Մեծ Բրիտանիայի Եվրոպայի հարցերով պետնախարարն Ադրբեջանի դեսպանի հետ հանդիպմանը շեշտել է Լաչինի միջանցքը վերաբացելու հրատապ անհրաժեշտությունը
 |armenpress.am|
12:16 - 01 փետրվարի, 2023

Մեծ Բրիտանիայի Եվրոպայի հարցերով պետնախարարն Ադրբեջանի դեսպանի հետ հանդիպմանը շեշտել է Լաչինի միջանցքը վերաբացելու հրատապ անհրաժեշտությունը |armenpress.am|

armenpress.am:  Հարկավոր է ճնշում գործադրել  հայ ռազմագերիների սպանությունների անկախ հետաքննության և Լաչինի միջանցքի վերաբացման ուղղությամբ: Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատում հարցուպատասխանի ժամանակ նման խնդիր բարձրացրեց պատգամավոր Ռուփա Հաքը:

Նախքան պատգամավորի ելույթը Մեծ Բրիտանիայի ձեռնարկած գործողությունների մասին խոսեց Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթին:

«Մենք ձգտում ենք բանակցություններին վերադառնալու և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման: Ես խոսել եմ Հայաստանի արտգործնախարար Միրզոյանի հետ հունվարի 18-ին՝ կապված հումանիտար իրավիճակի հետ: Երեկ ես հանդիպել եմ Ադրբեջանի դեսպանի հետ և շեշտել Լաչինի միջանցքը վերաբացելու հրատապ անհրաժեշտությունը», - ասաց Լեո Դոքերթին:

Նա նաև հավելեց, որ Start Fund հիմնադրամը, որի կարևոր դոնորներից մեկը Միացյալ Թագավորությունն է, 350 հազար ֆունտ ստեռլինգ է հավաքագրել ստեղծված իրավիճակից տուժածներին աջակցություն տրամադրելու համար:

Բրիտանիայի խորհրդարանի պատգամավոր Ռուփա Հաքը նշեց, որ բավարար գործողություններ չեն ձեռնարկվում Ադրբեջանին պատասխանատվություն ենթարկելու ուղղությամբ:

«Այս շրջափակումը շարունակվում է 50 օր: Դրա հետևանքով երեխաները թերսնման վտանգի առաջ են կանգնած, քանի որ նրանց չի հասնում բավարար քանակությամբ սնունդ և դեղորայք: Մենք նաև տեսել ենք, որ իրավապաշտպան կազմակերպությունները Լեռնային Ղարաբաղում արձանագրել են արտադատական սպանություններ, պահվող անձանց նկատմամբ ոտնձգություններ», - ասաց Ռուփա Հաքը:

Պատգամավորը նաև վրդովմունքով հիշեցրեց, որ ՄԹ Եվրոպայի հարցերով պետնախարարը վերջերս ակնկալիք էր հայտնել, որ Ադրբեջանի դատախազության հետաքննությունը նշանակալի արդյունքներ կտա:

«Ինչո՞ւ մենք չենք կարող ճնշում գործադրել, որպեսզի այդ սարսափելի ողբերգությունը միջազգային անկախ լուծումներ ստանա», - եզրափակեց խոսքը պատգամավորը:

Ի պատասխան՝ Լեո Դոքերթին դարձյալ կրկնեց, որ Մեծ Բրիտանիան ցանկանում է վերադարձ բանակցությունների և հակամարտության խաղաղ կարգավորում, ինչը նա կշեշտի առաջիկա ամիսներին տարածաշրջան նախատեսված այցի ժամանակ:

2022թ․ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը ՀՀ-ին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։ 1100 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 270 անչափահաս, չի կարողանում ՀՀ-ից վերադառնալ Արցախ․ 19 երեխա Գորիս-Ստեփանակերտ ճանապարհով վերադարձել է տուն։ 

ՀՀ-ից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ։

9 երեխա նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում է, 10 բուժառու՝ վերակենդանացման բաժանմունքում, 4-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում։ Այս ընթացքում շտապ բուժօգնության կարիք ունեցող 58 հայ և 4 օտարերկրացի է Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել ՀՀ։ Արցախում հիվանդներից մեկը մահացել է:

Էլեկտրաէներգիայի հովհարային անջատումներն իրականացվում են օրական 3 անգամ՝ 2 ժամ տևողությամբ։ Գործում է սննդամթերքի կտրոնային համակարգ։ 

Արցախը շրջափակման մեջ է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել