Սեդրակ Առուստամյանը պահանջել է սնանկ ճանաչել Գագիկ Խաչատրյանի որդիներին․ դատարանը մերժել է |factor.am|
10:59 - 10 փետրվարի, 2023

Սեդրակ Առուստամյանը պահանջել է սնանկ ճանաչել Գագիկ Խաչատրյանի որդիներին․ դատարանը մերժել է |factor.am|

factor.am: «Մուլտի Գրուպ կոնցեռն» ՍՊ ընկերության գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը պահանջում է սնանկ ճանաչել Գագիկ Խաչատրյանի որդիրներին՝ Արտյոմ և Գուրգեն Խաչատրյաններին։ Գուրգեն Խաչատրյանի վերաբերյալ դիմումը մերժվել է, և Վճռաբեկ դատարանի դատական ակտը մտել է ուժի մեջ, իսկ Արտյոմ Խաչատրյանին սնանկ ճանաչելու գործով դեռևս վերջնական դատական ակտ չի կայացվել։ Գուրգեն Խաչատրյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատական ակտում մանրամասներ են ներկայացված սնանկության վերաբերյալ դիմումի և դրա ընթացքի մասին։

Այսպես՝ 2021 թվականի ապրիլի 7-ին Սեդրակ Առուստամյանը դիմում է ներկայացրել Սնանկության դատարան Գուրգեն Խաչատրյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին։ Առուստամյանը դիմումով հայտնել է, որ 2009 թվականի հուլիսի 9-ին իր և Գուրգեն ու Արտյոմ Խաչատրյանների միջև կնքվել է փոխառության պայմանագիր։ Փոխատուն՝ Սեդրակ Առուստամյանը փոխառուների՝ Գուրգեն և Արտյոմ Խաչատրյանների սեփականությանն է հանձնել  7.000.000 ԱՄՆ դոլար, փոխառության գումարը, որն, ըստ պայմանագրի, պետք է վերադարձվեր մինչև 2010 թվականի հուլիսի 30-ը։ 2010 թվականի հուլիսի 29-ին Առուստամյանի և Խաչատրյան եղբայրների միջև կնքված համաձայնագրով փոխառության գումարի վերադարձման ժամկետը փոփոխվել է և սահմանվել է մինչև 2015 թվականի հուլիսի 30-ը, իսկ  2015 թվականի հուլիսի 28-ին 2-րդ համաձայնագրով փոխառության գումարի վերադարձման ժամկետը փոփոխվել է և սահմանվել է մինչև 2019 թվականի հուլիսի 30-ը:

2011 թվականի ապրիլի 30-ին Սեդրակ Առուստամյանի,Գուրգեն Խաչատրյանի ու Արտյոմ Խաչատրյանի միջև կնքվել է փոխառության ևս մեկ պայմանագիր․ Առուստամյանը Խաչատրյաններին փոխառությամբ 10.000.000 ԱՄՆ դոլար գումար է տվել, որը պետք է վերադարձվեր մինչև 2016 թվականի ապրիլի 30-ը։ 2016 թվականի ապրիլի 20-ին Առուստամյանի և Խաչատրյանների միջև կնքված համաձայնագրով փոխառության գումարի վերադարձման ժամկետը փոփոխվել է և սահմանվել է մինչև 2019 թվականի ապրիլի 30-ը:

2011 թվականի հուլիսի 10-ին Սեդրակ Առուստամյանի և  Խաչատրյանների միջև  կնքվել է ևս մեկ փոխառության պայմանագիր, այս անգամ՝ 13.400.000 ԱՄՆ դոլարի չափով, և գումարը վերադարձնելու ժամկետ է սահմանավել  2016 թվականի հուլիսի 10-ը,  բայց այս ժամկետը ևս երկարացվել է  մինչև 2019 թվականի հուլիսի 10-ը:

Փոխառության պայմանագրերով նախատեսված՝ փոխառության գումարների վերադարձման ժամկետները, փաստացի, լրացել են համապատասխանաբար՝ 2019 թվականի հուլիսի 30-ին, 2019 թվականի ապրիլի 30-ին և 2019 թվականի հուլիսի 10-ին, սակայն Գուրգեն և Արտյոմ Խաչատրյաններն, ըստ Առուստամյանի դիմումի, չեն կատարել գրավոր գործարքներով՝ փոխառությունների պայմանագրերով նախատեսված իրենց պարտավորությունները։

2021 թվականի փետրվարի 1-ին Առուստամյանը փոստային առաքմամբ ծանուցում է ուղարկել պարտապան Գուրգեն Խաչատրյանին և Արտյոմ Խաչատրյանին, որով առաջարկվել է  ծանուցումն ստանալուց 10-օրյա ժամկետում վերադարձնել փոխառությունների գումարները և վճարել հաշվարկված տոկոսները ՝ 41.000.000 ԱՄՆ դոլար, սակայն փոստային առաքանիները վերադարձվել են:

Դատարան ներկայացրած դիմումով, վկայակոչելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածը,  Սեդրակ Առուստամյանը նշել է, որ տվյալ դեպքում պարտապանի վճարային պարտավորությունները գերազանցում են հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի չափը, վճարային պարտավորությունների կետանցն ավելի է 90 օրից, վճարային պարտավորություններն անվիճելի են, քանի որ պահանջը հիմնված է գրավոր գործարքների՝ փոխառության պայմանագրերի վրա։ Առուստամյանը նշել է, որ  պարտապան Գուրգեն Խաչատրյանի ընդհանուր պարտքը կազմում է 21.122.000 ԱՄՆ դոլար՝ 15.200.000 ԱՄՆ դոլար՝ փոխառության գումար + 5.922.000 ԱՄՆ դոլար՝ փոխառության պայմանագրի տոկոսներ: Վերոգրյալի հիման վրա Առուստամյանը խնդրել է Գուրգեն Խաչատրյանին ճանաչել սնանկ:

Գուրգեն Խաչատրյանի ներկայացուցիչը դատարան ներկայացրած առարկություններով նշել է, որ Գուրգեն Խաչատրյանին սնանկ ճանաչելու դիմումը կարող է բավարարվել միայն այն դեպքում, երբ հաստատված համարվի, որ Գուրգեն Խաչատրյանը Սեդրակ Առուստամյանի նկատմամբ փոխառության հիման վրա ունի 2 մլն դրամը գերազանցող անվիճելի վճարային պարտավորություն, այդ պարտավորությունը կետանցվել է 90 կամ ավելի օրով: Ներկայացուցիչը նշել է նաև, որ հաշվի առնելով Գուրգեն Խաչատրյանի կողմից սնանկության դիմումի դեմ ներկայացրած առարկությունը, անհրաժեշտ է պարզել՝  արդյո՞ք ենթադրյալ պահանջը հիմնված է գրավոր գործարքի վրա, և արդյո՞ք Գուրգեն Խաչատրյանը չունի բավարար հիմքեր՝ առարկելու դրա դեմ: Խաչատրյանի  ներկայացուցիչը հայտնել է, որ Գուրգեն Խաչատրյանը  չի ընդունում, որ Սեդրակ Առուստամյանի նկատմամբ ունի որևէ դրամական պարտավորություն, իսկ դիմումատուն իր դիմումին կից չի ներկայացրել որևէ վերաբերելի կամ թույլատրելի ապացույց, օրինակ՝ փոխառության պայմանագիր, ստացական, որով կարող է հաստատվել վճարային պարտավորության և դրա կետանցի առկայությունը, ինչպես նաև իր ենթադրյալ պահանջի՝ գրավոր գործարքի վրա հիմնված լինելը:

Ըստ Խաչատրյանի ներկայացուցչի՝  միմիայն համապատասխան ապացույցների ներկայացման պարագայում հնարավոր կլինի քննարկել սնանկության հարցը՝ հնարավորություն տալով պարտապանին ներկայացնելու անհրաժեշտ հակափաստարկներ և դրանք հիմնավորող համապատասխան ապացույցներ։ Դատարանը, քննության առնելով Սեդրակ Առուստամյանի դիմումը, այն մերժել է նշել է, որ  օրենսդիրը գրավոր ապացույցների ներկայացման համար սահմանել է որոշակի պահանջ, համաձայն որի՝ դրանք  պետք է ներկայացվեն բնօրինակով, իսկ դրա անհնարինության դեպքում՝ պատշաճ վավերացված պատճենի տեսքով, մինչդեռ այս  գործով ներկայացված ապացույցների հետազոտման արդյունքում պարզ է  դարձել, որ դիմումատուի կողմից սնանկության դիմումի հիմքում դրված փաստերը հիմնավորող «Փոխառության պայմանագիր» վերտառությամբ թվով երեք փաստաթղթերը ներկայացվել են պատճենի տեսքով, որոնք առարկվել են պարտապանի կողմից: Նման  պայմաններում դատարանը գտել է, որ  նշված փաստաթղթերը  չեն կարող գնահատվել որպես պատշաճ ապացույց, հետևաբար և հիմնավորել դիմումատուի կողմից սնանկության դիմումի հիմքում դրված փաստերը:

Դատարանը նշել է, որ սնանկության վարույթի առանձնահատկությամբ պայմանավորված՝ կարևոր է ոչ թե վճարային պարտավորության առկայությունը, այլ անվիճելի վճարային պարտավորության առկայությունը, այսինքն ցանկացած պարագայում դիմումատուն, ի թիվս այլ փաստերի, պետք է հիմնավորվի նաև վճարային պարտավորության անվիճելի լինելու հանգամանքը, իսկ ներկայացված «Փոխառության պայմանագիր» վերտառությամբ թվով երեք փաստաթղթերը՝ պատճենի տեսքով, չհանդիսանալով պատշաճ ապացույց, չեն կարող հաստատել անվիճելի վճարային պարտավորության առկայությունը,  պարտապանը բավարար հիմքեր ունի առարկելու պահանջի դեմ, հետևաբար՝ դիմումը ենթակա է մերժման: Այս վճռի դեմ Առուստամյանը բողոք է ներկայացրել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան, որը  12.11.2021 թվականի որոշմամբ Սեդրակ Առուստամյանի վերաքննիչ բողոքը բավարարել է մասնակիորեն, բեկանել է ՀՀ սնանկության դատարանի 24.06.2021 թվականի վճիռը և գործն ուղարկել է ամբողջ ծավալով նոր քննության գործում առկա բոլոր ապացույցները ՀՀ սնանկության դատարանի կողմից լրիվ և բազմակողմանի հետազոտված չլինելու և վճռում դրանց որևէ կերպ գնահատական տրված չլինելու պատճառաբանությամբ:

Գուրգեն Խաչատրյանն այս որոշման դեմ բողոք է ներկայացրել, որը ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 12.01.2022 թվականի որոշմամբ  վարույթ չի ընդունվել։ Առաջին ատյանի  դատարանում գործի նոր քննության ժամանակ 2022 թվականի մարտի 10-ին կայացած դատական նիստի ընթացքում պարտապան Գուրգեն Խաչատրյանի ներկայացուցիչները դատարան են ներկայացրել Գուրգեն և Արտյոմ Խաչատրյանների հայցադիմումն ընդդեմ Սեդրակ Առուստամյանի՝ 09.07.2009 թվականին, 10.07.2011 թվականին և 30.04.2011 թվականին կնքված փոխառության պայմանագրերի գործողությունը պարտավորությունները կատարված լինելու հիմքով դադարած համարելու պահանջի մասին՝ մուտքագրված Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում 10.03.2022 թվականին, ինչպես նաև  հայցադիմումին կցված փաստաթղթերը՝  «Հաստատում Փոխառության Գումարի Վերադարձման Վերաբերյալ» և «Դրամական միջոցների ստացման ակտ» վերտառությամբ։ Գործի քննության արդյունքում դատարանը 2022 թվականի մարտի 24-ի վճռով Սեդրակ Առուստամյանի  դիմումը բավարարել է և Գուրգեն Խաչատրյանին սնանկ է ճանաչել։

Դատական ակտի պատճառաբանություններում դատարանը նշել է, որ Գուրգեն Խաչատրյանի ներկայացուցչի կողմից չի ներկայացվել ապացույց այն մասին, որ Գուրգեն Խաչատրյանի կողմից դատարան ներկայացված հայցադիմումն ընդունվել է վարույթ, որը կհիմնավորեր դատարանում կողմերի միջև նյութաիրավական վեճի առկայությունը։

Շարունակությունը՝ factor.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել