Ռասայական խտրականության ու ատելության ենթարկվող Արցախի ժողովուրդը չի կարող ապրել Ադրբեջանի կազմում. Արայիկ Հարությունյան
20:53 - 22 փետրվարի, 2023

Ռասայական խտրականության ու ատելության ենթարկվող Արցախի ժողովուրդը չի կարող ապրել Ադրբեջանի կազմում. Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը, գրել է․

«ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը քիչ առաջ բավարարեց Հայաստանի պահանջը և պարտավորեցրեց Ադրբեջանին չխոչընդոտել «Լաչինի միջանցքով» բեռների, մարդկանց և տրանսպորտի ազատ տեղաշարժը երկու ուղղություններով: Մեկ այլ որոշմամբ մերժեց Ադրբեջանի անհիմն պահանջը ականների վերաբերյալ:

Արցախի իշխանությունների և ժողովրդի անունից կուզեի հատուկ շնորհակալություն հայտնել Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին և այս վարույթում հայկական կողմից ներգրավված բոլոր անձանց՝ իրենց կարևորագույն առաքելության համար:

Այս որոշումը ևս մեկ անառարկելի միջազգային իրավական հիմք է, որ ռասայական խտրականության ու ատելության ենթարկվող Արցախի ժողովուրդը պարզապես չի կարող ապրել Ադրբեջանի կազմում:

Սա համարում եմ մեր միջազգային պայքարում կարևոր հանգրվան, և Հայաստանի Հանրապետության հետ միասին շարունակելու ենք հնարավորինս օգտագործել միջազգային իրավական բոլոր մեխանիզմները Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության նպատակով: Արցախի պետական մարմիններն ունեն իմ հստակ հանձնարարականը առավելագույնս աջակցելու այդ ջանքերին», - գրել է նա:

Հիշեցնենք, որ Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշմամբ Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել իրենով պայմանավորված միջոցները՝ Լաչինի միջանցքով մարդկանց ու բեռների անխափան շարժը երկու ուղղությամբ ապահովելու համար։  

Արդարադատության միջազգային դատարանը մերժել է Ադրբեջանի պահանջը Հայաստանի դեմ ժամանակավոր միջոցներ կիրառելու վերաբերյալ: Ադրբեջանը պահանջում էր միջանկյալ միջոցներ կիրառել և Հայաստանին պարտավորեցնել «վերջ տալ ականապատումներին ու Լաչինի միջանցքով ականներ փոխադրելուն»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել