Կարմիր խաչը կողմերի հետ քննարկում է նաև Արցախ տեղափոխել երեխաներին, որոնք չեն կարողանում վերադառնալ Արցախ՝ իրենց ծնողների մոտ․ Զառա Ամատունի |hraparak.am|
11:04 - 17 հունվարի, 2023

Կարմիր խաչը կողմերի հետ քննարկում է նաև Արցախ տեղափոխել երեխաներին, որոնք չեն կարողանում վերադառնալ Արցախ՝ իրենց ծնողների մոտ․ Զառա Ամատունի |hraparak.am|

hraparak.am: «Ճանապարհի փակման առաջին իսկ օրվանից Կարմիր խաչի միջազգային կոմիտեն առաջարկել է իր ծառայությունները և շարունակում է կոնֆիդենցիալության սկզբունքով հարցեր քննարկել կողմերի հետ։ Բայց որոշում կայացնելը՝ ինչ տանել ու ինչքան, մեր ձեռքում չէ և պետք է համաձայնեցված լինի կողմերի հետ»,- «Հրապարակին» հայտնեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

Այս ընթացքում Կարմիր խաչի ջանքերով 30 հիվանդ է Արցախից տեղափոխվել Հայաստան և ՀՀ կառավարության կողմից դեղորայքով բեռնված 2 բեռնատար։ Մեկը՝ դեկտեմբերի 25-ին, մյուսը՝ հունվարի 15-ին։ Նաև սննդային փաթեթներ են բաժանել արցախցիներին։

«Տարվել է մանկական սնունդ, սնունդ հիվանդանոցների համար, իսկ մեր աշխատակիցները Ստեփանակերտում հունվարի 6-ին տեղի մեր հնարավորություններից բաշխել են ցերեկային խնամքի մանկական կենտրոններին, տարեցներին և մի քանի հիվանդանոցների փոխանցել ենք մեկ ամսվա սպառման սննդային փաթեթներ, որոնք այնտեղ կարող են օգտագործվել խոհանոցներում»,- ասաց Զառա Ամատունին։

«Մենք այս ամենը կարող ենք անել, սակայն պետք է լինի համաձայնեցում։ Իրավիճակն այնպիսին չէ, որ կողմերի հետ հեշտությամբ գտնենք հնարավոր տարբերակները։ Տարբեր նախաձեռնություններ ընթացքի մեջ են»,- ասում է Զառա Ամատունին։

Հարցին՝ չի՞ կարող արդյոք Կարմիր խաչն Արցախ տեղափոխել այն երեխաներին, որոնք շրջափակումից առաջ եկել էին Հայաստան ու այժմ չեն կարողանում մեկնել տուն, իրենց ծնողների մոտ, և Արցախի այն բնակիչներին, որոնք մնացել են Հայաստանում, ընտանիքներից հեռու, Ամատունին պատասխանեց․ «Կարող ենք աջակցել։ Այս հարցը ևս կողմերի հետ քննարկվում է»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել