armenpress.am: Աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը սոցիալական ցանցերի իր էջերում անդրադարձել է Լաչինի միջանցքի շրջափակմանը:
Twitter-ի իր էջում Թանկյանը հրապարակել է օրեր առաջ TYT հեռուստաընկերությանը տված իր հարցազրույցը, որտեղ նա խոսում է Ադրբեջանի կողմից Արցախի անօրինական շրջափակման մասին: Թանկյանը նշում է, որ մարդասիրական իրավիճակը գնալով վատթարանում է: Ըստ նրա՝ ժամանակն է, որ ԱՄՆ նախագահը և ԱՄՆ իշխանություններն ուղղակի ճնշում գործադրեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վրա:
Facebook սոցիալական ցանցում Թանկյանը շնորհակալություն է հայտնել Լոս Անջելեսի քաղաքապետ Քերըն Բասին և քաղաքային խորհրդի նախագահ Փոլ Գրեգորյանին, որոնք պաշտոնական գրությամբ դիմել էին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ կոչ անելով օգնության հասնել Արցախի ժողովրդին:
Instagram-ի, Facebook-ի և Twitter-ի իր էջերում աշխարհահռչակ երաժիշտը կոչ է արել բոլորին իրենց սոցիալական էջերում տարածել Արցախի դրոշը՝ ի նշան արցախահայերի աջակցության, որոնք «Ադրբեջանի բռնապետի կողմից անօրինական շրջափակման պատճառով հայտնվել են հումանիտար աղետի շեմին»:
«Մինչ Ադրբեջանի կողմից ցեղասպանական շրջափակումը շարունակվում է 24 օր, Արցախի հայկական Հանրապետությունը և նրա քաղաքացիները զրկված են առաջին անհրաժեշտության պարագաներից և պարենից: Տարածե՛ք այս դրոշը՝ ի աջակցություն Արցախի: Ալիևը և Ադրբեջանի կառավարությունը չեն ցանկանում, որ գոյություն ունենան այս դրոշը և այն ներկայացնող մարդիկ, այնպես որ, տարածե՛ք այն: Տարածե՛ք իրազեկություն, կրթե՛ք, կազմակերպե՛ք և համախմբվե՛ք՝ հանուն Արցախի: Գործողություննե՛ր ձեռնարկեք Ալիևի՝ էթնիկ զտման վերջին ջանքերի դեմ», - նշված է գրառման մեջ:
comment.count (0)