ՀՀ առաջադեմ գիտնականները միաբերան եղել են կարծիքին, որ Երևանի կանաչ ֆոնդը իսկապես խնդիր ունի․ Արմեն Բեգոյան |armtimes.com|
10:54 - 27 մարտի, 2023

ՀՀ առաջադեմ գիտնականները միաբերան եղել են կարծիքին, որ Երևանի կանաչ ֆոնդը իսկապես խնդիր ունի․ Արմեն Բեգոյան |armtimes.com|

armtimes.com: Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ այսօր փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանից հետաքրքրվեց Երևանում փոխարինվող ծառերի աշխատանքների  ընթացքից՝ նախ ճապոներենով ողջունելով նրան.

«Կոնիչիուա՛ պարոն Բեգոյան»,- ասաց Ավինյանը:

Խոսելով կենսունակությունից զրկված ծառերի փոխարինման աշխատանքների մասին, Բեգոյանը հայտնեց, որ ՀՀ առաջադեմ գիտնականները միաբերան եղել են կարծիքին, որ Երևանի կանաչ ֆոնդը իսկապես խնդիր ունի, այնուհետ համատեղ են ընտրվել բուսա և ծառատեսակները, որոնք տնկվելու են Երևանում՝ փոխարինելով կենսունակությունը կորցրած ծառերին:

Բեգոյանը հավելեց, որ առաջին փուլով ընտրվել է Մոսկովյան փողոցը, որովհետև նախապես որոշված ծրագրով այնտեղ պետք է տնկվեին ճապոնական սակուրաները, որոնք այժմ նախածաղկման փուլում են:

«Պետք է նշեմ, որ սակուրաներն ընդհանուր՝ Երևանի քաղաքապետարանի կողմից գնված  ծառատեսակների մոտ 4-5 տոկոսն են կազմում: Այլ հատվածներում պետք է տնկվեն ավելի մեծ սաղարթով ծառեր, ամենամեծ չափաթքանակով ծառատեսակները հենց մեծ սաղարթով ծառերն են՝ սոսին, կաղնին և այլն»,- ասաց Բագոյանը՝ նշելով, որ սակուրաների տնկման շուրջ շատ անհասկանալի աղմուկ է բարձրացել և ստեղծվել է տպավորություն, թե ամբողջ Երևանում սակուրաներ են տնկվելու:

Իրականում, ըստ կազմակերպության ղեկավարի, 150 հատ սակուրա է ձեռք բերվել՝ ընդհանուր  փոխարինվող 2500 ծառատեսակից:

Բեգոյանը նաև մանրամասնեց, թե ինչու և ինչպես սկսվեց ծառերի շուրջ աղմուկը:

«8-10 հոգի, կազմակերպված, ուղղորդված, Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանի կողմից ու նրանց շրջանաը ներառող անձանց ու լրատվամիջոցների սոցիալական էջերով հրապարակեցին ինֆորմացիա,թե հասեք-փրկեք, Երևանի քաղաքապետարանը տապալում է հասուն ծառեր:

Ամենայն պատասխանատվությամբ ուզում եմ հայտարարել, և սա շատ կարևոր է, որ նույն տիկին Վարդանյանը հետո հայտարարեց, թե այո, այդ ծառերը ենթակա էին հատման և փոխարինման: Այնուհետ խնդիր բարձրացավ, որ նա ուղղակի համաձայն չէ ընտրված ծառատեսակների հետ: Նախ՝ ինչու ընտրվեցին սակուրաներ հենց այդ հատվածի համար.  մայթն այդտեղ 1 մետր է, շատ նեղ է, մենք այդտեղ գիտակցված ընտրել ենք ծառատեսակներ, որոնց սաղարթը շատ մեծ չէ: Մեծ սաղարթով ծառերը, որ առաջարկում էին աղմուկ բարձրացրած 7-8 անձը, մի քանի տարի հետո քանդելու էր մայթը և փակելու էր բնակիչների լույսը»,- պարզաբանեց Բեգոյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել