Հաջորդ շաբաթ արդեն Ներքին գործերի նախարար և փոխնախարարներ կնշանակենք․ Փաշինյան
11:58 - 05 հունվարի, 2023

Հաջորդ շաբաթ արդեն Ներքին գործերի նախարար և փոխնախարարներ կնշանակենք․ Փաշինյան

Կառավարությունը այսօրվա նիստի ընթացքում ընդունեց նախագիծ, որով  արդեն իսկ ստեղծված Ներքին գործերի նախարարության ենթակայությանը կհանձնվեն Ոստիկանությունը, Փրկարար ծառայությունը և Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը՝ ըստ այդմ ուժը կորցրած ճանաչելով Արտակարգ իրավիճակների նախարարությանը վերաբերող ենթակետը և Միգրացիոն ծառայությանը վերաբերող պարբերությունը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ նախարարությունը ձևավորման փուլում է գտնվում և հաջորդ շաբաթ արդեն նախարար և փոխնախարարներ կնշանակեն․

«Սա շատ կարևոր ու մասշտաբային փոփոխություն է մի քանի ուղղություններով։ Առաջինը՝ մենք 2018 թ․-ից շարունակաբար որդեգրել ենք նախարարությունների և ընդհանրապես կառավարության կառուցվածքը օպտիմիզացիայի ենթարկելու քաղաքականություն, և այս որոշումը այդ քաղաքականության դրսևորումներից մեկն է՝ չնայած որ ԱԻՆ-ը դեռևս 4 ամիս կշարունակի գոյություն ունենալ՝ նաև այս ընթացքը անցնցում ապահովելու համար»։ 

Փաշինյանի խոսքով՝ Ոստիկանության պետը և Փրկարար ծառայության պետը միևնույն ժամանակ կլինեն Ներքին գործերի նախարարի տեղակալներ․ «Նաև Ներքին գործերի նախարարը կունենա երկու քաղաքացիական տեղակալ։ Նրանցից մեկը կզբաղվի ոստիկանության և ներքին գործերի համակարգի ռազմավարությունների մշակմամբ, իսկ մյուս նախարարի տեղակալը կզբաղվի քաղաքացիական մի հատվածի գործունեությունը համակարգելով։ Շատ կարևոր է ընդգծել Միգրացիայի և քաղաքացիության ծառայության առանձնահատկությունը։  Մենք մինչև հիմա Ոստիկանության համակարգում գոյություն ունեցող Անձնագրային և վիզաների վարչությունը միացնում ենք միգրացիայի ծառայությանը և, ըստ էության, այդ ծառայությունը դարձնում ենք բնույթով քաղաքացիական, որովետև դա իսկապես քաղաքացիական ծառայությունների մատուցում է»։

Հիշեցնենք, որ անցած տարվա դեկտեմբերի 16-ին Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունեց ««Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով նախատեսվում էր Հայաստանում Ներքին գործերի նախարարություն ստեղծել։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել