Գուտերիշը կոչ է անում ապահովել Լաչինի միջանցքով ազատ ու անվտանգ տեղաշարժը   |armenpress.am|
10:19 - 10 հունվարի, 2023

Գուտերիշը կոչ է անում ապահովել Լաչինի միջանցքով ազատ ու անվտանգ տեղաշարժը |armenpress.am|

armenpress.am: Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը վերահաստատում է իր կոչը՝  ապահովելու Լաչինի միջանցքով ազատ ու անվտանգ տեղաշարժը։ Այս մասին ասաց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։

«Գլխավոր քարտուղարը ներկա իրավիճակի վերաբերյալ իր մտահոգությունները հայտնել է 2022 թվականի դեկտեմբերի 14-ի իր հայտարարության մեջ։ Այս մտահոգությունները Քարտուղարության կողմից բարձրաձայնվել են նաև 2022 թվականի դեկտեմբերի 20-ին Հայաստանի հայցով հրավիրված Անվտանգության խորհրդի արտակարգ նիստի ընթացքում։ Գլխավոր քարտուղարը վերահաստատում է իր կոչերը՝ դեէսկալացիայի ենթարկել լարվածությունը և ապահովել միջանցքով ազատ ու անվտանգ տեղաշարժը՝ համաձայն ավելի վաղ ձեռք բերված համաձայնությունների, նա իր աջակցությունն է հայտնում միջնորդական ջանքերին»,-  «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան նշեց Դյուժարիկը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքն արդեն չորս շաբաթ փակ պահելու փաստին, ինչի հետևանքով իրական հումանիտար ճգնաժամ է սկսվել Արցախում, որտեղ շուրջ 120 հազար բնակիչներ հայտնվել են շրջափակման մեջ։ 

«ՄԱԿ-ի ներկայացուցչությունները Հայաստանում և Ադրբեջանում շարունակում են տեղում բաց պահել կապն իշխանությունների և միջազգային կազմակերպությունների հետ ու պատրաստ են արձագանքել, եթե լինի դիմում և թույլ տան պայմանները»,- հայտնեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակը։ 

2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է հայտնվել Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։ 1100 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 270 անչափահաս, չի կարողանում Հայաստանից վերադառնալ Արցախ։

Շրջափակման պատճառով Հայաստանից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ, ինչի հետևանքով առկա է սննդի, դեղորայքի պակաս:

350 հիվանդ չի կարողանում բուժում ստանալ Հայաստանում: 13 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում, 13 բուժառու՝ վերակենդանացման բաժանմունքում․ 6-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Այս օրերի ընթացքում շտապ բուժօգնության կարիք ունեցող 13 հայ և 4 օտարերկրացի է միայն Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել Հայաստան, իսկ Արցախում բուժօգնության կարիք ունեցող և ծանր վիճակում գտնվող հիվանդներից մեկը մահացել է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել