Ֆինանսների նախարարը ներկայացրել է գերատեսչությունների՝ 2019 թվականի ծախսերի կատարողականները
14:09 - 09 հունիսի, 2020

Ֆինանսների նախարարը ներկայացրել է գերատեսչությունների՝ 2019 թվականի ծախսերի կատարողականները

Անդրադառնանք նախագահի աշխատակազմի 2019 թվականի բյուջեին ՝ փաստացի օգտագործվել է  1 մլրդ 452 մլն դրամ կամ ճշտված ծրագրի շուրջ 96 տոկոսը։  Ընդ որում, ծրագրիրը ճշտվել է 350 մլն դրամի չափով, ի սկզբանե ծրագիրը  1 մլրդ 145 մլն դրամ էր : 2018 թվականի համեմատ 248 միլիոն դրամի չափով նվազում է եղել, այլ կերպ ասած հաշվետու տարվա ընթացքում նախագահի աշխատակազմի կողմից օգտագործվել են շուրջ 15 տոկոս պակաս ֆինանսական  միջոցներ։  Այս մասին  Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկման ընթացքում ասաց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

 Վերջինս ներկայացրեց նաև մի քանի գերատեսչությունների  բյուջեի կատարողականները։ Նա մասնավորապես տեղեկացրեց․


«Ազգային ժողովի համար հաշվետու տարում նախատեսված 5 միլիարդ 254 միլիոն դրամ ծրագրային ցուցանիշը տարվա ընթացքում ճշտվել է, կազմելով՝ 6 միլիարդ 231 միլիոն դրամ, սակայն փաստացի օգտագործումը կազմել է՝ 5 մլրդ 821 մլն դրամ կամ ճշտված ցուցանիշի  93,4%-ը ։

2019թ.  վարչապետի աշխատակազմի համար նախատեսված էր  շուրջ 17,3 մլրդ դրամ։ Տարեկան կատարման  ընթացքում այն ճշտվել է, կազմելով 18,9 մլրդ դրամ: Փաստացի  արձանագրվել է 14,5 մլրդ դրամի օգտագործում է կամ ծրագրային ցուցանիշի շուրջ 77 տոկոսը։ Նախորդ տարվա համեմատ արձանագրվել է 15 տոկոս  կամ՝ 3․3 միլիարդ դրամի չափով նվազում։ 

Սահմանադրական դատարանի բյուջեն 2019թ. համար շուրջ 725 մլն դրամ էր: Տարվա ընթացքում այն պահպանվել է նույնությամբ: Փաստացի  օգտագործվել է շուրջ 682 մլն դրամ կամ ծրագրային ցուցանիշի  94%-ը , ինչը 2018 թվականի համեմատությամբ ավել է շուրջ 15 տոկոսով։

Դատական համակարգի համար հաշվետու տարում օգտագործվել է շուրջ 11․8 միլիարդ դրամ կամ ծրագրային ցուցանիշի 95․5 տոկոսը։ Այն շուրջ 33 տոկոսով ավելին է, քան 2018 թվականին։

Արդարադատության նախարարությանը՝ 2019թ. համար հատկացվել է  շուրջ 16,9 մլրդ դրամ: Տարվա ընթացքում այն ճշտվել է՝ կազմելով 20 մլրդ դրամ: Փաստացի օգտագործվել է 96 տոկոսով կամ  19,1 մլրդ դրամի  չափով։  Այս դեպքում նույնպես ծախսերի աճ կա՝ 18 տոկոսի չափով։

Դատախազությունն օգտագործել է պետական բյուջեից  շուրջ 5․4 միլիարդ դրամ, կամ նախատեսված ծրագրային մեծության 99 տոկոսը։ Դատախազության դեպքում նույնպես  նախորդ տարվա համեմատ կա աճ՝ շուրջ 880 միլիարդ դրամ, կամ 20 տոկոս։

Քննչական կոմիտեի ծախսերի համար օգտագործվել է 8․1 միլիարդ դրամ, որը կազմել է ծրագրի շուրջ 97․2 տոկոսը։ Այս դեպքում նույնպես աճել է 32 տոկոսով ծախսերը՝ 2018 թվականի համեմատ։

ՀՔԾ բյուջեն կազմել է շուրջ 740 միլիոն դրամ, որի դիմաց արձանագրվել է շուրջ 98 տոկոսի օգտագորրծում, նախորդ տարվա համեմատ աճը կազմել է ՝ 11 տոկոս։ 

Հաշվեքննիչ պալատը պետական բյուջեից օգտագործել  է 1․1 միլիարդ դրամ, ինչը կազմել է ծրագրային մեծության 98 տոկոսը։ Նախորդ տարվա համեմատ հատկացումների չափը չի փոխվել։

ԿԸՀ-ն օգտագործել է 672 միլիոն դրամ, կազմելով ծրագրի 52 տոկոսը»։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել