Շիրակի մարզի փաստաբանները գործադուլ են նախաձեռնում ԲԴԽ որոշման կապակցությամբ
 |hetq.am|
14:41 - 10 մարտի, 2023

Շիրակի մարզի փաստաբանները գործադուլ են նախաձեռնում ԲԴԽ որոշման կապակցությամբ |hetq.am|

hetq.am: Շիրակի մարզում աշխատող փաստաբանները գործադուլ են նախաձեռնում Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) որոշման առնչությամբ, որով Հանրապետության նախագահին առաջարկվել է այդ մարզում մեկ ամիս աշխատած դատավոր Անի Մարտիրոսյանին Երևան տեղափոխել։ Սա դժգություն է առաջացրել փաստաբանների շրջանում:

2023թ. մարտի 6-ին ԲԴԽ-ն որոշել է Հանրապետության նախագահին առաջարկել Անի Մարտիրոսյանի թեկնածությունը` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավորի թափուր պաշտոնում նշանակելու համար: Եթե նախագահը ստորագրի հրամանագիրը, այն ուժի մեջ մտնելու պահից Անի Մարտիրոսյանի՝ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի լիազորությունները դադարած կհամարվեն:

Անի Մարտիրոսյանը Շիրակի մարզի դատավոր նշանակվել է այս տարվա հունվարի 30-ին: Այսինքն՝ մարզում աշխատել է մոտ մեկ ամիս: Այդ ընթացքում, ըստ «Դատալեքս»-ի, դատավորին մակագրվել է 7 քրեական գործ:

Շիրակի մարզում աշխատող փաստաբան Հայկ Հարությունյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ դեռևս նախորդ տարվանից անընդհատ դատավորների փոփոխություններ են եղել մարզում: Սակայն, 2023թ. հունվարին միանգամից 4 դատավորի տեղափոխեցին Շիրակի մարզից: Նրանց փոխարեն նշանակվել են նոր դատավորներ, բայց արժանացել են նույն «ճակատագրին»: Նոր նշանակվածներից մեկը մեկ օր է մարզում աշխատել, Անի Մարտիրոսյանն էլ՝ մեկ ամիս և, ամենայն հավանականությամբ, դարձյալ կտեղափոխվի:

Հայկ Հարությունյանը տեղեկություններ ունի, որ այլ դատավորների ևս առաջիկայում տեղափոխելու են Շիրակի մարզից:

«Գալիս ենք նույն իրավիճակին: 4-5 տարով կուտակված քրեական գործեր կան, որոնցով որևէ գործողություն չի իրականացվում, էլի կուտակվելու են այդ գործերը: Արդար դատաքննության, ողջամիտ ժամկետում գործերի քննության մասին խոսելն արդեն անիմաստ եմ համարում»,-ասում է Հ. Հարությունյանը:

Փաստաբանի խոսքով՝ ԲԴԽ-ի նման որոշումներից տուժում են ոչ միայն փաստաբանները կամ քաղաքացիները, այլև պետությունը: Պետական բյուջեից անընդհատ ծախսեր են կատարվում քրեական գործերով, որոնք դառնում են անիմաստ:

«Անընդհատ նույն քրեական գործերի համար տարբեր անձանց աշխատավարձ են տալիս,  թղթեր են տպվում, ծանուցագրեր են ուղարկվում, կալանավորներին բերում-տանում են: Անիմաստ գումարներ են ծախսվում, ու դատաքննությունները սկսվում են նորից:  Նաև քաղաքացիական գործերով է մարզում նույն վիճակը»,-ասում է Հ. Հարությունյանը:

Փաստաբանը նշում է, որ որևէ մեկը ողջամիտ պատասխան չի տվել, թե ինչու է  Շիրակի մարզը դարձել «ռեզերվային» դատարան: Միակ բացատրությունը եղել է ԲԴԽ անդամներից մեկի հարցազրույցը, որ ցանկանում են Երևանում հավաքել փորձառու դատավորներին:

«Տպավորությունն այնպիսին է, որ մարզերը որպես «տրամպլին» են այդ դատավորների համար»,-հավելեց փաստաբանը:

Լուսանկարում՝ Անի Մարտիրոսյանը

Շարունակությունը՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել