Անկարան թույլ չի տա Թուրքիայի միջոցով շրջանցել հակառուսական պատժամիջոցները. Չավուշօղլու
 |1lurer.am|
17:30 - 20 փետրվարի, 2023

Անկարան թույլ չի տա Թուրքիայի միջոցով շրջանցել հակառուսական պատժամիջոցները. Չավուշօղլու |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ շոշափվել է Թուրքիային ամերիկյան կործանիչներ մատակարարելու հարցը:

Բլինքենը հայտարարել է, որ F-16 կործանիչների արդիականացումը և Թուրքիա նոր ինքնաթիռների մատակարարումը կարևոր դեր է խաղում նախագահ Ջո Բայդենի վարչակազմի համար, հաղորդում է Anadolu գործակալությունը։

2021 թվականի աշնանը Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել էր, որ Վաշինգտոնն առաջարկել է Թուրքիային մատակարարել F-16 կործանիչներ՝ F-35 ծրագրում ավելի վաղ կատարած ներդրումների դիմաց, որից մի քանի տարի առաջ Անկարան դուրս մնաց ռուսական Ս-400-ի գնումների համար:

Թուրքիան ակնկալում է ստանալ ամերիկյան հինգերորդ սերնդի F-35 կործանիչների գնման համար հատկացված 1,4 միլիարդ դոլար գումարը։ Այս մասին հայտարարել է արտգործնախարար Չավուշօղլուն՝ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Թուրք նախարարը նշել է, որ երկու երկրի միջև առևտուրն ակտիվորեն զարգանում է, և կոչ է արել չեղարկել Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության նկատմամբ պատժամիջոցներն ու «առավել արդյունավետ համագործակցել անվտանգության ոլորտում», մասնավորապես՝ ահաբեկչության դեմ պայքարում։

Մամուլի ասուլիսում Չավուշօղլուն վստահեցրել է, որ Թուրքիայի իշխանությունները թույլ չեն տալիս իրենց երկրի միջոցով շրջանցել հակառուսական պատժամիջոցները, հայտնում է Anadolu-ն։

ԱՄՆ պետքարտուղարն էլ ողջունել է Թուրքիայի դերն Ուկրաինային աջակցելու գործում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել