝ ի զորակցություն Արցախի ժողովրդի: Ամանոր տոնելը կարևոր է, բայց պակաս կարևոր չէ ազգային հրատապ հիմնախնդիրների հանդեպ պետական ու հանրային մշտական ուշադրության ցուցաբերումը, այլապես մեկ օր չենք կարողանալու տոնել նույնիսկ Ամանորը»:
 
Բեգլարյանը հայտնել է նաև, որ վաղը՝ դեկտեմբերի 26-ին՝ ժամը 19:00-ին, պլանավորվում է Արցախի զորակցության ու իրազեկման հավաք ու երթ Երևանի Ազնավուրի հրապարակում («Մոսկվա» կինոթատրոնի դիմաց)։
 

Դեկտեմբերի 12-ից մինչ օրս Ադրբեջանը շարունակում է փակ պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը: Դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանություններով փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը` շրջափակման մեջ դնելով Արցախի 120.000 բնակիչների։ 1100 քաղաքացիական անձինք, այդ թվում՝ 270-ը անչափահասներ, չեն կարողանում վերադառնալ Արցախ, նրանց մի մասը ժամանակավոր մնացել է Սյունիքի մարզում։ Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։

Ադրբեջանը դեկտեմբերի 13-ից խափանել էր նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը: Դեկտեմբերի 16-ին գազամատակարարումը վերականգնվել է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել