Այն, որ Արցախի դեմ սանձազերծած պատերազմում օգտագործված զինատեսակները կամ դրանց որոշ բաղադրիչներ Ադրբեջանին մատակարարել էին ոչ միայն Թուրքիան ու Իսրայելը, այլեւ Գերմանիան, Կանադան եւ այլ երկրներ, արդեն փաստ է։
Ադրբեջանը պատերազմին պատրաստվելու համար զինվել է տարիներ շարունակ, վերջին ամիսներին՝ առավել ինտենսիվ։ Մահաբեր զինատեսակներն այս պետություն են տեղափոխվել օդային ճանապարհով․ շուրջ մեկ տարի շարունակ աշխարհի տարբեր երկրներից Բաքվի «Հեյդար Ալիեւի» անվան օդանավակայան են ժամանել թե՛ քաղաքացիական, թե՛ բեռնատար ինքնաթիռներ։ Ուսումնասիրելով միայն բեռնատար ինքնաթիռների ժամանումները՝ կարող ենք ստանալ մոտավոր պատկեր, թե ինչ ծավալների բեռնափոխադրումների մասին է խոսքը։ Flightradar համակարգի միջոցով առանձնացրել ենք շուրջ 20 երկրների 27 քաղաքներից Ադրբեջան մեկնած բեռնատար ինքնաթիռների տվյալները՝ 2019 թվականի նոյեմբերից այս տարվա նոյեմբերի քսանը։
Գերմանիայի Ֆրանկֆուրտ եւ Լյուքսեմբուրգի Լյուքսեմբուրգ քաղաքներից Բաքու իրականացվող թռիչքներին արդեն անդրադարձել ենք՝ ներկայացնելով վերջին ամիսների թռիչքների դինամիկայի աճը։
Ֆրանկֆուրտի օդանավակայանից Բաքվի օդանավակայան իրականացվող բեռնափոխադրումները կատարվել են «Sky Gates» եւ ադրբեջանական «Silk Way West» ավիաընկերությունների միջոցով։ 2019 թվականի նոյեմբերից մինչ այս տարվա նոյեմբերի 20-ը կատարվել է շուրջ 315 ավիափոխադրում։ Ամենաքիչ բեռնափոխադրումը եղել է այս տարվա հունիսին՝ 13 թռիչք, ամենաշատը՝ հոկտեմբերին՝ 69 թռիչք
Լյուքսեմբուրգի օդանավակայանից Բաքու իրականացված բեռնափոխադրումները նույնպես կատարել է ադրբեջանական ավիաընկերությունը։ Մեկ տարվա կտրվածքով կատարվել է 112 ավիափոխադրում։ Թռիչքներն ամենաշատն իրականացվել են հոկտեմբերին՝ 16 անգամ։
Իտալիայի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական համագործակցության որոշակի խոսակցություններ կան։ Չնայած նրան, որ Ադրբեջանը չէր հայտարարել Իտալիայից ռազմական ինքնաթիռ գնելու մասին, սակայն դեռեւս 2017 թվականի մայիսի 10-ին ներկայացրել էր իտալական արտադրության M-346 ինքնաթիռ։ Արդեն այս տարի հայտարարվեց, որ Ադրբեջանի ՊՆ-ի եւ իտալական «Լեոնարդո» ընկերության միջեւ ստորագրվել է M-346 ուսումնամարտական ինքնաթիռներ գնելու մասին փաստաթուղթ։ Մեկ տարի շարունակ Իտալիայի Միլան քաղաքից դեպի Բաքու իրականացվել է շուրջ 154 բեռնափոխադրում։ Հետաքրքրական է, որ բոլոր ամիսների թռիչքների քանակը տատանվում է 8-ից 14-ի միջակայքում, իսկ ահա հոկտեմբեր ամսին, երբ Արցախում լայնամասշտաբ պատերազմ էր ընթանում, ինչպես Միլանից, այնպես էլ մնացած ուղղություններից դեպքի Բաքու բեռնափոխադրումների աճ է նկատվել։ Այս տարվա հոկտեմբերին Միլանից Բաքու իրականացվել է 24 թռիչք։
Բանգլադեշի Դաքքայի օդանավակայանից դեպի Բաքու թռիչքները եւս կրկնապատկվել են հոկտեմբերին։ Տարվա կտրվածքով իրականացվել է 63 թռիչք, որից միայն 14-ը՝ հոկտեմբեր ամսին։
Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյից Բաքու իրականացվող բեռնափոխադրումներն այս տարվա հոկտեմբերին ավելացել են։ Մեկ տարվա ընթացքում Օսլոյից Բաքու իրականացվել է 41 թռիչք։ Տարբեր ամիսների թռիչքների դինամիկան տատանվել է 1-ից 6-ի միջակայքում, սակայն այս տարվա հոկտեմբերին իրականացվել է 9 թռիչք։ Նշենք, որ 2016 թվականին արգելանք է դրել Ադրբեջանին զենք վաճառելու վրա։
Մաքսանենգ ճանապարհով մի շարք երկրներից Բաքու զինամթերք տեղափոխող ադրբեջանական «Silk Way» ավիաընկերությունը թռիչքներ է իրականացրել նաեւ Աֆղանստանի Քաբուլ քաղաքից դեպի Բաքու։ Հոկտեմբեր ամսին թռիչքային կտրուկ աճ է եղել։ Մեկ տարվա կտրվածքով գրանցվել է ընդհանուր 40 թռիչք։ Տարբեր ամիսներին թռիչքները տատանվել են 1-ից 5-ի միջակայքում, իսկ ահա հոկտեմբերին գրանցվել է դեպի Բաքու 10 թռիչք։
Ամերիկայի միացյալ նահանգների Չիկագո քաղաքից դեպի Բաքու բեռնատար թռիչքները նույնպես զգալի աճել են հոկտեմբերին՝ Արցախյան պատերազմին զուգահեռ։ Մեկ տարվա կտրվածքով Չիկագոյից Բաքու իրականացվել է շուրջ 142 թռիչք, որից 28-ը՝ հոկտեմբեր ամսին։ Սա գրեթե 2 անգամ ավելի է, քան նախորդ ամիսներին իրականացված թռիչքները։ Նշենք, որ Ամերիկայի միացյալ նահանգները պաշտոնական հայտարարությունների համաձայն զենք չի վաճառում Ադրբեջանին։
Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքից Բաքու եւս իրականացվել է բեռների փոխադրում։ Տարվա կտրվածքով Դուբայից Բաքու իրականացվել է 91 թռիչք, որոնց դինամիկան տատանվել է 2-ից 11-ի միջակայքում։ Հոկտեմբերին շեշտակի աճ է եղել․ իրականացվել է 24 թռիչք։
Բաքու բեռներ են տեղափոխվել նաեւ Սինգապուրից։ Տարվա ընթացքում իրականացվել է 81 թռիչք, որից միայն 17-ը՝ հոկտեմբեր ամսին։ Սա տարեկան բեռնափոխադրման միջին ցուցանիշից ավելի է 180%-ով։
Թեեւ Չինաստան-Ադրբեջան ռազմական կապի մասին հրապարակումները քիչ են, այնուամենայնիվ ադրբեջանական մամուլում կան որոշակի տեղեկություններ՝ երկու երկրների սպասվելիք ռազմական համագործակցության մասին։ Այսպիսով, Չինաստանի Ուրումչի քաղաքից Բաքու իրականացվող բեռնատար ինքնաթիռների թռիչքները աճել են դարձյալ հոկտեմբեր ամսին։ Մեկ տարվա ընթացքում Ուրումչիից Բաքու իրականացվել է 60 թռիչք։ Տարբեր ամիսների թռիչքների քանակը տատանվել է 1-ից 10-ի միջակայքում, սակայն հոկտեմբերին իրականացվել է 23 թռիչք։
Չինաստանի մեկ այլ քաղաքից՝ Ժենգժոուից եւս մեծ քանակությամբ բեռնատար ինքնաթիռներ են ժամանել Ադրբեջան։ Մեկ տարվա կտրվածքով իրականացվել է 291 թռիչք։ Տարբեր ամիսների ընթացքում թռիչքները տատանվել են 18-ից 26-ի միջակայքում, օրինակ՝ հունվարին՝ 20, փետրվարին՝ 10, մարտին՝ 19, ապրիլին՝ 17 եւ այլն։ Իսկ ահա հոկտեմբեր ամսին՝ Արցախում ընթացող պատերազմին զուգահեռ, իրականացվել է 56 թռիչք։
Չինաստանի Շանհայ քաղաքից Բաքու նույնպես իրականացվել է բեռնափոխադրում, որը հոկտեմբերին դարձյալ շեշտակի աճ է ունեցել։ Մեկ տարվա ընթացքում իրականացվել է շուրջ 473 թռիչ, որից 61-ը՝ հոկտեմբեր ամսին։
Չինաստանի Հոնգ-Կոնգ քաղաքից Բաքու նույնպես իրականացվել են բեռնափոխադրումներ։ Մեկ տարվա ընթացքում իրականացվել է 359 թռիչք։ Հոկտեմբերին դարձյալ արձանագրվել է կտրուկ աճ՝ շուրջ 59 թռիչք, որը նախորդ ամիսների համեմատ ավելի է 2 անգամ։
Ընդհանուր առմամբ, մեկ տարվա կտրվածքով Չինաստանի 4 քաղաքներից Բաքու իրականացվել է 1203 թռիչք, որից 2019 թվականի նոյեմբերին իրականացվել է 79 թռիչք, 2019 թվականի դեկտեմբերին՝ 72 թռիչք։ 2020 թվականի հունվարին՝ 67, փետրվարին՝ 48, մարտին՝ 93, ապրիլին՝ 93, մայիսին՝ 93, հունիսին՝ 82, հուլիսին՝ 90, օգոստոսին՝ 78, սեպտեմբերին՝ 96, նոյեմբերին՝ 93։ Իսկ ահա հոկտեմբեր ամսին, որը համընկնում է Արցախում ընթացող պատերազմին, իրականացվել է առանձնահատուկ շատ՝ 199 թռիչք։
Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլից Բաքու իրականացվող բեռնափոխադրումները նույնպես ավելացել են հոկտեմբերին։ Ընդհանուր տարվա կտրվածքով իրականացվել է 125 թռիչք։ Տարբեր ամիսներին թռիչքների դինամիկան տատանվել է 7-ից 12-ի միջակայքում, սակայն հոկտեմբեր ամսին իրականացվել է գրեթե կրկնակի շատ՝ շուրջ 21 թռիչք։
Մալազիայի Մայրաքաղաք Կուալա Լումպուրից Բաքու եւս բեռներ են տեղափոխվել։ Մալազիայի եւ Թուրքիայի միջեւ անցյալ տարի ստորագրվել էր զենքի համատեղ արտադրության փոխըմբռնման հուշագիր։ Արտադրած զինատեսակները արտահանվում են շուրջ 30 երկրներ, որոնց թվում է նաեւ Ադրբեջանը։ Մեկ տարվա ընթացքում դեպի Բաքու իրականացվել է 31 թռիչք, որից 9-ը՝ հոկտեմբեր ամսին։ Սա 2 անգամ ավելի է, քան մյուս ամիսներին իրականացված թռիչքները։
Ճապոնիայի Օսակա քաղաքից եւս բեռներ են տեղափոխվել Բաքու։ Մեկ տարվա ընթացքում իրականացվել է 121 չվերթ։ Այս դեպքում եւս ամենաշատ թռիչքներն իրականացվել են հոկտեմբերին՝ 14 անգամ։
Իրաքի մայրաքաղաք Բաղդադից եւս բեռնատար ինքնաթիռներով չվերթներ են իրականացվել։ Մեկ տարվա ընթացքում իրականացվել է 40 թռիչք։ Թռիչքների դինամիկան տատանվել է 1-ից 4-ի միջակայքում։ Արցախում պատերազմի ժամանակ, սակայն, թռիչքներն ավելացել են։ Հոկտեմբեր ամսին իրականացվել է կրկնակի՝ 8 թռիչք։
Ինչպես հայտնի է՝ Իսրայելն Ադրբեջանին ամենաշատ զինող երկրների շարքում է։ Արցախում իսրայելական արտադրության բազմաթիվ ԱԹՍ-ներ են խոցվել։ Մեկ տարվա ընթացքում Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվից Բաքու իրականացվել է 137 չվերթ։ Այս դեպքում եւս ամենաշատ թռիչքն իրականացվել է հոկտեմբեր ամսին՝ 18 անգամ։
Նիդերլանդների մայրաքաղաք Ամստերդամից նույնպես բեռնափոխադրումներ են իրականացվել Բաքու։ Հոկտեմբերին բեռնափոխադրումներն ավելացել են։ Մեկ տարվա ընթացքում Ամստերդամից Բաքու իրականացվել է 243 թռիչք։ Ամենաշատ թռիչքն իրականացվել է մայիս ամսին՝ 53 թռիչք։ Սրան երկրորդում է հոկտեմբերը՝ 33 թռիչք։ Հավելենք, որ, ըստ մամուլի հրապարակումների, Նիդերլանդների Սոցիալական կուսակցությունը հայտարարել է Ադրբեջանի նկատմամբ զենքի էմբարգոյի անհրաժեշտության մասին, ապա նաեւ 4 կուսակցություններ կոչ են արել էմբարգո կիրառել ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիայի դեմ` հակամարտությանը խառնվելու եւ վարձու ահաբեկիչներ Ադրբեջան տեղափոխելու համար։
Հարեւան Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիից Բաքու տարվա ընթացքում իրականացվել է 82 թռիչք։ Ամենաշատ թռիչքն իրականացվել է օգոստոս ամսին՝ 13։ Հոկտեմբերին ցածր ցուցանիշ է գրանցվել՝ 4 թռիչք։
Եւ, իհարկե, ցանկն ամբողջական չէր կարող լինել, եթե չլիներ Ադրբեջանի եղբայր Թուրքիան։ Մեկ տարվա ընթացքում Թուրքիայից Ադրբեջան իրականացվել է 202 թռիչք։ Միայն 33-ը՝ հոկտեմբեր ամսին։
Դեպի Բաքու բեռներ տեղափոխվել են նաեւ Բելգիայի Բրյուսելից, ԱՄՆ-ի Նյու Յորքից, Իրաքի Բասրայից, Իրանական Քուրդիստանի Էրբիլից, Ղազախստանի Ակտաուից եւ Ատիրաուից։ Միասին վերցված՝ նշված քաղաքներից Բաքու իրականացվել է 39 թռիչք, որոնցից 24-ը՝ այս տարվա հոկտեմբեր ամսին։
Այսպիսով՝ մեկ տարի շարունակ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի օդանավակայան է մուտք գործել 3247 բեռնատար ինքնաթիռ, որից միայն 574-ը՝ այս տարվա հոկտեմբեր ամսին։
Փաստորեն, Արցախի դեմ պատերազմ սկսելու համար Իսրայելից ու Թուրքիայից ակտիվորեն զինվելուն զուգահեռ նաեւ այլ երկներից է աճել դեպի Ադրբեջան բեռնափոխադրումների թիվը։
Բացի սա, հայտնի է նաեւ, որ Թուրքիայից Ադրբեջան Վրաստանի օդային տարածքով ժամանել են նաեւ մի շարք մարդատար ինքնաթիռներ, որոնցով տեղափոխել են թե՛ մարդկային ուժ, եւ թե՛ բեռներ։
Նարեկ Մարտիրոսյան
comment.count (0)