Հումանիտար հարցերին արձագանքելը շատ կարեւոր է եւ դա չանելն է սխալ. Խանդանյանը՝ Թուրքիա ուղարկված օգնության մասին
 |news.am|
10:42 - 10 փետրվարի, 2023

Հումանիտար հարցերին արձագանքելը շատ կարեւոր է եւ դա չանելն է սխալ. Խանդանյանը՝ Թուրքիա ուղարկված օգնության մասին |news.am|

news.am: Հայստանը Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորում է եւ հայտնում է, որ հարաբերությունները կարգավորում է առանց նախապայմանների, եւ դա չի նշանակում,որ դա պետք է արվի Թուրքիայի այլ երկրների հետ՝ այսինքն Ադրբեջանի հետ հարաբերությունների հաշվին արվի: Այս մասին այսօր՝ փետրվարի 9-ին, Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝ անդրադառնալով Թուրքիայի նախագահի հայտարարությանը՝ ուղղված Ադրբեջանի օգնությանը ստեղծված իրավիճակում:

Նա նշեց, որ այդ հայտարարություններն իր մոտ տարակուսանք չի առաջացնում եւ գաղտնիք չէ, որ Թուրքիան օգնել է Ադրբեջանին 44-օրյա պատերազմի ժամանակ:

Խանդանյանը խոսւափեց պատասխանել Պետրոս Ղազարյանի հակադարձմանը, որ մի բան է շնորհակալություն հայտնելը, այլ բան է հիշեցնել արցախյան պատերազմը այն ֆոնին, երբ Հայաստանը նրանց օգնություն է ուղարկում:

Խանդանյանը միայն անդրադարձավ հարցի հումանիտար կողմին՝ նշելով, որ Հայաստանը հումանիտար օգնություն է ուղարկել եւ դա բխում է մեր շահերից:

«Այդ հայտարարությունը իհարկե  ամենահաճելին չէ լսել հիմա, երկրաշարժի այս պայմաններում, բայց Ադրբեջանի եւ Թուրքիայի հարաբերությունները բոլորիս են հայտնի: Մենք օգնություն չենք ուղարկել, որ պատերազմի մեջ օգտագործեն, մենք աղետի մեջ գտնվող մարդկանց ենք ուղարկել»,-ասաց նա:

Խանդանյանը նշեց, որ տարօրինակ է, որ այս հարցը լայն քննարկման առարկաէ դարձել:

«Ինձ թվում է անկախ ամեն ինչից եւ ինձ համար շատ տարօրինակ է այդ խոսակցությունը՝ ինչու մարդասիրական օգնություն ուղարկվեց, ինչու ցավակցություն հայտնվեց, ինձ թվում է միջազգային հարաբերությունների հարցերից անդին հումանիտար հարցերին արձագանքելը շատ կարեւոր է եւ դա չանելն է սխալ, այստեղ երկրորդ միտք չի կարող լինել՝ պետք  էր, թե պետք չէր: Պետք էր իհարկե, այն էլ այսպիսի աղետալի երկրաշարժի պայմաններում: Բայց իհարկե Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ընթացող երկխոսության տեսանկյունից այդ մոտիվը եւս կա, որ սա գուցե որոշակի դրական ազդակ համարվի Հայաստանի կողմից՝ նպաստելու այդ բանակցություններից»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ Թուրքիայում` Սիրիայի սահմանից ոչ հեռու, փետրվարի 6-ի գիշերը 7,8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է եղել: Թուրքիայի ու Սիրիայի բազմաթիվ քաղաքներում տեղի են ունեցել ավերվածություններ։ Կան բազմաթիվ զոհեր եւ վիրավորներ։ Գիշերվա ավերիչ երկրաշարժին Թուրքիայում հետևել են հետցնցումներ, որոնցից առավել ուժգիններից մեկը՝ 7,7 մագնիտուդով, մյուսը՝ 5,9։

Հայաստանի ներքին գործերի նախարարությունից տեղեկացրել են, որ որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցելու համար Հայաստանից Սիրիա է մեկնել 29, Թուրքիա՝ 27 փրկարար:  


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել