44-օրյա պատերազմի ժամանակ Հադրութի շրջանի Այգեստան գյուղում 73 զինծառայողների զոհվելու դեպքի վերաբերյալ դատական քննությունը կընթանա գործով մեղադրյալ, ՊԲ N զորամասի նախկին հրամանատար Գոռ Իշխանյանի բացակայությամբ։ Այսպիսի որոշում այսօր կայացրեց գործով նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը՝ բավարարելով Իշխանյանի պաշտպաններ Երեմ Սարգսյանի եւ Դավիթ Կարապետյանի միջնորդությունը։
Այդ միջնորդության պատճառն այն էր, որ դատարանի դահլիճում պարբերաբար բարձրանում էր զոհված զինծառայողների ծնողների վրդովմունքն, ու նախնական դատալսումները հարթ չէին ընթանում, նրանք բարկանում ու վիրավորական արտահայտություններ էին հնչեցնում մեղադրյալի հասցեին։ Իշխանյանի պաշտպան Երեմ Սարգսյանն ասաց, որ պաշտպանյալի բացակայության պարագայում գործի քննությունն ավելի արագ կընթանա, ու կրքերը չեն բորբոքվի դահլիճում։
Երբ մեղադրող կողմը մտահոգություն հայտնեց՝ այդ դեպքում ինչպե՞ս է մեղադրյալն իրացնելու ցուցմունք տալու իր իրավունքը, պաշտպանը նշեց, որ երբ դրա անհրաժեշտությունը լինի, դատարանին համապատասխան միջնորդություն կներկայացվի։ Նշենք, որ Քրեական դատավարության օրենսգրքի 272-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանքի վերաբերյալ վարույթով դատական նիստը դատարանի որոշմամբ անցկացվում է մեղադրյալի բացակայությամբ, եթե վերջինս նախնական դատալսումների ընթացքում նման միջնորդություն է ներկայացրել։ Դատարանը կարող է առանձին դատական նիստին կամ առանձին վարութային գործողությանը մեղադրյալի մասնակցությունը պարտադիր համարել։
Դավիթ Կարապետյանը եւ Գոռ Իշխանյանը
Գոռ Իշխանյանն այս գործով միակ մեղադրյալը չէ։ Նա եւ ՊԲ օպերատիվ բաժնի նախկին պետ Նվեր Մարտիրոսյանը մեղադրվում են այն բանի համար, որ պատերազմի ընթացքում, հայտարարված ռազմական դրության պայմաններում, ենթակա անձնակազմի նկատմամբ հանդիսանալով պետ եւ պաշտոնատար անձ, իրենց ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետեւանքով չեն կատարել դրանք, ինչն անզգուշությամբ առաջացրել են ծանր հետեւանքներ։ Երկու մեղադրյալների նկատմամբ խափանման միջոց է ընտրված չբացակայելու արգելքը։
Դատարանում ներկա էին ե՛ւ Գոռ Իշխանյանը, ե՛ւ Նվեր Մարտիրոսյանը։ Այսօր, սակայն, միայն Գոռ Իշխանյանի պաշտպանները ներկայացրին հետագա դատական քննությունը առանց իրենց պաշտպանյալի շարունակելու միջնորդություն, եւ դրա բավարարումից հետո Իշխանյանը լքեց նիստերի դահլիճը։ Մինչ այդ երկու մեղադրյալներն էլ հայտնեցին, որ ցանկանում են դատարանում ցուցմունք տալ։
Նվեր Մարտիրոսյանը՝ զինվորական համազգեստով
Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում այս գործով դեռ նախնական դատալսումների փուլն է։ Նախորդ նիստի ժամանակ, ինչպես նշեց դատավորը, տուժողներից ոմանք հայտարարել էին, որ ցանկանում են գույքային հայց հարուցել, դատարանն էլ նրանց ժամանակ էր տրամադրել, որպեսզի կարողանան գրավոր ներկայացնել գույքային պահանջը։ Դատարանը, նկատելով, որ զոհվածների հարազատներից շատերն են դահլիճում, հետաքրքրվեց՝ որեւէ անձ գույքային պահանջ ներկայացնելու ցանկություն ունի՞։ Այս հարցը ներկաներին վրդովեցրեց՝ «գո՞ւյք ենք կորցրել, որ գույքային պահանջ ներկայացնենք»,- հնչեցրին ներկաները։
Նշենք, որ Քրեական դատավարության օրենսգրքի 160-րդ հոդվածի համաձայն՝ գույքային հայց հարուցվում է մեղադրյալի կամ այն անձի դեմ, որի վրա կարող է գույքային պատասխանատվություն դրվել մեղադրյալի գործողությունների համար: Հայցադիմումում պետք է նշվի, թե որ վարույթով, ով, ում դեմ, ինչի հիման վրա և ինչ չափով է գույքային հայց հարուցում, ինչպես նաև խնդրանք՝ վնասի հատուցման համար կոնկրետ դրամական գումարի կամ գույքի բռնագանձման մասին:
Մթնոլորտի հանդարտվելուց հետո դատավարության մասնակիցներն անցան հետազոտման ենթակա ապացույցների շրջանակի քննարկմանը։ Հանրային մեղադրող Գ․ Մղդեսյանն առաջարկեց հետազոտել գործին վերաբերելի մի շարք հրամաններ, օրենքներ, տարբեր անձանց հեռախոսահամարների վերծանումներ, զորամասերից ներկայացված տեղեկանքներ եւ այլ փաստաթղթեր ու գրություններ, ինչպես նաեւ Գոռ Իշխանյանի եւ Նվեր Մարտիրոսյանի հրամանների եւ պարտականությունների պատճենները եւ այլն։
Ըստ հանրային մեղադրողի՝ վերդիկտ (մինչև դատավճիռ կայացնելը մեղադրյալի անմեղության կամ մեղավորության վերաբերյալ դատարանի գրավոր հետևությունը,- խմբ․) կայացնելու համար կարող են նշանակություն ունենալ նաեւ տուժողի իրավահաջորդների եւ մեղադրյալների ցուցմունքները։
Նվեր Մարտիրոսյանի պաշտպան Արման Բայադյանը նշեց, որ, չնայած հանրային մեղադրողի հնչեցրած ցանկին, մեղադրական եզրակացության մեջ նման ցանկ չկա, այլ պարզապես առանձին ենթավերնագրի տակ նշված է «մեղադրյալների մեղավորությունը հաստատող ապացույցներ» եւ շարադրված են որոշակի փաստական հանգամանքներ եւ վարությային գործողություններ։ Պաշտպանը նաեւ ասաց, որ գործող Քրեական դատավարության օրենսգրքում չկա «տուժողի իրավահաջորդ» դատավարական կարգավիճակ, եւ չկա տուժողի իրավահաջորդի հարցաքննություն՝ որպես առանձին քննչական գործողությունն, ուստի վերջիններս դատարանում չեն կարող հարցաքննվել որպես տուժողի իրավահաջորդներ։ Ինչ վերաբերում է ապացույցների ծավալին՝ վերջինս նշեց, որ դրանցից յուրաքանչյուրի անթույլատրելիության հարցը կամ ապացույցների ծավալից հանելու հարցը կներկայացնեն դրանք հետազոտելուց հետո։
Արման Բայադյանը
Պաշտպանն ասաց, որ հանրային մեղադրողը նշեց միայն մեղադրյալների մեղավորությունը հաստատող ապացույցները, սակայն ՔԴՕ-ով սահմանված է, որ մեղադրական եզրակացության մեջ պետք է նշված լինեին նաեւ ի պաշտպանություն մեղադրյալների բերված ապացույցները եւ դրանց հերքման վերաբերյալ փաստական հանգամանքները, որոնք մեղադրական եզրակացությունում բացակայում են․ «Հաշվի առնելով վկայակոչվածը՝ նշում եմ, որ մեղադրական եզրակացությունը չի համապատասխանում ՔԴՕ-ով նախատեսված պահանջներին»,- նշեց Բայադյանը։
Գոռ Իշխանյանի պաշտպանն էլ ասաց, որ չհնչեց, թե հանրային մեղադրողի ներկայացրած ապացույցները ինչ ապացուցողական նշանակություն ունեն, ինչ փաստական տվյալների են վերաբերում․
«Ասվեց, որ այդտեղ պիտի ներկայացվեն նաեւ բոլոր օպերատիվ հետախուզական միջոցառումների հանձնարարությունները եւ արդյունքները, որոնք էական նշանակություն ունեն մեղադրանքի հաստատման կամ հերքման առումով։ Էս գործով մեղադրյալ է եղել նաեւ [18-րդ հրաձգային դիվիզիայի նախկին հրամանատար, գեներալ–մայոր] Կարեն Առստամյանը, որի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշում է կայացվել։ Առուստամյանը այս գործով կարեւորագույն ֆիգուրներից մեկն էր, քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումը չհետազոտելը ճիշտ չէ, այդ փաստաթուղթը եւս պիտի մտնի հետազոտման մեջ»,- ասաց Իշխանյանի պաշտպանը՝ միջնորդելով նաեւ հարցաքննել այլ վկաների եւս, որոնք չեն դատակոչվել։
Դատավորը նկատեց, որ պաշտպանական կողմն իրավունք ունի միջնորդել հետազոտել ցանկացած ապացույց։
Հանրային պաշտպան Մղդեսյանը հայտարարեց, որ մեղադրող կողմը դեմ չէ որեւէ միջոցի, որը կհանգեցնի ճշմարտության բացահայտմանը, ուստի ինքը որեւէ առարկություն չունի պաշտպանական կողմի առաջարկությունների վերաբերյալ։
Նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը, անդրադառնալով պաշտպանական կողմի մեկնաբանությանը, որ նոր ՔԴՕ-ով սահմանված է տուժողի իրավահաջորդ կարգավիճակ, ասաց դատարանը որոշում է կայացնում տուժողի իրավահաջորդներին ճանաչել որպես տուժողներ եւ հարցաքննել որպես տուժող։
Ապա, լսելով ապացույցների ծավալի մասին կողմերի կարծիքը, դատարանը որոշեց սահմանեց հետազոտման ենթակա ապացույցների ցանկը։ Այդպիսով, դատարանում կհետազոտվեն նախ մեղադրանքի հիմքում դրված գրավոր ապացույցները, ապա կհարցաքննվեն տուժողները, հետո դատակոչված վկաները, հետո վկաներ Սահակ Մարտիորսյանը, Արամ Ասրյանը, Վալերիկ Ղազարյանը, Նարեկ Հակոբյանը, Արեգ Բախշյան, ապա կհետազոտվի Մարտական կանոնադրությունը, վերջում դատարանը կլնի մեղադրյալներին։
Դատական նիստերի դահլիճում իրադրությունը լարվեց։ Դատարանը կոչ արեց հանդարտվել, որպեսզի նիստը բնականոն հունով ընթանա ու չձգձգվի, ինքն էլ ստիպված չլինի սանկցիա կիրառել դատավարության մասնակիցների նկատմամբ կամ նույնիսկ դռնփակ անցկացնել նիստը։ Նա պահանջեց հարգալից խոսել պաշտպանների հետ։
Զոհված զինծառայող Էդգար Տոնականյանի հայրը՝ Գոռ Տոնականյանը, դիմելով դատարանին, ասաց, որ նախորդ նիստին պահանջել էր, որ ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը ներկայանա դատարան․ «Ես [Քննչական կոմիտեի նախագահ] Արգիշտի Քյարամյանին հարց եմ տվել [այն մասին, որ] Ջալալի հրամանները չեն բռնում Գոռի հրամաններին, Արգիշտն ասել է՝ ես էլ չեմ հասկանում։ Խնդրում եմ, որ դատարանը հաշվի առնի [այս հանգամանքը]»,- ասաց Տոնականյանը։
Մեկ այլ ծնող պահանջեց, որ Գոռ Իշխանյանին անպայման հետագայում կանչեն դատարան, որովհետեւ ինքն ուզում է նրա աչքերի մեջ նայելով ապացուցել, որ Իշխանյանը մեղավոր է իրենց որդիների զոհվելու մեջ։ Դատարանը պարզաբանեց, որ մեղադրյալները դատաքննության ընթացքում ցուցմունք են տալու, եւ տուժողները հնարավորություն են ունենալու նրանց հարցեր տալ, թեպետ մեղադրյալներն իրենք են որոշելու՝ պատասխանել, թե ոչ։
Մեղադրյալ Նվեր Մարտիրոսյանի պաշտպանն էլ դատարանին խնդրեց այսօր չավարտել նախնական դատալսումների փուլը եւ իրենց հնարավորություն տալ մյուս նիստին ներկայացնել իրենց դիրքորոշումը մեղադրյալի՝ դատական նիստերին մասնակցության եւ ապացույցների ծավալի վերաբերյալ։
Այսօրվա դատական նիստը հետաձգվեց։ Հաջորդ նիստը նշանակվեց 2024թ․ հունվարի 22-ին՝ ժամը 15:30-ին։
Հայարփի Բաղդասարյան
comment.count (0)