azatutyun.am: Հայ - ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում առկա իրավիճակը, խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցությունները, ինչպես նաև «Լաչինի ճանապարհին բողոքի ցույցերի տարբեր ասպեկտներ» են քննարկվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով Ռուսաստանի արտգործնախարարության հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի հետ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի երեկ Բաքվում կայացած հանդիպման ժամանակ:
Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ Բայրամովն ասել է, որ «չնայած Ադրբեջանի կառուցողական մոտեցմանը, խաղաղ գործընթացի վերաբերյալ առաջարկներ ներկայացնելուն, Հայաստանը մշտապես դանդաղեցնում է այդ գործընթացը»: Նա պնդել է, թե Հայաստանը բոյկոտել է անցյալ տարվա դեկտեմբերին նախատեսված՝ խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցությունների հերթական փուլը։
Ըստ հաղորդագրության՝ Բայրամովը նաև հայտարարել է, թե Լաչինի ճանապարհը չի օգտագործվում եռակողմ հայտարարությամբ նախատեսված նպատակներով։ «Նախարարն ընդգծել է, որ ցուցարարների օրինական պահանջները դեռ չեն կատարվել, հայկական կողմն օգտագործում է ստեղծված իրավիճակը սեփական քաղաքական նպատակների համար և հարցը սխալ հունով տանում», - ասված է պաշտոնական Բաքվի հաղորդագրությունում:
comment.count (0)