Մինչ այս պահը միայն ԿԽՄԿ-ն ու ՌԴ խաղաղապահ զորակազմն ունեն Արցախ ելք և մուտք իրականացնելու հնարավորություն. Արցախի տեղեկատվական շտաբ
17:52 - 20 հունվարի, 2023

Մինչ այս պահը միայն ԿԽՄԿ-ն ու ՌԴ խաղաղապահ զորակազմն ունեն Արցախ ելք և մուտք իրականացնելու հնարավորություն. Արցախի տեղեկատվական շտաբ

Արցախը շարունակում է մնալ լիակատար շրջափակման մեջ և մինչ այս պահը միայն Կարմիր խաչի միջազգային կոմիտեն ու ՌԴ խաղաղապահ զորակազմն ունեն Արցախ ելք և մուտք իրականացնելու հնարավորություն, իսկ համացանցում տարածվող ցանկացած այլ տեղեկատվություն իրականությանը չի համապատասխանում։ Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի տեղեկատվական շտաբը:

«Շուրջ 40 օր է ադրբեջանական կողմի ապակառուցողական վարքի պատճառով փակ է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ Տեղեկացնում ենք, որ շրջափակման ընթացքում Արցախ չի մատակարարվել հազարավոր տոննաներով կենսական նշանակության ապրանքներ, իսկ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից Արցախ մատակարարված ապրանքները չնչին մաս են կազմում։

Այս ընթացքում Արցախի Հանրապետության տարբեր գերատեսչություններ Հայաստանի ու Սփյուռքի մեր հայրենակիցներից, տարբեր հասարակական կազմակերպություններից ու կառույցներից բազմաթիվ հեռախոսազանգեր են ստանում՝ Արցախին հումանիտար օգնություն ուղարկելու ցանկությամբ, սակայն տեղեկացնում ենք, որ Արցախը շարունակում է մնալ լիակատար շրջափակման մեջ և մինչ այս պահը միայն Կարմիր խաչի միջազգային կոմիտեն ու ՌԴ խաղաղապահ զորակազմն ունեն Արցախ ելք և մուտք իրականացնելու հնարավորություն, իսկ համացանցում տարածվող ցանկացած այլ տեղեկատվություն իրականությանը չի համապատասխանում։

Տեղեկացնում ենք նաև, որ Արցախի պետական գերատեսչությունների հետ չհամաձայնեցված ցանկացած դրամահավաք առնվազն խնդրահարույց է, իսկ ճանապարհի արգելափակման հետևանքով ՀՀ-ում գտնվող Արցախի քաղաքացիների խնդիրներով զբաղվում է ՀՀ կառավարության կողմից ստեղծված աշխատանքային խումբը՝ Արցախի պատկան գերատեսչությունների հետ փոխգործակցությամբ»,- նշված է հայտարարության մեջ:

Լրացուցիչ հստակեցումների համար կարող եք զանգահարել Երևանում գտնվող Արցախի Հանրապետության ներկայացուցչություն՝ հետևյալ հեռախոսահամարներով. 044 249 977, 044 249 988:

Հիշեցնենք, որ 2022թ․ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը ՀՀ-ին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։ 1100 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 270 անչափահաս, չի կարողանում ՀՀ-ից վերադառնալ Արցախ։ Հունվարի 17-ին 19 երեխա ռուսական խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ Գորիս-Ստեփանակերտ ճանապարհով վերադարձել է տուն։ 

Շրջափակման պատճառով ՀՀ-ից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ․ առկա է սննդի, դեղորայքի պակաս:

13 երեխա նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում է, 9 բուժառու՝ վերակենդանացման բաժանմունքում․ 5-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Այս օրերի ընթացքում շտապ բուժօգնության կարիք ունեցող 28 հայ և 4 օտարերկրացի է միայն Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել ՀՀ, իսկ Արցախում հիվանդներից մեկը մահացել է:

Հունվարի 10-ից վթարի պատճառով Արցախում էլեկտրամատակարարումը կատարվում է հովհարային անջատումների չորսժամյա գրաֆիկով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել