Դատական համակարգում եղած խնդիրների մասին մենք բազմիցս խոսել ենք: Հետևաբար՝ կարիք չկա յուրաքանչյուր դատական նիստից հետո գնահատականներ տալ արդեն բոլորին հայտնի փաստի հետ կապված։ Այս մասին այսօր, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով այն հանգամանքին, որ երեկ դատարանը մերժեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ դատախազության միջնորդությունը։ 

Լրագրողների այն դիտարկմանը, որ տարբեր ընտրությունների ընթացքում արձանագրվել են ընտրակեղծարարության դեպքեր , օրինակ՝ Արտակ Սարգսյանի վերաբերյալ հրապարակվեց  ձայնագրություն, այլ դեպքերում եղել են այլ փաստեր։ Հարցին, թե ինչու այս շրջանակը չի ընդլայվում, ինչո՞ւ նրանց նկատմամբ նույնպես քրեական հետապնդում չի սկսվում, այն դեպքում, երբ իշխող մեծամասնության անդամները պնդում են, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քաղաքական հետապնդում չի իրականացվում։ Սիմոնյանը պատասխանեց․

«Որևիցե մեկը չի կարող ասել, որ այդ ամենի հետ կապված գործեր չեն լինելու։ Կոնկրետ մեր մեկ պաշտոնյայի հետ կապված գտնվել է հաշվետվություն, դրան ընթացք է տրվել և քրեական գործ է հարուցվել: Ինչ ասել է՝ եթե մեկի հետ կապված չկա,  մյուսի հետ կապված ինչո՞ւ  կա,  այսինքն՝ մենք չենք կարող մեկին մյուսի հետ համեմատել։ Գործել է երկու տարբեր մեխանիզմ՝ մի դեպքում պատգամավորներն են հոգացել կաշառքը և ձայների միջոցով ձևավորել են վերաբերմունք իրենց ղեկավարի մոտ և  ըստ արժանվույն ստացել են իշխանության իրենց մասնաբաժինը: Մյուս դեպքում գումար է տրվել, որ տվյալ տարածքում ձայներ հավաքվի և դրանց վերաբերյալ ներկայացվել է հաշվետվություն:  Կոնկրետ որևէ մեկին նկատի չունեմ և կարծում եմ՝ բոլորը կհասկանան՝ ինչի մասին է խոսքը: Որևիցե մեկը թող չկասկածի, բոլոր դեպքերը հերթով բացահայտվելու են: Հետևաբար՝ կարող էր լինել հակառակը, օրինակ՝ Սերժ Սարգսյանի հայտարարությունը  Զագրեբում, դրանից հետո՝ ինչ-որ քրեական գործ ՀՀԿ-ի նկատմամբ, դուք ինձ ասեիք էլի կան կուսակցութուններ, որոնց նկատմամաբ չեք կիրառում քրեական հետապնդում»։

Սիմոնյանը կրկին ընդգծեց, որ գործընթացները ունեն հստակ ժամկետներ և ամեն ինչ միանգամից լինել չի կարող։ Սիմոնյանը շեշտեց, որ Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ գործընթացը դեռ շարունակվում է։