Ես ընդունել եմ ընդդիմության՝ Վրաստանի վարչապետ դառնալու առաջարկը. Սաակաշվիլի |tert.am|
10:41 - 08 սեպտեմբերի, 2020

Ես ընդունել եմ ընդդիմության՝ Վրաստանի վարչապետ դառնալու առաջարկը. Սաակաշվիլի |tert.am|

tert.am: Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի բարեփոխումների գործադիր կոմիտեի ղեկավար Միխեիլ Սաակաշվիլին ընդունել է վրացական ընդդիմության՝ երկրի վարչապետ դառնալու առաջարկը: Այս մասին Սաակաշվիլին տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում:

«Ես ընդունել եմ հոկտեմբերի 31-ին խորհրդարանական ընտրություններում հաղթանակից հետո Վրաստանի վարչապետ դառնալու մասին վրացական միասնական ընդդիմության առաջարկը: Հարցն այն է, որ հիմա խորհրդարանական ընտրություններ են անցկացվում ոչ թե Ուկրաինայում, այլ Վրաստանում:

Բնականաբար, ես ցանկանում եմ օգնել իմ ժողովրդին ճգնաժամից դուրս գալու գործում: Ուստի՝ ես հայտարարեցի, որ համաձայն եմ լինել անցումային վարչապետ ոչ թե ամբողջ ժամկետով, այլ կայունացման ժամանակահատվածով, մինչև որ կարողանանք հաղթահարել խորը ճգնաժամը, որում այժմ գտնվում է Վրաստանը»,-գրել է Սաակաշվիլին:

Միևնույն ժամանակ քաղաքական գործիչն ակնարկել  է, որ դեռևս չի պատրաստվում վերադառնալ Վրաստան:

«Դեռևս գտնվում եմ Ուկրաինայում և կատարում եմ Բարեփոխումների գործադիր կոմիտեի նախագահի իմ լիազորությունները: Մենք պատրաստվում ենք Ազգային Ռադայի հերթական նիստին, որում շատ կարևոր օրակարգ ունենք: Մենք նիստին կառաջարկենք ընդերքի օգտագործման, էլեկտրական միացումների, դատական համակարգի բարեփոխումների և պետական ճարտարապետաշինարարական վերահսկողության ոլորտի բարեփոխումների համապարփակ ծրագիր:

Բացի այդ, շուտով խորհրդարանը կքննարկի մեր կողմից ավելի վաղ առաջարկված մաքսային բարեփոխումները, ելքային կապիտալի հարկը և սեփականաշնորհման բարեփոխումները: Ես  շարունակում եմ այցեր կատարել Ուկրաինայում և աշխատել սովորական ռեժիմով: Ինձ համար Ուկրաինայի ու Վրաստանի ճակատագրերը անբաժան են: Ես ընտրություն չեմ կատարում երկու երկրների միջև, իմ պայքարը շարունակվում է և այստեղ, և այնտեղ»,-ավելացրել է Սաակաշվիլին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել