hetq.am: Իսրայելի ողջ տարածքում նախօրեին հակակառավարական բողոքի ցույցերի է դուրս եկել մոտ 500 000 մարդ։ Այդ մասին, հղում անելով բողոքի ցույցերի կազմակերպիչներին, հայտնել է The Times of Israel պարբերականը։
Մոտ 250 000 մարդ բողոքի ցույցի է դուրս եկել միայն Թել Ավիվում։ Jerusalem Post-ն էլ գրում է, որ Իսրայելի մյուս քաղաքներում գրանցվել են բողոքի ցույցին ցուցարարների մասնակցության ռեկորդային ցուցանիշներ։ Այսպես, Հայֆայում տեղի ունեցած ցույցին մասնակցել է մոտ 50 000 մարդ։
Իսրայելական լրատվամիջոցները գրել էին, որ ցուցարարների խումբը Թել Ավիվում փակել է Այալոն խճուղին։
Բողոքի ակցիայի մասնակիցները ծափահերել են Թել Ավիվի շրջանային ոստիկանության ղեկավար Ամիհայ Էշեդին, երբ նա անցնում էր ցուցարարների մոտով։ Ավելի վաղ, նրան փորձել էին հեռացնել զբաղեցրած պաշտոնից։ Ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն Գվիրը քննադատել էր Էշեդին՝ հակակառավարական բողոքի ցույցերի ժամանակ ցուցարարների նկատմամբ ոստիկանության մեղմ վերահսկողության համար։
Ցուցարարները պահանջում են վարչապետ Բենյամին Նեթանյահուի և նրա կառավարության հրաժարականը։ Բողոքի ցույցերի պատճառը դատական համակարգի վիճելի բարեփոխումներն էին։ Վերջինս սահմանափակում է օրենքների և կառավարության որոշումների նկատմամբ Բարձրագույն դատարանի լիազորությունները։ Բացի այդ, նոր օրենքները կառավարությանը հնարավորություն կտան վերահսկողություն ունենալ դատավորների ընտրության նկատմամբ։ Հունվարի սկզբից Իսրայելի ողջ տարածքում տեղի են ունենում զանգվածային բողոքի ակցիաներ ընդդեմ այդ փոփոխությունների և նոր կառավարության մյուս նախաձեռնությունների։
comment.count (0)