Փոխարտգործնախարարի խոսքով Միրզոյանի՝ Մոսկվա այցի ընթացքում կքննարկվի ՀՀ-ում ԵՄ առաքելության տեղակայման հարցը
17:42 - 17 մարտի, 2023

Փոխարտգործնախարարի խոսքով Միրզոյանի՝ Մոսկվա այցի ընթացքում կքննարկվի ՀՀ-ում ԵՄ առաքելության տեղակայման հարցը

ՀՀ փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը, ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում պատասխանելով պատգամավոր Ագնեսսա Խամոյանի՝ ՀՀ-ում ԵՄ առաքելության վերաբերյալ ՌԴ արձագանքի վերաբերյալ հարցին, ասաց, որ իսկապես, առաքելության տեղակայումը առաջացրել է որոշ հարցեր։

«Դրա ուղղությամբ մենք շարունակում ենք բացատրական աշխատանք տանել, թե ինչն է պատճառը, ինչն է առաքելության նպատակը։ Օրինակ Իրանից, որը շատ զգայուն է տարածաշրջանում նման առաքելությունների ստեղծման հարցին, բավականին դրական արձագանք հնչեց։ Իրանի դեպանը հայտարարեց, որ իրենք որեւէ խնդիր չեն տեսնում առաքելության վերաբերյալ։ Դա ցույց է տալիս, որ բացատրական աշխատանքների դեպքում ընկալումն այլ է։ Այո, պետք է շարունակենք աշխատանքը մեր գործընկերների հետ այդ առումով, եւ ավելի շատ տեղեկություն ներկայացնենք»։

Հովհաննիսյանը նշեց, որ առաքելության տեղակայումից հետո որոշակիորեն նվազել է սահմանում պրովոկացիաների թիվը։ «Կարծում ենք՝ որոշակի դեր խաղաց նաեւ ավելի լայնամասշտաբ պրովոկացիա կանխելու գործում, իհարկե դրա վերաբերյալ չենք կարող փաստեր ներկայացնել․ դա մեր գնահատականն է»։

Վերադառնալով Հայաստանում ԵՄ առաքելությանը ՌԴ արձագանքին՝ փոխարտգործնախարարը նշեց․ 

«Բոլորս տեղյակ ենք այդ զգայուն վերաբերմունքին։ Հարցը քննարկվում է ռուս գործընկերների հետ։ Գիտեք, որ շուտով ԱԳ նախարարի Մոսկվա այցն է նախատեսված, եւ դա այն հարցերից է, որ վստահաբար կքննարկվի»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել