Արցախում դադարեցվել է գազամատակարարումը. Մեսրոպ Առաքելյան
13:20 - 17 հունվարի, 2023

Արցախում դադարեցվել է գազամատակարարումը. Մեսրոպ Առաքելյան

Արցախի պետնախարարի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան կր էջում գրել է.

«Արցախում դադարեցվել է գազամատակարարումը։ Ադրբեջանը շարունակում է Արցախի հայաթափմանն ուղղված գործողությունները»։

«Արցախգազ» ՓԲ ընկերությունը հայտնում է, որ Արցախի հանրապետությունում գազամատակարարումը դադարեցվել է ժամը 13։00-ի դրությամբ:

Արցախի տեղեկատվական շտաբի հաղորդմամբ՝ «Ադրբեջանը կրկին արգելափակել է  Հայաստանից Արցախը սնուցող միակ գազատար խողովակը՝ Արցախի բնակչությանը զրկելով  բնական գազի օգտագործման հնարավորությունից»։

2022թ․ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը ՀՀ-ին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։ 1100 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 270 անչափահաս, չի կարողանում ՀՀ-ից վերադառնալ Արցախ։

Շրջափակման պատճառով ՀՀ-ից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ․ առկա է սննդի, դեղորայքի պակաս:

13 երեխա նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում է, 9 բուժառու՝ վերակենդանացման բաժանմունքում․ 5-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Այս օրերի ընթացքում շտապ բուժօգնության կարիք ունեցող 28 հայ և 4 օտարերկրացի է միայն Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել ՀՀ, իսկ Արցախում հիվանդներից մեկը մահացել է:

Հունվարի 10-ից վթարի պատճառով Արցախում էլեկտրամատակարարումը կատարվում է հովհարային անջատումների չորսժամյա գրաֆիկով։

Այսօրվանից Արցախում սկսվում է սննդամթերքի կտրոնների տրամադրումը։

Արցախը շրջափակման մեջ է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել