Իսրայելական ԶԼՄ-ները հայտնում են, որ Նեթանյահուն հայտարարելու է դատաիրավական բարեփոխումների կասեցման մասին
10:29 - 27 մարտի, 2023

Իսրայելական ԶԼՄ-ները հայտնում են, որ Նեթանյահուն հայտարարելու է դատաիրավական բարեփոխումների կասեցման մասին

Սպասվում է, որ այսօր Իսրայելի վարչապետ Բինիամին Նեթանյահուն կհայտարարի դատաիրավական բարեփոխումների կասեցման մասին։ Այս մասին հաղորդում է Channel 12 News-ը:

Վարչապետը ուղերձ է հղելու այսօր առավոտյան։

Հայտարարության հրապարակումից առաջ Նեթանյահուն հանդիպում է կոալիցիոն կուսակցությունների ղեկավարների հետ՝ բացատրելու այդ քայլը։

Վարչապետը արտակարգ խորհրդակցություն է անցկացրել գիշերը այն բանից հետո, երբ երկրում զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունեցել պաշտպանության նախարար Յոավ Գալանտի պաշտոնանկությունից հետո: 

Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը ևս առավոտյան կառավարությանը կոչ է արել անհապաղ դադարեցնելու երկրում դատական բարեփոխումների գործընթացը: Նա դիմել է խորհրդարանի բոլոր խմբակցությունների առաջնորդներին՝ հորդորելով քաղաքացիների շահերն ամենից վեր դասել: 

Նշենք, որ արդեն 11-րդ շաբաթն է՝ Իսրայելում զանգվածային ցույցեր են։ Պատճառը իշխող կոալիցիայի առաջարկած փոփոխությունների փաթեթն է, որը, ըստ կառավարության, վերականգնելու է ուժերի հավասարակշռությունը կառավարության և Իսրայելի բարձրագույն դատարանի միջև:

Այս փոփոխության դեմ պայքարողները պնդում են, որ այսկերպ իշխանությունը փորձում է սահմանափակել դատական իշխանության գործունեությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել