Գարեգին Պողոսյանը նշանակվել է 2-րդ բանակային կորպուսի հրամանատար
16:58 - 19 հունվարի, 2023

Գարեգին Պողոսյանը նշանակվել է 2-րդ բանակային կորպուսի հրամանատար

ՀՀ նախագահի հրամանագրով Գարեգին Պողոսյանը նշանակվել է 2-րդ բանակային կորպուսի հրամանատար։ Այս մասին նշվում է ՀՀ նախագահի հրամանագրում, որը ստորագրվել է այսօր։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝

Գարեգին Պողոսյանին նշանակել 2-րդ բանակային կորպուսի հրամանատար»,- ասվում է հրամանագրում։

2020 թվականի հոկտեմբերի 22-ին Հայաստանի նախագահը հիմք ընդունելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությունը, Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում մատուցած բացառիկ ծառայությունների, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած անձնվիրության և արիության համար գնդապետ Գարեգին Պողոսյանին պարգևատրել է Հայրենիքի շքանշանով՝ շնորհելով Հայաստանի ազգային հերոս կոչումը։

Նշենք, որ նախագահի հրամանագրով այսօր պաշտոնից ազատվել է Վահրամ Գրիգորյանը՝ 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը։ 

Հունվարի լույս 19-ի գիշերը՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Զոհվել է 15 զինծառայող, 3-ի վիճակը ծանր է։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրի 532-րդ հոդվածի 4-րդ մասով․ այն է՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոնների խախտում, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի անձանց մահ։ 

Դեպքի առիթով պաշտոնանկություններ են եղել նաև ՊՆ-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել