ՀՅԴ Բյուրոն իր անվերապահ աջակցությունն է հայտնել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն՝ հայտարարելով, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կողքին է՝ հանուն հայ ժողովրդի հավաքական իղձերի և Հայոց պետականության զորացման։ ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Այսօր, երբ հավաքական հայ ժողովուրդն անվտանգային լրջագույն մարտահրավերներ է դիմագրավում, երբ հաղթահարված չեն Հայաստանին և հայ ժողովրդին ուղղված գոյութենական սպառնալիքները, երբ ազգային համախմբումն ու միասնականությունը կենսական անհրաժեշտություն են, իշխող վարչախումբը բացահայտ արշավ է սկսել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, նրա Ազգընտիր Հայրապետի և Եպիսկոպոսաց դասի նկատմամբ։
Մեր ինքնության կարևորագույն հիմքերից մեկի նկատմամբ վարչախմբի արգահատելի նպատակադրումներն ու հռետորաբանությունն ակնհայտորեն ապազգային են և հակասահմանադրական։
Աներկբա է, որ զազրելի ցեխարձակումները համընկան արտաքին հարթակներում ազգային շահերի և արցախահայության իրավունքների պաշտպանության ուղղությամբ ՀԱԵ նախաձեռնությունների հետ։
Ակնհայտ է նաեւ, որ իշխանությունների ոտնձգություններն հունավորվեցին թշնամի երկրի «կրոնապետի» անբարո և ստահոդ հայտարարություններին, ինչպես նաև որոշ շրջանակների կողմից Հայաստանում կրոնական ազատությունների թեման շահարկելու, Հայոց ազգային եկեղեցու սահմանդրորեն ամրագրված պատմական առաքելությունն ու կարգավիճակը խաթարող նպատակադրումներին զուգահեռ։
Հայ ժողովրդի կյանքում Հայ եկեղեցու պատմական բացառիկ դերակատարությունը չարժևորելն ու վերջինիս թիրախավորելը ոչ միայն թշնամական շահեր է սպասարկում, այլև խորացնում է երկրում տիրող արժեքային ճգնաժամը, թուլացնում մեր հավաքական դիմադրողականությունը, նսեմացնում հավատավոր հայ ժողովրդի նվիրական զգացումներն ու արժանապատվությունը։
ՀՅԴ Բյուրոն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն, խստորեն դատապարտում է իշխող վարչախմբի՝ Հայ Եկեղեցու նկատմամբ քայքայիչ, հակապետական գործողությունները և հայտարարում է, որ համահայկական կառույցի ողջ կարողականությամբ և միակամությամբ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կողքին է՝ հանուն հայ ժողովրդի հավաքական իղձերի և Հայոց պետականության զորացման»,- ասված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տևական ժամանակ է ֆեյսբուքյան գրառումներով թիրախավորում է Հայ առաքելական եկեղեցու սպասավորներին, մասնավորապես՝ անդրադառնալով կուսակրոնության ուխտին։ Վերջին մի քանի օրերի գրառումները վերաբերում են Ամենայան Հայոց Կաթողիկոսին և նրա զավակն ունենալուն՝ պնդելով, որ կաթողիկոսը պետք է հեռանա Վեհարանից։ Մայիսի 10-ին էլ Նիկոլ Փաշինյանը առաջարկեց ստեղծել Համակարգող խումբ՝ Վեհարանն ազատելու և կաթողիկոսական նոր ընտրությունների օրակարգի կազմակերպչական հարցերի համար։
Գերագույն հոգևոր խորհուրդը այս ընթացքում վարչապետի հայտարարություններին անդրադարձել է մեկ անգամ՝ կոչ ուղղելով իրավասու պետական մարմիններին՝ կասեցնել վարչապետի անօրինական և անհեռատես քաղաքականությունը․ «Հարկ չկա Եկեղեցին ներքաշելու արհեստական օրակարգերի մեջ և մղելու հակադարձման գործողությունների։ Եկեղեցու հարցերը լուծվում են եկեղեցական կարգերի ու կանոնների համաձայն և դուրս են պետական և քաղաքական գործիչների իրավասությունից։ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին մեկ ամբողջություն է իր հավատացյալ զավակներով և զինվորագրյալ հոգևորականներով՝ ի գլուխ ունենալով ազգընտիր Ամենայն Հայոց Հայրապետին»,- նշված է հաղորդագրության մեջ։
comment.count (0)