Հարցը պետք է 2 շաբաթվա ընթացքում ամբողջությամբ լուծվի. Ավինյանը՝ Կորեայի ձոր թափվող շինաղբի մասին
 |1lurer.am|
12:00 - 27 մարտի, 2023

Հարցը պետք է 2 շաբաթվա ընթացքում ամբողջությամբ լուծվի. Ավինյանը՝ Կորեայի ձոր թափվող շինաղբի մասին |1lurer.am|

1lurer.am: Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանն անդրադարձավ Կորեայի ձոր լցվող շինարարական աղբի խնդրին ու նշեց, որ ահազանգեր է ստանում այս կապակցությամբ:

«Մենք նախկինում քննարկել ենք Կորեայի ձորում շինաղբի թափման հետ կապված աշխատանքները: Գրություն էինք ուղարկել ոստիկանություն, որին շատ արագ արձագանք էր եղել: Բայց ես հիմա նորից ահազանգեր եմ ստանում, որ պրոցեսը շարունակվում է, ամբողջապես չի դադարել»,- ասաց Ավինյանը:  

Ի պատասխան՝ Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը հայտնեց.

«Ձեր նամակից հետո ոստիկանությունը, պարեկային ծառայությունը շատ արագ արձագանքեցին: Այստեղ կայացել է խորհրդակցություն, աշխատանքների կազմակերպման սխեման քննարկվել է վարչական շրջանների ղեկավարների հետ: Առաջին ամսում այս աշխատանքներին տրվեց լայն թափ: Շինարարական թույլտվություններում նշված է՝ որտեղ պետք է կառուցապատողը տեղափոխի շինաղբը:

Սակայն Գյուղատնտեսական և անասնաբուժական սպասարկման կենտրոնի (ԳԱՍԿ) թույլ վերահսկողության պարագայում կառուցապատողները ձեռք չբերեցին զգաստություն, ինչպես եղավ հասարակական կարգի ծառայության ակտիվ գործունեության ընթացքում:

Վարչական շրջանների ղեկավարների հետ ունեինք պայմանավորվածություն, որ պարբերաբար պետք է իրականացնեն պարբերաբար հերթապահություն և ռեյդ: Նախորդ շաբաթ ինքս եմ այցելել այդ աղբավայրերը, բավականին թուլացրել են աշխատանքը վարչական շրջանների ղեկավարները, մարդիկ սկսել են առիթից օգտվել»:

Ավինյանի խոսքով՝ սա ամենամեծ խնդիրներից մեկն է, ու անհրաժեշտ է լրջորեն զբաղվել դրա լուծմամբ:

«Ստացվում է՝ մենք գիտենք խնդրի մասին ու չենք կարողանում դեմն առնել: Դա ամոթ է, ամոթ է մեզ բոլորիս: Այս հարցը պետք է 2 շաբաթվա ընթացքում ամբողջությամբ լուծվի: Վստահ եմ, որ դրա ռեսուրսը մենք ունենք»,- ասաց Ավինյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել