Ադրբեջանի կիրառած թուրքական «Բայրաքթարների» ռումբերի մարտագլխիկները մատակարարում է գերմանական ընկերությունը
15:11 - 23 հոկտեմբերի, 2020

Ադրբեջանի կիրառած թուրքական «Բայրաքթարների» ռումբերի մարտագլխիկները մատակարարում է գերմանական ընկերությունը

Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմական գործողությունների ընթացքում Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումները խոցել են հակառակորդի՝ թուրքական արտադրության «Բայրաքթար ՏԲ2» տեսակի անօդաչու թռչող սարքեր՝ շուրջ տասնյակի հասնող, որոնցից մեկը՝ երեկ։ 

Սրանք ոչ թե հարվածային-կամիկաձե ԱԹՍ-ներ են, այլ մեծ հեռավորությունից ռումբերով խոցող հարվածային անօդաչուներ։ Թուրքիայի արտադրանք համարվող այս սարքերի կարեւոր մասերի՝ գերճշգրիտ ռումբերի մարտագլխիկները, սակայն, թուրքական չեն։

2000-ականներին «Baykar Makina» ընկերությունն է սկսել «Բայրաքթարի» նախագծումը: ՏԲ2-ը հիմնված է ավելի վաղ արտադրված «Բայրաքթար» ՏԲ1 տարբերակի վրա, որն առաջին անգամ գործարկվել է 2009 թվականին: 

Ըստ «Բայրաքթար ՏԲ2»-ի մարտավարատեխնիկական բնութագրի՝ սարքի գործողության շառավիղը 150կմ է, առավելագույն թռիչքային զանգվածը՝ 650կգ, օգտակար բեռնատարողությունը՝ 55կգ, առավելագույն արագությունը՝ 222կմ/ժ, թռիչքի տեւողությունը՝ առավելագույնը 24ժ, թեւերի բացվածքը՝ 12 մ, երկարությունը 6,5մ։ Սարքը կարող է ինքնուրույն օդ բարձրանալ եւ վայրէջք կատարել: 

Այս տեսակի ԱԹՍ-ն իր վրա կարող է ունենալ կառավարվող հակատանկային հրթիռներ եւ օդային ռումբեր, մասնավորապես՝ UMTAS հակատանկային հրթիռներ, կամ Roketsan MAM-C օդ-ցամաք հրթիռներ, MAM-L գերճշգրիտ ռումբեր։ 

UMTAS(թուրքերեն՝ Uzun Menzilli Tanksavar Sistemi - մեծ հեռահարության հակատանկային համակարգ), թուրքական պաշտպանական արդյունաբերության Roketsan ընկերության արտադրության հակատանկային հրթիռային կոմպլեքս է։ 

MAM-C-ը (թուրքերեն՝ Mini Akıllı Mühimmat) եւս Roketsan-ի լազերային ուղղորդմամբ ռազմական համակարգ է։ Այն մշակվել է անօդաչու թռչող սարքերի, թեթեւ գրոհային ինքնաթիռների եւ օդ-ցամաքային մարտական առաքելությունների համար։ 

MAM-L-ը նույնպես Roketsan-ինն է։ Սա էլ կառավարվող թեթեւ ռումբ է՝ հագեցած լազերային նշանառության բարձր ճշգրտության համակարգով, ինչը թույլ է տալիս թիրախից շեղվել մեկ մետրից ոչ ավելի։ Այս ռումբերը նախատեսված են մինչեւ 8կմ հեռավորության վրա գտնվող ցամաքային թիրախների խոցման համար: Դրանց զանգվածը 22,5 կգ է, որից մարտագլխիկը՝ 10 կգ։

MAM-L գերճշգրիտ ռումբը

«Բայրաքթարների» ռումբերի մարտագլխիկներն արտադրում է գերմանական TDW ընկերությունը

«Բայրաքթարների» ռումբերի մարտագլխիկները մատակարարում է Գերմանիան։ Այս մասին հրապարակումներ կան նաեւ հենց գերմանալեզու աղբյուրներում։ 

Մասնավորապես, այս տարվա օգոստոսին գերմանացի լրագրողներ Յոխեն Թասլերը, Նիկոլաուս Շթայները եւ Օթֆրիդ Նասաուերը Westdeutscher Rundfunk հեռուստառադիոընկերության Monitor հարթակի իրենց հետազոտության մեջ ներկայացրել են, թե գերմանական սպառազինության արտահանումն ինչ դեր ունի Թուրքիայի՝ որպես «ԱԹՍ-ների գերտերություն» վերելքի մեջ։ Նրանք նկատել են նաեւ, որ հեռակառավարվող նշանառու այս ԱԹՍ-ներն այնքան կարեւոր են Թուրքիայի նախագահ Էրդողանի համար, որ նա նույնիսկ իր ստորագրությունն է թողել անօդաչուի վրա։

Էրդողանը ստորագրում է ԱԹՍ-ի վրա

Հետազոտության մեջ ասված է, որ, ըստ Բունդեսթագի գիտահետազոտական ծառայության, չնայած որոշ դեպքերում միջազգային իրավունքի նորմերին հակասությանը՝ Գերմանիայի կառավարությունը տարիներ շարունակ թույլ է տվել, որ թուրքական ԱԹՍ-ների եւ ուղղաթիռների արկերի համար տեխնոլոգիա արտահանվի, առանց որի Թուրքիան իր պատերազմները հավանաբար այդքան լավ չէր հաջողի։ 



Հետազոտության մեջ հստակ նշված է, որ Թուրքիան հաճույքով ընգծում է՝ հրթիռները եւ ռազմամթերքը արտադրվում են սեփական երկրում, սակայն Monitor-ի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Roketsan-ն իր արտադրանքը ստեղծելիս Գերմանիայից օգնություն է ստացել։ 

Սա պարզ է դառնում նաեւ գերմանական Կանաչների խմբակցության՝ տեղի կառավարությանն ուղղված հարցման պատասխանից, որում նշված է, որ թույլատրվել է LRAT եւ MRAT հակատանկային կառավարվող հրթիռների համար բաղադրիչ մասերի, մարտական գլխիկների եւ տեխնոլոգիայի մատակարարումը Թուրքիային։

Թուրքիայում դրանք արտադրվում են OMTAS եւ UMTAS անուններով, UMTAS-ի հիմքի վրա ստեղծվում է MAM-L-ը։ 

Нет описания.

Ռազմական փորձագետ, «Ամնեսթի Ինթերնեշնըլ» (Amnesty International) կազմակերպության ներկայացուցիչ Բրայան Քասթները Monitor-ի հետազոտության ժամանակ ընդգծել է, որ մատակարարված մարտագլխիկների թիվը Թուրքիայի ինժեներներին կարող է հնարավորություն տալ՝ հասկանալու դրանց ստեղծման մեխանիզմը եւ ստեղծել սեփական արտադրանքը։

Թուրքիայի անօդաչուների համար մարտագլխիկներ է արտադրում գերմանական TDW ընկերությունը։ Հետազոտության մեջ ասված է, որ հիշյալ Roketsan ընկերությունը Monitor-ի հարցումներն անպատասխան է թողել, TDW-ն էլ հստակ պատասխան չի տվել՝ նշելով միայն, որ անվերապահորեն հետեւում է արտահանման վերաբերյալ սահմանված կարգավորումներին։ 

Ի դեպ, վերջին տարիներին Գերմանիայի Դաշնային կառավարությունը մի քանի անգամ պարտավորվել է զենքի եւ սպառազինության արտահանումը արգելել, եթե կանխատեսելի է, որ դրանք կարող են կիրառվել մարդու իրավունքները ոտնահարող հակամարտություններում։ 

Սա, ըստ հետազոտողների, ամրագրված է նաեւ զենքի վաճառքի վերաբերյալ պայմանագրում․

«Այն, որ Թուրքիան միջազգային իրավունքը խախտում է, այլեւս անվիճելի է»,- շեշտվում է նյութում՝ շարունակությամբ,- «թե ինչու է Գերմանիայի կառավարությունն, այնուամենայնիվ, այս տարիների ընթացքում մատակարարումներն արտոնել, մեր հարցմանն ի պատասխան՝ իր դիրքորոշումը չհայտնեց՝ հավելելով միայն, որ հստակ ուսումնասիրում են Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունները, եւ որ 2016 թվականից սկսած սպառազինության արտահանումներում յուրաքանչյուր դեպք խոր քննվում է։ Այսինքն՝ ստացվում է, որ ԱԹՍ-ների արկերի մատակարարման համար փաստացի արգելք չի եղել։ Այն շարունակել է գործել։ Կանաչների խմբակցության անդամ, սպառազինության փորձագետ Քաթյա Քոյլի համար սա լիովին անըմբռնելի է»։

Ադրբեջանն Արցախի դեմ կիրառում է գերմանական արտադրության մարտագլխիկներով «Բայրաքթարներ»

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը երեկ հայտնեց եւս մեկ խոցված «Բայրաքթարի» մասին՝ հրապարակելով նաեւ դրա լուսանկարները։

Դրանցում հստակորեն երեւում է, որ խոցված «Բայրաքթարը» համալրված է եղել հենց MAM-L տեսակի ռումբով։

Արցախում խոցված «Բայրաքթարի» MAM-L ռումբը

Փաստորեն, Ադրբեջանը Արցախի դեմ սանձազերծած պատերազմում կիրառում է «Բայրաքթարներ», որոնք տրամադրում է Թուրքիան, իսկ դրանց ռումբերի մարտագլխիկները Թուրքիային՝ Գերմանիան։ Թուրքիան ու Ադրբեջանն էլ այս սարքերն օգտագործում են ոչ միայն մարտի դաշտում, ինչպես, օրինակ, Սիրիայում, Լիբիայում, այլեւ դրանցով թիրախավորում են խաղաղ բնակչությանը՝ այժմ արդեն Արցախում։

Արցախի ՊԲ ստորաբաժանումների խոցած ԱԹՍ-ն

Թուրքական դրոններում կան նաեւ ամերիկյան արտադրության սարքեր

Երեկ խոցված ԱԹՍ-ի կադրերից մեկում էլ երեւում նաեւ ամերիկյան MilesTek խոշոր ընկերության արտադրած սարքավորում։ Սա էլեկտրական սխեմաներում կիրառվող հինգկոճականի կցորդիչ է։ 

ՊԲ-ի հրապարակած լուսանկարներից

Այս օրերին հրապարակումներ եղան նաեւ այն մասին, որ ամերիկյան Viasat ընկերության արտադրանքը եւս օգտագործվել է «Բայրաքթարների» համար: Viasat-ի ներկայացուցիչ Քեն Պետերմանը ամերիկահայ ակտիվիստների հետ հանդիպումից հետո տեղեկացրել է, որ ընկերությունը դադարեցնում է մատակարարումները Թուրքիային։ Սակայն ընկերությունից դեռեւս պաշտոնական հայտարարություն չի եղել։

Թրյուդոն հայտարարել է դրոններում օգտագործվող կանադական տեխնոլոգիաների՝ Թուրքիա արտահանումը դադարեցնելու մասին

Արցախի ՀՕՊ ստորաբաժանման խոցած «Բայրաքթարներից» մեկի ուսումնասիրությունից էլ պարզվել է, որ դրա հեռակառավարվող տեսախցիկը L-3 WESCAM CMX-15D մոդելի է, որը կանադական մեկ այլ՝ WESCAM ընկերության՝ այս տարվա հունիսի արտադրանքն է, իսկ ԱԹՍ-ի վրա տեղադրվել է անցյալ ամիս՝ սեպտեմբերին: Ընդհանուր աշխատանքը կազմել է 31 ժամ:

Ըստ ամենայնի՝ հենց այս առնչությամբ էլ հոկտեմբերի 3-ին Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել էր, որ Կանադան հետաքննում է հաղորդումները, ըստ որոնց՝ Ադրբեջանը Հայաստանի դեմ ռազմական գործողություններում օգտագործում է կանադական սարքավորումներ, որոնք մատակարարվել էին Թուրքիային, այդ մասին առաջինը հաղորդել էր սպառազինությունների վերահսկողությամբ զբաղվող կանադական խմբերից մեկը` Project Ploughshares֊ը։ Այս խմբի փորձագետներն ուսումնասիրել էին Ադրբեջանի օդուժի տարածած տեսանյութերը եւ եզրակացրել, որ կիրառվող անօդաչու թռչող սարքերը համալրված են եղել թիրախավորման եւ նկարահանման համակարգերով, որոնք արտադրում է Կանադայում տեղակայված L3Harris Technologies ընկերության մասնաճյուղը:

Թրյուդոյի հայտարարությունից երկու օր անց՝ հոկտեմբերի 5-ին, Կանադայի արտաքին գործերի նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպանը հայտնեց, որ իր երկիրը դադարեցնում է Թուրքիա արտահանել այն տեխնոլոգիական մասերը, որոնք օգտագործվում են անօդաչու թռչող սարքերի արտադրության մեջ եւ կիրառվում ԼՂ հակամարտության ընթացքում:

«Բայրաքթար ՏԲ2»-ի ներքին այրման շարժիչն էլ կանադական Bombardier ընկերության ավստրիական BRP Rotax դուստր ձեռնարկության արտադրանքն է՝ Rotax 912։ 

Լուսանկարը՝ արտադրողի պաշտոնական կայքից

Երեկ խոցված «Բայրաքթարի»՝ ՊԲ-ի հրապարակած լուսանկարներից մեկում երեւում է, որ ԱԹՍ-ի շարժիչը Rotax-ի արտադրանքն է։

ՊԲ-ի հրապարակած լուսանկարը

Եւ, չնայած Թրյուդոն WESCAM ընկերության արտադրած տեսախցիկների արտահանման դադարեցման մասին հայտարարեց, նման որեւէ հայտարարություն դեռեւս չի եղել Ավստրիայի կամ կանադական ընկերության Rotax դուստր ձեռնարկության ներկայացուցիչներից։

Ի լրումն` հոկտեմբերի 24-ին՝ այս հրապարակման հաջորդ օրը, հայտնի դարձավ, որ կանադական Bombardier-ը եւս ընկերությունը դադարեցնում է ԱԹՍ-ների շարժիչների մատակարարումը՝ «անհստակ գործածությամբ երկրներ»: Ընկերությունը հայտնել է, որ միայն նախորդ շաբաթ է տեղեկացնել, որ Ավստրիայում գտնվող իր Rotax դուստր ընկերության արտադրած շարժիչներն օգտագործվում են թուրքական Bayraktar TB2 ԱԹՍ-ներում:

BRP-ի ավագ փոխնախագահ Մարտին Լանգելյեն շեշտել է, որ Rotax-ի արտադրած բոլոր շարժիչները սերտիֆիկացված են բացառապես քաղաքացիական նպատակներով օգտագործվելու համար:

Հայարփի Բաղդասարյան, Շահանե Խաչատրյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել