ԱՄՆ-ն կոչ է անում լիարժեքորեն վերականգնել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով |armenpress.am|
10:43 - 05 հունվարի, 2023

ԱՄՆ-ն կոչ է անում լիարժեքորեն վերականգնել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի փակումը շարունակում է մտահոգել Միացյալ Նահանգներին։ Այս մասին ասաց ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը՝ մեկնաբանելով Ադրբեջանի գործողությունները, որոնք Արցախում հանգեցրել են ծանր հումանիտար հետևանքների։

«Մենք շարունակում ենք մտահոգված մնալ Լաչինի միջանցքի հասանելիության խաթարման և ստեղծված իրավիճակի հումանիտար հետևանքների առնչությամբ։ Սա խոչընդոտում է խաղաղության գործընթացը և խաթարում է միջազգային վստահությունը»,- նշեց պետդեպի խոսնակը։

Անդրադառնալով իրադրության հանգուցալուծման տարբերակներին՝ Փրայսն ասաց. «Մենք կոչ ենք անում լիարժեքորեն վերականգնել ազատ տեղաշարժը միջանցքով։ Ցանկացած հարցում առաջընթացի միակ ճանապարհը բանակցություններն են»։  

2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է հայտնվել Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։ 1100 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 270 անչափահաս, չի կարողանում Հայաստանից վերադառնալ Արցախ։

Շրջափակման պատճառով Հայաստանից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ, ինչի հետևանքով առկա է սննդի, դեղորայքի պակաս:

350 հիվանդ չի կարողանում բուժում ստանալ Հայաստանում: 12 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում, 12 բուժառու՝ վերակենդանացման բաժանմունքում․ 5-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Այս օրերի ընթացքում շտապ բուժօգնության կարիք ունեցող 10 հայ և 4 օտարերկրացի է միայն Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել Հայաստան, իսկ Արցախում բուժօգնության կարիք ունեցող և ծանր վիճակում գտնվող հիվանդներից մեկը մահացել է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել