Նախարարությունը վերհսկողական ֆունկցիա չունի մասնավոր հիվանդանոցների կողմից իրականացվող թեստավորման նկատմամբ․ Ալինա Նիկողոսյան
18:31 - 01 հունիսի, 2020

Նախարարությունը վերհսկողական ֆունկցիա չունի մասնավոր հիվանդանոցների կողմից իրականացվող թեստավորման նկատմամբ․ Ալինա Նիկողոսյան

Առողջապահության նախարարությունը 2020 թվականի մայիսի 17-ի տարածել է  հաղորդագրություն, որտեղ նախարարությունն արձանագրել է՝

«Ներկայումս գրանցվում են դեպքեր, երբ լաբորատորիաների կողմից իրականացվում են կորոնավիրուսային հիվանդության վճարովի հետազոտություններ` ՊՇՌ կամ արագ թեստերի միջոցով:

Նկարագրված իրավիճակում վճարովի հիմունքներով կորոնավիրուսային հիվանդության հարուցչի նկատմամբ թեստավորման իրականացումն անթույլատրելի է և վտանգավոր, քանի որ նշյալ աշխատանքների նկատմամբ լիարժեք վերահսկողություն իրականացնել հնարավոր չէ»:

Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ հաշվի առնելով հետազոտությունների իրականացման կենտրոնացման անհրաժեշտությունը` առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ստորագրել է ցուցում, ըստ որի՝ հետազոտություններ կարող են իրականացվել միայն նախարարության կողմից հաստատված լաբորատորիաներում՝ բժշկական ցուցումով, անվճար հիմունքներով։

Առողջապահության նախարարության կողմից հաստատված լաբորատորիաները չորսն են։ Առողջապահության նախարարի 13.05.2020թ. թիվ 04-Ց ցուցման համաձայն՝ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում պետության հետ համագործակցությամբ և անվճար հիմունքներով  կորոնավիրուսի թեստավորում իրականացնում են հետևյալ լաբորատորիաները ՝ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը, «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ը, «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց ՓԲԸ-ն և «Նատալի ֆարմ» ՍՊԸ-ն՝ բժշկական ցուցումով: Ըստ նախարարության պարզաբանման՝ ընտրվել են հենց այս լաբորատորիաները, քանի որ վերջիններս Առողջապահության նախարարության կողմից գնահատման արդունքում համապատասխանել են կենսաբանական անվտանգության և մնացած բոլոր անհրաժեշտ չափորոշիչներին: 

Infocom.am-ի հետ զրույցում Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանն ասաց, որ նախարարությունը երաշխավորում է միայն վերը նշված լաբորատորիաները։

«Այիսինքն մեր կողմից բժշկի ցուցումով իրականացվում է թեստավորում, իսկ մնացած դեպքերում ես ինքս էլ լսել եմ, որ մասնավոր հիվանդանոցներում նույնպես անում են թեստավորում, բայց մեկնաբանել չեմ կարող։ Նախարարությունը վերհսկողական ֆունկցիա չունի մասնավոր հիվանդանոցների և դրանց կողմից իրականացվող գործողությունների նկատմամբ»,- ասաց ԱՆ մամուլի խոսնակը։ 

Նիկողոսյանը նշեց, որ Հայաստանում այս պահին թեստերի քանակի խնդիր չկա, քանի որ Հայաստանում սկսվել է թեստերի արտադրությունը՝ ամեն օր մոտ 1000 թեստ պետք է արտադրվի։ 

Անդրադառնալով նախարարի ցուցմանը, որով հետազոտություններ կարող են իրականացվել միայն նախարարության կողմից հաստատված լաբորատորիաներում՝ ԱՆ մամուլի խոսնակն ասաց․

«Դա նախարարի ցուցումն է, որ մեր կողմից երաշխավորվում են այդ չորս  լաբորատորիաները, որոնք անցել են հետազոտությունները, համապատասխանել են  չափորոշիչներին։ Մնացած դեպքերում նախարարությունը վերահսկման որևէ ֆունկցիա չունի, և մենք չենք կարող վերահսկել, թե ուրիշ լաբորատորիաներում ինչ է  իրականացվում»։

Նիկողոսյանը նշեց, որ  մասնավոր բժշկական հաստատություններում արված թեստավորումների արդյունքները նույնպես ներառվում են ամենօրյա վիճակագրության մեջ, այն դեպքում, երբ խոսքը ՊՇՌ թեստերի մասին է։ 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել