Արագածոտնի մարզ

ՀՀ Արագածոտնի մարզը հիմնադրվել է 1996 թվականին: Մարզի տարածքը կազմում է 2753 քառ. կմ եւ զբաղեցնում է ՀՀ տարածքի 9.3 %-ը: Մարզն իր մեջ ընդգրկում է Աշտարակի, Թալինի, Ապարանի և Արագածի նախկին շրջանները: 

Ծովի մակերեւույթից 2000-2500 մետր բարձրության վրա: Մարզի 19 համայնքներ ունեն լեռնային, իսկ 40 համայնքներ` բարձր լեռնայինի կարգավիճակ: Բնակչության թվաքանակը 2019 թ.հուլիսի 1-ի դրությամբ կազմում է 161774 մարդ: Մարզում կա 72 համայնք:

Աննա Վարդապետյանը խորհրդակցություն է անցկացրել Արագածոտնի մարզի դատախազությունում

Աննա Վարդապետյանը խորհրդակցություն է անցկացրել Արագածոտնի մարզի դատախազությունում

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Արագածոտնի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում խորհրդակցություն է անցկացրել մարզի դատախազությունում: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ Խորհրդակցությանը մասնակցել են Գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Արմեն Փանոսյանը, Գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Էդգար Արսենյանը, Արագածոտնի մարզի նորանշանակ դատախազ Գևորգ Սարգսյանը և մարզի դատախազության դատախազները: Գևորգ Սարգսյանը ՀՀ գլխավոր դատախազին է ներկայացրել կոռուպցիոն բնույթի, պետական իշխանության, տնտեսական գործունեության և շրջակա միջավայրի անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ քրեական վարույթների ընթացքը: Ներկայում Արագածոտնի մարզի դատախազության դատախազների կողմից հսկողություն է իրականացվում կոռուպցիոն բնույթի 22, շրջակա միջավայրի անվտանգության դեմ ուղղված 20, պետական իշխանության դեմ ուղղված 23 և տնտեսական գործունեության դեմ ուղղված 13 հանցագործությունների վերաբերյալ քրեական վարույթների նախաքննության օրինականության նկատմամբ, որոնցով քննության ներկա փուլում առկա տեղեկատվության համաձայն՝ պետությանը և համայնքներին պատճառված ընդհանուր վնասի չափը կազմում է շուրջ 600 միլիոն դրամ: Աննա Վարդապետյանը հանձնարարել է պարբերաբար պահանջել վերոնշյալ հանցագործություններով նախաձեռնված քրեական վարույթները, տալ հանձնարարություններ, կիրառել հնարավոր բոլոր դատախազական ներգործության միջոցները՝ քրեական վարույթների պատշաճ և համակողմանի նախաքննությունն ապահովելու, պետությանը և համայնքին պատճառված վնասները վերականգնելու ուղղությամբ: Հանրապետության գլխավոր դատախազին է զեկուցվել մարդու դեմ ուղղված ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, փամփուշտ ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու, կրելու վերաբերյալ մի շարք քրեական վարույթների ընթացքը: Խորհրդակցության ավարտին ՀՀ գլխավոր դատախազը մարզի դատախազի ուղեկցությամբ շրջայց է կատարել Մարզի դատախազության վերանորոգված շենքում, ծանոթացել դատախազների աշխատանքային պայմաններին:
09:47 - 18 հոկտեմբերի, 2024
Կներդրվի միասնական երթուղային ցանց․ ՏԿԵ փոխնախարարը Արագածոտնի մարզպետի հետ խորհրդակցություն է անցկացրել

Կներդրվի միասնական երթուղային ցանց․ ՏԿԵ փոխնախարարը Արագածոտնի մարզպետի հետ խորհրդակցություն է անցկացրել

Արագածոտնի մարզի բոլոր բնակավայրեր հասնող միասնական երթուղային ցանցի ներդրման աշխատանքները գործնական փուլում են։ Գործընթացը քննարկելու նպատակով Արագածոտնի մարզում էր Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը, որը Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի հետ խորհրդակցություն է անցկացրել համայնքապետների և Արագածոտնի մարզի երթուղիները սպասարկող կազմակերպությունների ղեկավարների մասնակցությամբ։ Այս մասին տեղեկացնում են Արագածոտնի մարզպետի աշխատակազմից: Մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, ողջունելով ներկաներին, նշել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականի կատարումն ապահովելով՝ ներդրվում է միասնական երթուղային ցանց, որը հանրային տրանսպորտով ապահովելու է անգամ մարզի ամենահեռավոր գյուղերին։ Փոխնախարարը ներկայացրել է ցանցի ներդրման նպատակով հայտարարվող մրցույթի մանրամասները, միջազգային լավագույն փորձը, լսել մասնակիցների առաջարկություններն ու դիտարկումները, որի արդյունքում վեր են հանվել խնդիրներն ու նախանշվել դրանց լուծման ուղիները։ Ամփոփելով խորհրդակցությունը՝ մարզպետը տեղի երթուղիները սպասարկող ընկերություններին հորդորել է ակտիվություն ցուցաբերել միասնական ցանցի ներդրման համար իրականացվող մրցույթում։
13:29 - 05 սեպտեմբերի, 2024
Դատախազությունը պարզաբանում է տարածել Եղիպատրուշում օտարման ոչ ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի վերաբերյալ

Դատախազությունը պարզաբանում է տարածել Եղիպատրուշում օտարման ոչ ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի վերաբերյալ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից 2024 թվականի հունվարի 5-ին ստացված գրության հիմքով՝ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում իրականացվել է ուսումնասիրություն: Այս մասին հայտնում են ՀՀ դատախազությունից։ «Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Արագածոտնի մարզի Ապարան համայնքի ղեկավարը 2019 թվականի ապրիլի 1-ի թիվ 131-Ա որոշմամբ՝ «Արագածոտնի մարզի Եղիպատրուշ բնակավայրի 8-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 2 հասցեում գտնվող՝ համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքում՝ 1208 թվականին և 1220 թվականին համայնքի կողմից ինքնակամ կառուցված եկեղեցին ճանաչել է համայնքային սեփականություն», որի հիմքով Կադաստրի կոմիտեն 2019 թվականի ապրիլի 4-ին գրանցել է Եղիպատրուշ համայնքի սեփականության իրավունքը: Նույն օրը՝ 2019 թվականի ապրիլի 4-ին, նույն իրավական հիմքերով Կադաստրի կոմիտեն գրանցել է Ապարան համայնքի սեփականության իրավունքը եկեղեցու նկատմամբ: Հետագայում՝ 2020 թվականի հունիսի 9-ին, Ապարան համայնքը Արագածոտնի մարզի Եղիպատրուշ բնակավայրի 8-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 2 հասցեում գտնվող եկեղեցին նվիրատվության պայմանագրով օտարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն: Նույն թվականի հուլիսի 6-ին Կադաստրի կոմիտեն գրանցել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու սեփականության իրավունքը: Մինչդեռ, «Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի է) ենթակետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում օտարման ենթակա չեն Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված ու Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն համարվող այն պաշտամունքային և քաղաքացիական կառույցները՝ մեհյանները, տաճարները, եկեղեցիները, մատուռները, վանական համալիրները, բնակելի, պալատական, արտադրական, կոմունալ, տնտեսական շինությունները, որոնց պահպանվածության վիճակը բացառում է դրանց ամբողջական գիտական վերականգնման և սկզբնական գործառնական նշանակությամբ օգտագործման հնարավորությունը: Նույն օրենքի 8-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է օտարման ոչ ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը: Կառավարության 2007 թվականի մարտի 15-ի թիվ 385-Ն որոշմամբ՝ Արագածոտնի մարզի Եղիպատրուշ բնակավայրի տարածքում գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցին ընդգրկվել է «Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում»: Այս դեպքում Արագածոտնի մարզի Ապարան համայնքի ղեկավարը, անտեսելով ՀՀ օրենքի համապատասխան հոդվածի պահանջը՝ Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված Եղիպատրուշ բնակավայրի տարածքում գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցին համարել է ինքնակամ կառույց, ճանաչել է համայնքի սեփականությունը, այնուհետև այն նվիրաբերել, որի արդյունքում պետական սեփականություն հանդիսացող եկեղեցին դուրս է եկել պետության տնօրինումից: Վերոգրյալը հաշվի առնելով՝ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության դատախազի կողմից 2024 թվականի հունվարի 22-ին հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել, 2024 թվականի հունվարի 24-ին նախաձեռնվել է քրեական վարույթ, իսկ 2024 թվականի փետրվարի 7-ին  հայց է հարուցվել Վարչական դատարան ընդդեմ Ապարան համայնքի ղեկավարի՝ Ապարան համայնքի ղեկավարի 01.04.2019 թվականի թիվ 131-Ա որոշումն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանք կիրառելու պահանջով: Վարչական դատարանի՝ 2024 թվականի փետրվարի 15-ի որոշմամբ վկայակոչված վարչական գործով հայցադիմումի ընդունումը մերժվել է: Վերաքննիչ վարչական դատարանի 2024 թվականի ապրիլի 22-ի որոշմամբ՝ Գլխավոր դատախազության վերաքննիչ բողոքը մերժվել է: Գլխավոր դատախազության կողմից վճռաբեկ բողոք է ներկայացվել: Միաժամանակ, 2024 թվականին հունիսի 11-ին Ապարան համայնքի ավագանուն առաջարկ է ներկայացվել՝ համայնքի ղեկավարի 2019 թվականի ապրիլի 1-ի թիվ 131-Ա որոշումն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանք կիրառելու պահանջով հայց հարուցել դատարան»:
11:48 - 03 հուլիսի, 2024
Վարդենուտցիները որոշ ժամանակով փակել էին Երևան-Ապարան ավտոճանապարհը․ այն բացել են Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելու պայմանով
 |factor.am|

Վարդենուտցիները որոշ ժամանակով փակել էին Երևան-Ապարան ավտոճանապարհը․ այն բացել են Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելու պայմանով |factor.am|

factor.am: Արագածոտնի մարզի Ապարան խոշորացված համայնքի Վարդենուտ գյուղի բնակիչներն առավոտից շուրջ 3 ժամ փակ են պահել Երևան-Ապարան ավտոճանապարհը։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Վարդենուտ բնակավայրի բնակիչ, ակցիայի մասնակից Արմեն Ամիրխանյանը։ Ճանապարհը փակած գյուղացիները դժգոհում են, որ համայնքի 110 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողերը պետությունը ճանաչել է հանրային գերական շահ և շուկայականից ցածր գներով ցանկանում է գնել։ Արմեն Ամիրխանյանի 2 հեկտար հողը ևս «Էկո գյուղ» ծրագրով հանրային գերակա շահ է ճանաչվել․ «Ռիդ» ՍՊԸ-ն մեկ քառակուսի մետրի համար նրան ու մյուս գյուղացիներին 300 դրամ է առաջարկում։ Վարդենուտցիների համար, սակայն, առաջարկվող գումարն ընդունելի չէ։ «Կոպեկներով մեզանից ուզում է հողերը խլել, այս ընթացքում բոլոր պատկան մարմիններին դիմել ենք։ Բոլոր մեթոդները կիրառել ենք՝ դիմել ենք Կառավարություն, ցույցեր ենք արել, դիմել ենք մարզպետարան, խոստացան, որ գները կվերանայեն, բայց նորից խաբված դուրս եկանք, որոշեցինք դարձյալ կտրուկ քայլերի դիմել»,-ասաց գյուղացին։ Վարդենուտի բնակչի տեղեկացմամբ՝ շուրջ 20 օր առաջ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն է գյուղ եկել և ընկերությանն առաջարկել հողերի գները վերանայել, բայց, Արմեն Ամիրխանյանի պնդմամբ, դա էլ էր ապարդյուն։ Նրա խոսքով՝ գյուղացիներն առաջարկում են 1 քառակուսի մետրի գին սահմանել 2000 դրամը։ «2 օր առաջ «Ռիդ»-ից մեզ կանչեցին իրենց օֆիս։ Մենք էլ մտածեցինք, թե գների վերանայման մասին է խոսքը, բայց իրենց պահեցին «խուժանի» պես, սպառնալիքով մեզ հետ խոսեցին, թե դատարանով հողերը կստանան»,-մանրամասնեց վարդենուտցին։ Գյուղացու խոսքով՝ հանդիպումից հետո բոլորը որոշել են, որ «Ռիդ» ՍՊԸ-ին հող չեն վաճառելու։ ««Ռիդ» ՍՊԸ-ին հող չունենք տալու, թեկուզ գինը 5000 դրամ դարձնի։ Թող ծրագիրը հանի և հեռանա մեր գյուղից»,- վրդովվեց մեր զրուցակիցը։ Արմեն Ամիրխանյանը նշեց, որ այսօր էլ ճանապարհը բացել են պայմանով, որ հանդիպեն Նիկոլ Փաշինյանի հետ, մարզպետն է խոստացել հանդիպում կազմակերպել վարչապետի հետ։ Նշենք, որ դեռ անցյալ տարի է Կառավարությունը հավանություն տվել Արագած լեռան լանջին լեռնադահուկային և էկո-գյուղատնտեսական նոր համալիրի ստեղծման ծրագրին, որը վերաբերելու է Արագածոտնի մարզի Վարդենուտ, Արագած, Արայի և Շենավան բնակավայրերին։ Ծրագրով հողամասերն ուղղակի վաճառքի ձևով օտարելու են «Ռիդ» ՍՊԸ-ին: Նախագծով 4 400 հեկտար տարածքի վրա ստեղծվելու է էկո-գյուղատնտեսական նոր գյուղ՝ 300 մինի ֆերմաներով, կից հյուրատներով: Նախատեսվում է կառուցել նաև 3 մլն խմ տարողությամբ ջրամբար, որպեսզի համալիրն ունենա ջրի հասանելիություն: Բացի այդ, ըստ ծրագրի, կառուցվելու է լեռնադահուկային համալիր 5 ճոպանուղային գծերով, մոտ 30 կմ սահուղիներով, հյուրանոցներով՝ իրենց ենթակառուցվածքներով։ Կառավարությունը համաձայնություն է տվել Ապարան համայնքին տարածքի ուղղակի վաճառքին, բայց համայնքն ինքն է վերջնական որոշումը կայացնելու: Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
12:33 - 24 հունիսի, 2024
Կոտայքում և Արագածոտնում ապօրինի սևահողի տեղափոխման ու օդի աղտոտման համար տուգանվել է բեռնատարի 14 վարորդ

Կոտայքում և Արագածոտնում ապօրինի սևահողի տեղափոխման ու օդի աղտոտման համար տուգանվել է բեռնատարի 14 վարորդ

Հողի բերրի շերտի ապօրինի օգտահանման, պահպանման և տեղափոխման վերահսկողական շուրջօրյա միջոցառումների ընթացքում հունիսի 1-12-ն ընկած ժամանակահատվածում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների կողմից հայտնաբերվել է ապօրինի ձեռք բերված սևահող տեղափոխող բեռնատարի ևս 5 վարորդ: «Կոտայքի և Արագածոտնի մարզերում «ԶԻԼ» և «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար ավտոմեքենաներն առանց թույլտվությունների փորձել են ապօրինի տեղափոխել ընդհանուր՝ 25.5 խմ սևահող։ Ստուգայցերի ընթացքում արձանագրվել է նաև առանց անթափանց ծածկոցի սորուն նյութեր տեղափոխող 9 բեռնատար: Բեռնատարները տեղափոխվել են ոստիկանության հատուկ պահպանվող տարածքներ։ Վարորդների նկատմամբ կնշանակվեն վարչական տույժեր։ Միջոցառումները շարունակվում են ՀՀ բոլոր մարզերում»,- ասված է ԲԸՏՄ-ի տարածած հաղորդագրության մեջ: 
16:54 - 12 հունիսի, 2024
Արցախցիների կարիքների համար գնումներ՝ ավագանու անդամների, նախկին ու ներկա պաշտոնյաներին փոխկապակցված ընկերություններից. տվյալների շտեմարան

Արցախցիների կարիքների համար գնումներ՝ ավագանու անդամների, նախկին ու ներկա պաշտոնյաներին փոխկապակցված ընկերություններից. տվյալների շտեմարան

Բռնի տեղահանված արցախցիների կարիքների համար իրականացված պետական գնումները կատարվել են «մեկ անձ» կամ «հրատապ մեկ անձ» ընթացակարգերով։ Ընդհանուր առմամբ կնքվել է մոտ 6 միլիարդ դրամի շուրջ 1000 պայմանագիր, որոնցից որոշները՝ նախկին ու ներկա պաշտոնատար անձանց փոխկապակցված ընկերությունների հետ։  Արցախի բնակչության տեղահանության ընթացքում ՀՀ կառավարությունը Առողջապահության, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի, Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություններին պետական բյուջեից միջոցներ էր հատկացրել՝ տեղահանված անձանց կեցության, սննդի եւ այլ առաջնային կարիքներ հոգալու համար։ 2023թ․ հոկտեմբերի 20-ի դրությամբ կառավարությունը նշված նախարարություններին տրամադրել էր շուրջ 15 մլրդ ՀՀ դրամ։ Առողջապահության նախարարությունը տեղահանվածների համար առողջապահական և լաբորատոր նյութեր է ձեռք բերել նախարար Անահիտ Ավանեսյանին փոխկապակցված ընկերություններից Նախարարությունը պայմանագրեր է կնքել առաջին օգնության ապրանքներ տրամադրող 6 իրավաբանական անձանց հետ. «Արփիմեդ», «Նատալի Ֆարմ», «Վագա Ֆարմ», «Թեոֆարմա Իմպորտ» ՍՊԸ-ներ եւ «Արֆարմացիա», «Ֆարմատեք» ՓԲԸ-ներ։ Գնումները կատարվել են «հրատապ մեկ անձ» ընթացակարգով, այսինքն՝ առանց մրցույթի։ Այս ընկերություններից երկուսը կապվում են ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ։ Մասնավորապես, «Արֆարմացիա» ընկերության 31% բաժնեմասը պատկանում է Անահիտ Ավանեսյանի մորը՝ Մարգուշ Վարդանյանին, իսկ 29,7% բաժնեմասը՝ Վաչե Մանուկյանին։ 2023 թ․-ի սեպտեմբերի 20-ին Առողջապահության նախարարությունը մոտ 455 հազար ՀՀ դրամի պայմանագիր է կնքել այս ընկերության հետ, որը մատակարարել է առողջապահական եւ լաբորատոր նյութեր։ Առողջապահության նախարարությունը 5 մլն 349 հազար ՀՀ դրամի պայմանագիր է կնքել նախարարի մոր ընկերության հետ փոխկապակցվող «Ֆարմատեք» ՓԲԸ-ի հետ։ Այս ընկերության իրական շահառուն նույնպես Վաչե Մանուկյանն է։ Վերը հիշատակված «Արֆարմացիա» ընկերության՝ իրական շահառուների վերաբերյալ հայտարարագրում «Ֆարմատեք» ընկերությունը գրանցված է որպես միջանկյալ ընկերություն։  Գործարար, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանին փոխկապակցված «Նատալի ֆարմ» ընկերությունից Առողջապահության նախարարությունը 1 մլն 910  հազար ՀՀ դրամի առողջապահական եւ լաբորատոր նյութեր է գնել։ Ընկերության տնօրենը Ասատուր Ասատրյանն է՝ «Աստղիկ» (նախկինում՝ «Մալաթիա») բժշկական կենտրոնի տնօրենը։ Ասատրյանը Սամվել Ալեքսանյանի քրոջ ամուսինն է։ Ասատուր Ասատրյանը ընկերության 99,9% բաժնետերն է, մնացած մասը պատկանում է Սամվել Ալեքսանյանի կնոջը՝ Շողերինա Մկրտչյանին։ ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի որդուն՝ Արտակ Հարությունյանին փոխկապակցվող «Արփիմեդ» ՍՊԸ-ի հետ Առողջապահության նախարարությունը կնքել է 2 մլն 68 հազար ՀՀ դրամի պայմանագիր։ Ընկերությունը մատակարարել է առողջապահական եւ լաբորատոր նյութեր։ Մինչև 2022 թվականը «Արփիմեդի» բաժնետեր է եղել Արտակ Հարությունյանը, այժմ ընկերության 100% բաժնետերը եւ տնօրենը Վաչագան Ղազարյանն է։  «Վագա Ֆարմ» եւ «Թեոֆարմա Իմպորտ» ընկերությունները համապատասխանաբար 4 մլն 134 հազար եւ 8 մլն 273 հազար դրամի պայմանագրերով ԱՆ-ին մատակարարել են դարձյալ առողջապահական եւ լաբորատոր նյութեր։  Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը պայմանագրեր է կնքել Սամվել Ալեքսանյանին առնչվող ընկերությունների հետ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը նախորդ տարվա հոկտեմբերի 20-ի դրությամբ տրամադրվել է ընդհանուր առմամբ  12 մլրդ 472 մլն 285 հազար դրամ, որից 234 մլն 697 հազար դրամը Կառավարության օգոստոսի 11-ի որոշմամբ հատկացվել է 5 իրավաբանական անձանցից կենցաղային եւ հանրային սննդի (մանկական սնունդ, կաթի փոշի, ալյուր, մակարոն եւ այլն) ձեռքբերմանը։ Այդ հինգ ընկերություններն են «Նատալի ֆարմ» ՍՊԸ, «Ալեքս Էնդ Հոլդինգ» ՍՊԸ, «Ավանի աղի կոմբինատ» ՓԲԸ, «ՄԼՏ եւ ԱՐՍ» գրուպ ՍՊԸ, «Բեյբի-Սիմ» ՍՊԸ։ Սամվել Ալեքսանյանին փոխկապակցված «Նատալի ֆարմ» ընկերությունից նախարարությունը կատարել է 56 մլն 414 հազար դրամի գնում։ Ընկերությունը մատակարարել է մանկական սնունդ։ Սամվել Ալեքսանյանի որդու՝ Գագիկ Ալեքսանյանի «Ալեքս Էնդ Հոլդինգ» ընկերությունից նախարարությունը կատարել է 81 մլն 140 հազար դրամի գնում։ Այս ընկերությունը մատակարարել է շաքարավազ, ձեթ, ալյուր, մակարոն։   «Ավանի աղի կոմբինատ» ընկերությունից սոցապ նախարարությունը կատարել է 2 մլն 880 հազար դրամի գնում։ Ընկերությունը մատակարարել է յոդացված աղ։  Այս ընկերության իրական սեփականատերերը Արկադի եւ Արեգ Ղուկասյաններն են, որոնք Արցախի քաղաքացիներն են (համապատասխանաբար 30 եւ 70% բաժնեմասերով)։ Արկադի Ղուկասյանը Արցախի երկրորդ նախագահն է, որն այժմ Բաքվում կալանավորված է։ Արեգ Ղուկասյանն Արկադի Ղուկասյանի եղբայրն է, որը ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր է եղել ՀՀ ԱԺ-ում։  «Բեյբի-Սիմ» ՍՊԸ-ից նախարարությունը կատարել է 42 մլն 263 հազար ՀՀ դրամի գնում։ Ընկերությունը մատակարարել է մանկական սնունդ, իսկ «ՄԼՏ եւ ԱՐՍ գրուպ» ընկերության հետ նախարարությունը կնքել է 52 մլն ՀՀ դրամի պայմանագիր, մատակարարվել է կաթի փոշի։  Մարզպետարանների աշխատակազմերի կատարած գնումները «Ինֆոքոմն» ուսումնասիրել է տեղահանված արցախցիների աջակցության շրջանակում Հայաստանի բոլոր մարզերի մարզպետարանների աշխատակազմերի կատարած գնումներն ու հատկացումները՝ առանձնակի ուշադրություն դարձնելով այն պայմանագրերին, որոնց գումարը գերազանցում է 10 մլն ՀՀ դրամը։  Ստորեւ ինֆոգրաֆիկայում ներկայացված է, թե ՀՀ մարզերում ինչպիսին է եղել բռնի տեղահանված արցախցիների բաշխվածությունը 2023-ի հոկտեմբերին եւ 2024-ի հունվարին, եւ թե մարզերից յուրաքանչյուրն ընդհանուր առմամբ որքան գումար է ծախսել նրանց առաջնային կարիքների համար (դեղին սյուներն արտացոլում են մարզում արցախցիների թիվը հոկտեմբերի դրությամբ, մոխրագույն սյուները՝ հունվարի դրությամբ։ Սեւ գծի գագաթներն արտացոլում են մարզպետարանների աշխատակազմերի կատարած ծախսերը՝ մլն դրամ արտահայտությամբ)։  «Ինֆոքոմն» ուսումնասիրել է մարզպետարանների աշխատակազմերի կնքած՝ հիմնականում 10 մլն դրամը գերազանցող գնման պայմանագրերը։ Առանձնացրել ենք բոլոր այն ընկերությունները, որոնք փոխկապակցված են նախկինում կամ ներկայում պետական պաշտոն զբաղեցնող անձանց հետ։  Միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ մեր ուսումնասիրությունը չի անդրադառնում բոլոր ընկերություններին, հրապարակում ենք Արցախից բռնի տեղահանված անձանց առաջնային աջակցություն տրամադրելու շրջանակում 2023թ-ի հոկտեմբերից դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում իրականացված պետական գնումների շտեմարանը։    Արագածոտնի մարզպետարան Արագածոտնի մարզպետարանը պայմանագիր է կնքել Աշտարակ համայնքի ավագանու անդամին պատկանող ընկերության հետ Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմը պայմանագրեր է կնքել 18 իրավաբանական անձանց հետ. 10-ը՝ անհատ ձեռներեց, 6-ը՝ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, 1-ը՝ Երեւանի պետական համալսարան հիմնադրամի, 1-ը՝ ՀՀ ԳԱԱ Վ․ Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան։ Բոլոր գնումները կատարվել են հրատապ մեկ անձ ընթացակարգով։ Ընդհանուր ծախսը կազմել է 260 մլն 931 հազար ՀՀ դրամ։ Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմն ընդհանուր առմամբ 12 մլն 936 հազար ՀՀ դրամի պայմանագրեր է կնքել «Էլիտ Էլֆա» ՍՊԸ-ի հետ, որից ամիսներ առաջ՝ 2023 թվականի հուլիսին, ընկերության 100 տոկոս  բաժնետեր է դարձել Արտաշատ համայնքի ավագանու անդամ Արտաշես Խաչատրյանը՝  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։ 2023-ի օգոստոսի 31-ին «Էլիտ Էլֆայի» նկատմամբ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Արագածոտնի մարզային բաժնի կողմից սահմանափակում է կիրառվել՝ պարտավորեցնելով ընկերությանը պետական բյուջե վճարել 551 հազար 843 դրամ։ ՀԿԱԾ-ից «Ինֆոքոմին» հայտնեցին, որ ընկերությունը չկատարված հարկային պարտավորություն ունի։ Այս ընկերությունը հյուրանոցային ծառայություններ է մատուցել տեղահանված անձանց համար։  Արարատի մարզպետարան Արարատի մարզպետարանի աշխատակազմը մեկ անձ ընթացակարգով պայմանագրեր է կնքել 6 ԱՁ-ի եւ 5 ՍՊԸ-ի հետ։ Ընդհանուր առմամբ ծախսը կազմել է 73 մլն 540 հազար ՀՀ դրամ։ Մատակարարվել է սնունդ, հիգիենայի պարագաներ, մատուցվել են հյուրանոցային ծառայություններ։ Մարզպետարանի աշխատակազմը Ասպրամ Խաչատրյան ԱՁ-ից կատարել է 9 մլն 500 հազար դրամի գնում՝ սնունդ եւ հիգիենայի պարագաներ։ Ասպրամ Խաչատրյանը Արարատի մարզի Արարատ համայնքի ավագանու անդամ է։ Ավագանու անդամի ԱՁ-ն 2024 թվականի հունվարի 22-ին նույնպես արգելանքի տակ է հայտնվել, որով ԱՁ-ից պետական բյուջեի օգտին 148 հազար դրամ պետք է բռնագանձվի։ Շիրակի մարզպետարան Շիրակի մարզպետարանի աշխատակազմը «մեկ անձ» ընթացակարգով պայմանագրեր է կնքել 22 ԱՁ-ի, 13 ֆիզիկական անձի, 1 արտադրական կոոպերատիվի, 8 ՍՊԸ-ի, 1 բարեգործական հիմնադրամի հետ։ Նաեւ մարզպետի որոշմամբ դրամական ուղիղ աջակցություններ են տրամադրվել 10 արցախցու։ Ընդհանուր առմամբ ծախսվել է 160 մլն 251 հազար ՀՀ դրամ։  Բացի մեկ անձ ընթացակարգով կազմակերպված գնումներից՝ Շիրակի մարզպետի որոշմամբ «Գյումրու բժշկական կենտրոն» ՓԲԸ Շիրակացի 21Ա մասնաշենքի պատասխանատու, էլեկտրիկ Մանվել Խաչատրյանին տրամադրվել է 3 մլն 296 հազար 664 ՀՀ դրամ՝ մասնաշենքում տեղակայված քառասուն տեղահանված անձանց առաջին անհրաժեշտության ապրանքներով ապահովելու համար (որոշման հիմք են հանդիսացել ՓԲԸ տնօրենի գրությունները)։ Մարզպետի մեկ այլ որոշմամբ Արթիկի համայնքապետարանի կողմից լիազորված անձ Վահրամ Զատիկյանին տրամադրվել է 1 մլն 144 հազար ՀՀ դրամ՝ Արթիկ համայնք տեղափոխված ընտանիքներին առաջին անհրաժեշտության ապրանքներով ապահովելու նպատակով (որոշման հիմք է հանդիսացել Արթիկ համայնքի ղեկավարի գրությունը)։ Արթիկի համայնքապետարանի կողմից լիազորված անձ Վահրամ Զատիկյանն ունի ԱՁ, որի հետ Շիրակի մարզպետարանը տեղահանված անձանց կարիքները հոգալու շրջանակում կնքել է 560 հազար դրամի պայմանագիր՝ հյուրանոցային ծառայությունների համար։  Կոտայքի մարզպետարան Կոտայքի մարզպետարանի աշխատակազմը հրատապ մեկ անձ ընթացակարգով պայմանագրեր է կնքել 15 ԱՁ-ի, 1 ֆիզիկական անձի, 24 ՍՊԸ-ի, ԳԱԱ ՈԱԿ-ի, ԵՊՀ հիմնադրամի, Ագրարային համալսարան հիմնադրամի հետ։ Ընդհանուր ծախսը կազմել է 1 մլն 125 հազար ՀՀ դրամ։ Հիմնականում մատուցվել են սննդի եւ գիշերակացի ծառայություններ։ Կոտայքի մարզպետարանի աշխատակազմը 36 մլն 997 հազար 600 դրամի պայմանագրեր է կնքել «Ոսկե գետակ Աղվերան» ՍՊԸ-ի հետ, որը մատուցել է սննդի եւ գիշերակացի ծառայություններ։ Այս ընկերության տնօրենը Վարդան Ավագյանն է, որը տարիներ առաջ մասնակցություն է ունեցել «Վանգաս» ՍՊԸ-ում, որի նախկին եւ այժմյան բաժնետերերից են Էդվարդ ու Արտաշես Վանյանները։ Վերջինս զբաղեցրել է ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի պետի պաշտոնը, 2021թ․-ից համակարգում չէ։  Կոտայքի մարզպետարանի աշխատակազմը 9 մլն 648 հազար դրամի պայմանագրեր է կնքել «Մուլտի ռեստ հաուս» ՍՊԸ-ի հետ, որը եւս մատուցել է սննդի եւ գիշերակացի ծառայություններ։ Այս ընկերության սեփականատերը Գագիկ Ծառուկյանն է, որի նկատմամբ, ըստ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի, կիրառված է սահմանափակում. «Արգելել Գագիկ Ծառուկյանին ընկերությունում ունեցած բաժնեմասի տնօրինման հետ կապված որևէ գործողության կատարումը»,- նշված է ռեգիստրում։ Գեղարքունիքի մարզպետարան Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմը «մեկ անձ» ընթացակարգով պայմանագրեր է կնքել 32 ԱՁ-ի եւ 14 ՍՊԸ-ի հետ։ Ընդհանուր առմամբ ծախսվել է 448 մլն 515 հազար ՀՀ դրամ։  Վայոց Ձորի մարզպետարան Վայոց Ձորի մարզպետարանի աշխատակազմը «հրատապ մեկ անձ» ընթացակարգով պայմանագրեր է կնքել 17 ԱՁ-ի, 10 ՍՊԸ-ի, 31 ֆիզիկական անձի, ՀԱԵ Վայոց Ձորի թեմի հետ։ Ընդհանուր ծախսը կազմել է 141 մլն 496 հազար ՀՀ դրամ։ Մեծ մասամբ մատուցվել են հյուրանոցային ծառայություններ, ինչպես նաեւ մատակարարվել են սննդի ծանրոցներ ու կենցաղային ապրանքներ։ Արմավիրի մարզպետարան Արմավիրի մարզպետարանի աշխատակազմը մեկ անձ ընթացակարգով պայմանագրեր է կնքել 9 ԱՁ-ի, 1 ՓԲԸ-ի եւ 5 ՍՊԸ-ի հետ։ Ընդհանուր ծախսը կազմել է 216 մլն 260 հազար ՀՀ դրամ։ Մատակարարվել են սնունդ, հիգիենայի պարագաներ, մատուցվել են հյուրանոցային ծառայություններ։ Լոռու մարզպետարան Լոռու մարզպետարանի աշխատակազմը հրատապ մեկ անձ ընթացակարգով պայմանագրեր է կնքել 56 ԱՁ-ի, 21 ՍՊԸ-ի, 1 ՓԲԸ-ի, 10 ֆիզիկական անձի, 1 բարեգործական հիմնադրամի հետ։ Ընդհանուր ծախսը կազմել է 302 մլն 166 հազար ՀՀ դրամ։ Սյունիքի մարզպետարան Սյունիքի մարզպետարանի աշխատակազմը հրատապ մեկ անձ ընթացակարգով պայմանագրեր է կնքել 12 ՍՊԸ-ի, 47 ԱՁ-ի, 12 ֆիզիկական անձանց հետ։ Ընդհանուր ծախսվել է 270 մլն 607 հազար ՀՀ դրամ։ Մատակարարվել է սնունդ, մատուցվել են հյուրանոցային ծառայություններ։ Տավուշի մարզպետարան Տավուշի մարզպետարանի աշխատակազմը հրատապ մեկ անձ ընթացակարգով պայմանագրեր է կնքել 63 իրավաբանական անձանց հետ, որոնցից 46-ը՝ ԱՁ, 13-ը՝ ՍՊԸ, 1-ը՝ ՓԲԸ, 3-ը՝ արտադրական կոոպերատիվ։ Ընդհանուր ծախսը կազմել է 246 մլն 556 հազար ՀՀ դրամ։ Ստորեւ ինֆոգրաֆիկայում արտացոլված է, թե որ մարզը քանի իրավաբանական կամ ֆիզիկական անձից է կատարել գնումներ եւ քանի անձի է տրամադրել աջակցություն     Հայարփի  ԲաղդասարյանԼուսանկարը՝ Միլենա Խաչիկյանի, Կոռնիձոր, 27 սեպտեմբերի, 2023թ․
17:31 - 06 փետրվարի, 2024
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։   Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։   Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:   Փակ են Վարդենյաց լեռնանցքը (ձյուն, բուք), Բերդ-Ճամբարակ (բուք է) և Տաշիր քաղաքից դեպի Շիրակի մարզի Վարդաղբյուր գյուղ տանող ավտոճանապարհները:   Դիլիջանի, Ստեփանավանի և Սպիտակի ոլորանները, Սյունիք գյուղից «Զանգեր» կոչվող հատվածը (միակողմանի) փակ են կցորդիչով բեռնատարների համար: Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար (անվաշղթաների կիրառման դեպքում):   Գյումրի-Բավրա, Արթիկ-Ալագյազ, Գոգավան-Ստեփանավան և Բլագադարնոյե-Կաթնառատ ավտոճապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Սյունիքի մարզի, Ափնա-Ծիլքար, Մաստարա-Լանջիկ ավտոճանապահները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար:   Կոտայքի, Արարատի, Արագածոտնի, Արմավիրի, Տավուշի (բացառությամբ Բերդ քաղաքի) մարզերում, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջաններում, Ստեփանավան, Վանաձոր, Տաշիր, Ճամբարակ քաղաքներում տեղում է ձյուն:   Շիրակի մարզի «Ղոչի աղբյուր» կոչվող տարածքում, Ապարանի, Արագածի տարածաշրջաններում և Ծաղկահովիտ գյուղում բուք է:   Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար։   Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
10:11 - 27 հունվարի, 2024
Պարեկներն օշականցու մոտ հայտնաբերել են կանեփանման և բյուրեղանման զանգվածներ

Պարեկներն օշականցու մոտ հայտնաբերել են կանեփանման և բյուրեղանման զանգվածներ

Հունվարի 20-ին՝ առավոտյան ժամը 05:15-ին, Օշական գյուղում ծառայություն իրականացնող Արագածոտնի մարզի պարեկները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի մի մեքենա, որի վարորդին, թմրամիջոց ապօրինի պահելու և օգտագործելու կասկածանքով, տեղափոխել են ոստիկանության Աշտարակի բաժին: Անձնական խուզարկությամբ օշականցի 35-ամյա տղամարդու բջջային հեռախոսի մարտկոցի պահոցում հայտնաբերվել է բյուրեղանման զանգվածով փաթեթ, իսկ գրպանի ծխախոտի տուփի մեջ եղած երեք փաթեթներում կար ընդհանուր 19 գրամ քաշով դեղնականաչավուն զանգված: Հայտնաբերվել է նաև ծալովի դանակ: Ըստ նրա՝ դեղնականաչավուն զանգվածը վայրաճ թփերից քաղած կանեփ է, իսկ բյուրեղանման զանգվածը ձեռք է բերել Տելեգրամ հավելվածի միջոցով, և երկուսն էլ անձնական օգտագործման համար են: Կազմված փաստաթղթերն ու 35-ամյա տղամարդը ներկայացվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն, հանգամանքները պարզվում են:
14:21 - 22 հունվարի, 2024
Արագածոտնի նախկին մարզպետին, եղբորն ու նրանց կանանց հրավիրել են ապօրինի գույքի բռնագանձման գործերով վարչություն
 |hetq.am|

Արագածոտնի նախկին մարզպետին, եղբորն ու նրանց կանանց հրավիրել են ապօրինի գույքի բռնագանձման գործերով վարչություն |hetq.am|

hetq.am: Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանին, կնոջը, եղբորը՝ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրի Սահակյանին և վերջինիս կնոջը հրավիրել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: Նրանց պատկանող գույքի առնչությամբ իրականացվում է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր: Այս փուլում դատախազությունը չի հրապարակում բռնագանձման ենթակա գույքի ցանկը՝ պատճառաբանելով,  թե ներկայացվող ապացույցներով, բացատրություններով հնարավոր է ցանկը փոփոխվի:  Սարգիս Սահակյանը, կինը՝ Մելինե Գենջոյանը, եղբայրը՝ Նաիրի Սահակյանն ու վերջինիս կինը՝ Կարինե Ավագյանը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն պետք է ներկայանան հունվարի 22-ին: Նշենք, որ Սահակյան եղբայրներն անցնում են նաև քրեական գործով: Հակակոռուպցիոն քրեական դատարանում քննվող գործով Սարգիս Սահակյանը մեղադրվում է այն բանում, որ ի պաշտոնե տեղյակ լինելով Հյուսիս-հարավ միջանցքի շինարարության ծրագրի մասին, որն անցնելու է նաև Երևան-Գյումրի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհով, այդ թվում՝ նաև Արագածոտնի մարզի Կաքավաձոր համայնքի վարչական տարածքով, Կաքավաձոր համայնքի ղեկավարի հետ եղբորը՝ Նաիրի Սահակյանին թույլատրել է իրականացնել ապօրինի շինարարական աշխատանքներ, նշված գյուղատնտեսական նշանակության հողատարածքի վրա կառուցել ինքնակամ շինություններ:  Նախկին մարզպետը, օգտագործելով իր հեղինակությունը մարզի տարածքում, ի պաշտոնե ազդելով Կաքավաձոր համայնքի ղեկավարի  վրա, համոզելով՝ օրինականացրել է ապօրինի շինությունները: Մեղադրանք է առաջադրվել նաև Նաիրի Սահակյանին և Կաքավաձոր համայնքի ղեկավարին: Դատարանում գործի քննությունը շարունակվում է:  
21:13 - 18 հունվարի, 2024
Եկամտային հարկի վերադարձման համակարգը 2027 թ. չի կիրառվի Արագածոտնի, Արարատի, Արմավիրի եւ Կոտայքի մարզերում

Եկամտային հարկի վերադարձման համակարգը 2027 թ. չի կիրառվի Արագածոտնի, Արարատի, Արմավիրի եւ Կոտայքի մարզերում

Կառավարությունն առաջարկում է ըստ մարզերի եւ ըստ տարիների աստիճանաբար կրճատել հիպոտեկային վարկի սպասարկման համար վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից վճարված տոկոսների գումարների չափով եկամտային հարկի վերադարձման համակարգի կիրառության շրջանակը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից։ ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներով սահմանվում է, որ 2027 թվականի հունվարի 1-ից հետո հիպոտեկային վարկերի մասով եկամտային հարկը չի վերադարձվի, եթե գույքը գտնվում է Երեւան քաղաքին հարակից` Արագածոտնի, Արարատի, Արմավիրի եւ Կոտայքի մարզերում, իսկ 2029 թվականի հունվարի 1-ից հետո` եթե գույքը գտնվում է այլ մարզերում: Սահմանափակումները չեն կիրառվի Կառավարության հաստատած ցանկում ներառված սահմանամերձ բնակավայրերում գտնվող կամ կառուցվող անշարժ գույքի համար: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի տեղեկացմամբ վերջին փոփոխությունն էլ վերաբերում է վերադարձվող եկամտային հարկի եռամսյակային առավելագույն սահմանաչափին, որը գործող օրենսդրությամբ սահմանված է մինչեւ 1,5 մլն դրամի չափով: Նախագծով նախատեսվում է այն նվազեցնել` սահմանելով, որ վարկառուին եւ համավարկառուներին վերադարձման ենթակա եկամտային հարկի ընդհանուր գումարը յուրաքանչյուր եռամսյակի համար չի կարող գերազանցել 750 հազար դրամը: Զեկուցողի խոսքով առաջարկվող փոփոխությունները հետադարձ ուժ չեն ունենալու: «Բոլոր այն քաղաքացիները, որոնք շահառու կամ մասնակից են դարձել այս համակարգին այդ պահին գործող կանոններով, կշարունակեն շահառու մնալ նույն պայմաններով մինչեւ հիպոտեկային վարկի գործողության ավարտը»,- մանրամասնել է Արման Պողոսյանը: Փոխնախարարը հիշեցրել է, որ Երեւան քաղաքում 2025 թվականի հունվարի 1-ից հետո ստացվող վարկերի մասով այլեւս հիպոտեկային վարկերի սպասարկման տոկոսների վերադարձ չի կատարվի: Նշված ժամանակային սահմանափակումը չի կիրառվի միայն մինչեւ 2022 թվականի հունվարի 1-ը շինարարության թույլտվություն ստացած բազմաբնակարան բնակելի շենքից բնակարան գնելու գործարքների համար: Ըստ Արման Պողոսյանի` նախագծի ընդունման նպատակն է խթանել մարզերում քաղաքաշինական եւ տնտեսական ակտիվությունը, զսպել հիպոտեկային վարկերի սպասարկման գծով վերադարձվող եկամտային հարկի գումարների աճը: Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը նշել է, որ նախագծի նպատակներից է հիփոթեքային վարկերի սպասարկման գծով վերադարձվող եկամտային հարկի գումարների անշեղ աճը զսպելը երկարաժամկետ հեռանկարում: Ըստ փոխնախարարի՝ այդ համակարգի բացասական կողմը եկամուտների վերաբաշխման վրա անհամարժեք ազդեցությունն է այն իմաստով, որ համակարգից օգտվում են հիմնականում միջին ու բարձր եկամուտ ունեցողները:  «Բարձր ու միջին եկամտային խմբերում գտնվողների համար եկամտային հարկի արդյունավետ դրույքաչափն էականորեն ավելի ցածր է, քանի որ վճարում ու ամբողջությամբ կամ մասամբ հետ են ստանում, քան այն քաղաքացիների եկամտային հարկի արդյունավետ դրույքաչափը, որոնք այս համակարգի շահառու չեն: Փաստացի կարող ենք ասել, որ եկամտային հարկը ռեգրեսիվության տարրեր է պարունակում»,-ասաց Պողոսյանը: Փոխնախարարը պատասխանել է փոփոխությունների վերաբերյալ պատգամավորների հարցադրումներին ու մտահոգություններին: Կառավարության ներկայացուցիչը չի համաձայնել այն դիտարկմանը, թե նախագիծը հապճեպ է քննարկվում. այն քննարկվում է ութ ամսից ավելի: Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը փաստել է, որ համակարգի ներդրման նպատակն ի սկզբանե չի եղել բնակարանային ապահովվածությունը, այլեւ` շինարարության ոլորտի զարգացումը: Պատգամավորի կարծիքով այն ոչ միայն խթանել է շինարարության աճը, հնարավորություն ընձեռել մարդկանց ձեռք բերելու բնակարան, այլ նաեւ նպաստել է ստվերի կրճատմանը: «Մենք պետք է հասկանանք, թե որտեղ է նպատակահարմար բնակարանաշինությունը կամ շենքերի շինարարությունը խթանել: Կարծում եմ` հարցի պատասխանը պետք է ստանանք քաղաքաշինության ոլորտում քաղաքականություն մշակող մարմնից»,- ընդգծել է Բաբկեն Թունյանը: Նա առաջարկել է պատգամավորներին ընդունել նախագիծը ներկայացված տարբերակով եւ մինչեւ երկրորդ ընթերցում շահագրգիռ մարմինների հետ քննարկել պատգամավորների առաջարկները: Նախաձեռնությունն առաջին ընթերցմամբ քննարկվել է Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` հունվարի 10-ի նիստում, ստացել դրական եզրակացություն:
15:07 - 10 հունվարի, 2024
Մարզերում քաղաքացիական պաշտպանության միջոցառումները շարունակվում են

Մարզերում քաղաքացիական պաշտպանության միջոցառումները շարունակվում են

Հոկտեմբերի 25-ին Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում ՆԳՆ ՓԾ Արագածոտնի ՄՓՎ փրկարական ծառայողների մասնակցությամբ անցկացվեց «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը ՔՊ համակարգի խաղաղից ռազմական դրության փոխադրման ժամանակ» թեմայով շտաբային ուսումնավարժություն, որը ղեկավարում էր Ալագյազ համայնքի ղեկավարը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Ուսումնավարժությանը մասնակցում էին Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի աշխատակազմը, ՔՊ շտաբը, տարհանման հանձնաժողովը և կազմավորումների հրամանատարները։ Շտաբային ուսումնավարժության նպատակն էր՝ Ստուգել համայնքի ՔՊ պլանի իրատեսությունը, Կատարելագործել համայնքի ղեկավար կազմի, ՔՊ շտաբի, կազմավորումների ունակությունները ռազմական դրության պայմաններում ճիշտ որոշումների ընդունման և պլանով նախատեսված ՔՊ միջոցառումների իրականացման ուղղությամբ։ Ուսումնավարժանքի ավարտին ներկայացվել են անցկացման ժամանակ ի հայտ եկած թերությունները, դրանց վերացման ուղղությամբ արվել են առաջարկություններ, իսկ ուսումնավարժության ղեկավարը հանձնարարել է ծառայությունների փոխգործողություններն արդյունավետ կազմակերպելու նպատակով հաճախակի կազմակերպել սեմինար պարապմունքներ։ Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Տալվորիկ և Արտամետ բնակավայրերում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Հաղթանակ բնակավայրերում, ինչպես նաև Հաղթանակ բնակավայրի վարչական շենքում, միջնակարգ դպրոցում և մանկապարտեզում անցկացվել են համապատասխանաբար ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների իրականացումը» և «Պատսպարման կազմակերպումը թեմաներով վարժանքներ, «Ազդարարում, պատսպարում և տարհանում» թեմայով գործնական պարապմունք, «Բնակչության վարվելակերպի կանոնները «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում և տարհանման աշխատանքների իրականացումը» թեմայով դասընթացներ: Մարզային փրկարարական վարչությունների կողմից իրականացվող միջոցառումների ընթացքում գործարկվել են էլեկտրական շչակները, որի արդյունքում կազմակերպվել է բնակիչների տարհանում և պատսպարում, ինչպես նաև ուսուցանվողներին ներկայացվել են «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության պաշտպանության վարվելակերպի կանոնները։ Մասնակիցները կարևորել են նման միջոցառումների կազմակերպումը և բնակչության պաշտպանության վարվելակերպի կանոնների ճիշտ մատուցումը:
13:31 - 04 նոյեմբերի, 2023
Արթուր Բաղդասարյանի գործարանը չի վճարում գյուղացիներից նախորդ տարի մթերած խաղողի գումարները |hetq.am|

Արթուր Բաղդասարյանի գործարանը չի վճարում գյուղացիներից նախորդ տարի մթերած խաղողի գումարները |hetq.am|

hetq.am: Աբրահամ Գենջոյանը դեռ նախորդ տարվա հանձնած խաղողի գումարը չի ստացել: Հույս էլ չունի որ կստանա, թեև պայմանագրով նախատեսված էր, որ մայիսին պետք է գործարանը վճարեր: 120 դրամով 7,5 տոննա խաղողը հանձնել է Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղում գտնվող «Հայասի» գործարանին: «Ամեն անգամ մեզ խաբել են՝ էսօր կտանք, էգուց կտանք: Հավաքվեցինք, գնացինք գործարան, դժգոհեցինք, ոստիկաններ եկան, մեզ համոզեցին, թե գնացեք, սեպտեմբերի վերջ կեսը կվճարեն, մնացածն էլ հոկտեմբերի սկզբին: Թողեցինք, եկանք տուն, բայց գումարները չենք ստացել»,-ասում է Ա. Գենջոյանը: Աբրահամ Գենջոյանը 8000 քմ խաղողի այգի ունի Արմավիրի մարզի Խանջյան գյուղում, որից 3000 քմ այս տարի անտերության է մատնել: Չի ոռոգել, որևէ ծախս չի արել, որ գոնե ոռոգման ջրի գումար չվճարի: Ասում է՝ խաղողի մշակությունը վնասով են իրականացնում: Մեծ դժվարությամբ են խաղողի մթերման պայմանագրեր կնքում, իսկ ում հետ էլ հաջողվում է պայմանագիր կնքել՝ գումարները տարիներով չեն վճարում: Այս տարի ևս ստիպված «Հայասի» գործարանին է հաձնել խաղողի բերքը, քանի որ այլ գործարանների հետ պայմանագիր կնքել չի հաջողվում: Աբրահամ Գենջոյանը պատմեց, որ նախկինում գործարանները միայն գյուղացիների հետ էին գործ ունենում: Վերջին տարիներին հայտնվել են «միջնորդներ», ովքեր կապեր ունեն գործարաններում: Կնքում ենք 50-60 տոննայի պայմանագրեր, գյուղացիներից խաղողը գնում են 80 դրամով ու գործարանին հանձնում՝ 120 դրամով: Այն գյուղացիները, ովքեր պայմանագրեր չունեն, ստիպված համաձայնում են այդ պայմանին՝ վնաս կրելով: «40-50 հազ. դրամ տալիս ենք խաղողը բեռնատարով գործարան հասցնելու համար, 7 հոգի բանվոր ենք բերում՝ 7000 դրամով, դրան ավելացնում ենք նաև սնունդը: Ստացվում է դաշտում մոտ 1,5 տոննա խաղող արդեն դուրս ենք տալիս, մնացածն էլ հանձնում ենք ու փող չենք ստանում: Լավ, բա ես ինչո՞վ հող ու ջրի վարձ վճարեմ, ոնց ապրեմ: Էլ չեմ ասում, թե մեկ տարվա ընթացքում ինչքան աշխատանք ենք կատարում այգում, ինչքան թունաքիմիկատ ենք առնում»,-ասում է Ա. Գենջոյանը և հավելում, որ Խանջյանում իր նման ևս 30 հոգի կա, ովքեր չեն ստացել նախորդ տարիների խաղողի գումարը: Ոչ միայն Խանջյանի, այլև մարզի Աղավնատուն, Արագած գյուղերի խաղողագործները սպասում են նախորդ տարվա խաղողի գումարներին: Նրանք ևս հանձնել են «Հայասի» գործարանին ու անհույս սպասում են: Հարկ է նշել, որ առաջին տարին չէ, երբ «Հայասին» խախտում է պայմանագրային պարտավորությունները և գյուղացիներին ժամանակին չի վճարում: Էկոնոմիկայի նախարարությունից «Հետք»-ին հայտնել են, որ սեպտեմբերի 13-ի դրությամբ 2022թ. մթերած խաղողի դիմաց գործարանների պարտքի չափը կազմում է 223 մլն 400 հազ. դրամ, որից միայն 150 մլն դրամը բաժին է ընկնում «Հայասի գրուպ» ՍՊԸ-ին: Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
11:39 - 20 հոկտեմբերի, 2023
Հանրահավաքին ընդառաջ «անհայտացած մարզպետները»․աշխատավայրում չէ, գործուղման է, արձակուրդում է, նոր է դուրս եկել, չի պատասխանում

Հանրահավաքին ընդառաջ «անհայտացած մարզպետները»․աշխատավայրում չէ, գործուղման է, արձակուրդում է, նոր է դուրս եկել, չի պատասխանում

Համացանցում ինչպես տարբեր օգտատերեր, այնպես էլ դիտորդական առաքելությունները ահազանգում են այն մասին, որ Երեւանի ավագանու ընտրություններին ընդառաջ վարչական ռեսուրս է կիրառվում։ Շրջանառվում են տեղեկություններ, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության այսօրվա երթին եւ քարոզարշավին ներկա են լինելու տարբեր գերատեսչությունների աշխատակիցներ ինչպես Երեւանից, այնպես էլ մարզերից։ Infocom.am-ը մինչ աշխատանքային ժամի ավարտը՝ 17:25-ից սկսած, զանգահարեց Հայաստանի մարզերի ղեկավարների աշխատանքային հեռախոսահամարներին՝ պարզելու արդյո՞ք նրանք աշխատավայրում են։ Որեւէ մարզպետի աշխատանքային համարով մարզպետների հետ կապ հաստատել չհաջողվեց։ Ստորեւ ներկայացնում ենք, թե ժամը քանիսին որ մարզպետարանից ինչ պատասխաններ ենք ստացել։17:25 - Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի, մարզպետի տեղակալներ Ռուբիկ Նավոյանի եւ Վահան Զարոյանի աշխատանքնային հեռախոսահամարներին զանգերը պատասխան չեն ստացել։ Մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Սեւակ Խլղաթյանը մեր զրույցում ասաց, որ մարզպետն արձակուրդում է, տեղում չէ։ Միաժամանակ նա նշեց, որ մարզպետը քիչ առաջ է դուրս եկել․ «Այս պահին կառավարությունում է, թե մարզում՝ չեմ կարող ասել»,- ասաց Խլղաթյանը՝ հավելելով, որ այդ պահին մարզպետի տեղակալներն էլ տեղում չեն, բայց արձակուրդում էլ չեն, գործուղման մեջ են, նրա խոսքով՝ աշխատանքային այցով մարզում։ 17:31 - Արմավիրի մարզպետի օգնականը պատասխանեց, որ մարզպետը տեղում չէ, նա այսօրվանից երկու շաբաթով գնացել է արձակուրդ։ 17։36 - Կոտայքի մարզպետարանից հաղորդեցին, որ մարզպետը տեղում չէ եւ չգիտեն՝ այսօր կվերադառնա աշխատավայր, թե ոչ։ 17:38 - Լոռու մարզպետի աշխատանքային հեռախոսահամարին պատասխանեց մարզպետարանի աշխատակիցը՝ ասելով, որ մարզպետը տեղում չէ, եւ ինքը չգիտի՝ վերջինս որտեղ է եւ երբ կվերադառնա։ Նա նշեց, թե «հավանաբար գործուղման է», բայց չգիտի՝ որտեղ։ Աշխատակիցը խնդրեց մինչեւ աշխատանքային ժամի ավարտը եւս մեկ անգամ փորձել, գուցե մարզպետը վերադարձած լինի, սակայն 17:52 մարզպետը դարձյալ տեղում չէր։ 17:40 - Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի աշխատանքային հեռախոսահամարին պատասխանեց ընդունարանի աշխատակիցը։ Հարցին՝ պարոն Ղուկասյանի հետ կարո՞ղ ենք խոսել, նա պատասխանեց՝ մարզպետը խորհրդակցության է, թե երբ է ավարտելու՝ հայտնի չէ։ Նա տրամադրեց օգնականի համարը։ Ղուկասյանի օգնականը՝ Մարգարիտան, սակայն, մեր զրույցում ասաց, որ մարզպետն այսօր Երեւանում է եւ մարզ կվերադառնա վաղը։ Հարցին՝ մարզպետը գործուղմա՞ն է, օգնականն ասաց՝ ոչ, ճշտող հարցին՝ գուցե անձնակա՞ն հարցերով է Երեւանում, օգնականը դրական պատասխանեց։ 17:45 - Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի աշխատանքային հեռախոսահամարին պատասխանեց գործավարը։ Նա նշեց, որ Մուրադյանը հանդիպման է, դուրս է եկել ու տեղում չէ։ Նա շեշտեց, որ աշխատանքային ժամը տասը րոպեից ավարտվում է, ուստի այսօր նրա հետ խոսել չի լինի։ Աշխատակիցը տրամադրեց մարզպետի օգնական Անժելայի համարը՝ նշելով, որ այս պահին օգնականն էլ չի կարող պատասխանել։ Հարցին՝ կարո՞ղ ենք խոսել մարզպետի տեղակալների հետ, աշխատակիցը պատասխանեց, որ տեղակալներից Աննա Մարտիկյանը երկրում չէ, մյուս տեղակալն էլ՝ Ալբերտ Այվազյանը, «նրանց հետ է»։ Ճշտող հարցին՝ մարզպետի հե՞տ, աշխատակիցը դրական պատասխանեց։ Հարցին՝ մարզո՞ւմ է հանդիպման, աշխատակիցը նշեց, որ այսքանից ավելին պատասխանել չի կարող՝ կասկած հայտնելով նաեւ, որ գուցե զանգահարողն այն անձը չէ, որ ներկայանում եմ (զանգի սկզբում լրագրողը հնչեցրել է իր իրական անունը, նշել լրատվամիջոցի անունը՝ infocom.am)։ Մարզպետի օգնականը՝ Անժելան, 17:50-ին պատասխանեց զանգին։ Նա ասաց, որ մարզպետի հետ չէ, հարցը կարող ենք իրեն հղել։ Արդյոք մարզպետը մարզո՞ւմ է, Անժելան պատասխանեց, որ տեղյակ չէ եւ չի կարող մարզպետի անձնական հեռախոսահամարը տրամադրել։ Քանի որ մեր զրուցակցի կողքից մարդկանց աղմուկի ձայներ էին, օգնականից հետաքրքրվեցինք՝ աշխատավայրո՞ւմ է, նա պատասխանեց, որ դրսում է։ Ճշտող հարցին՝ դրսում՝ Երեւանո՞ւմ, օգնականը պատասխանեց, որ ոչ եւ հիմա կբարձրանա աշխատասենյակ։ 17:48 - Տավուշի մարզպետարանի աշխատակիցը հաղորդեց, որ մարզպետը տեղում չէ, ինքն էլ չի կարող ասել՝ այսօր կվերադառնա՞, թե՞ ոչ, որովհետև աշխատանքային այցով մարզի տարածքում է, «քիչ առաջ է գնացել»։ 17:31, 17:55 - Արարատի մարզպետի աշխատանքային հեռախոսահամարին զանգերն անպատասխան մնացին։ 17:36, 17:57 - Արագածոտնի մարզպետի աշխատանքային հեռախոսահամարին զանգերն անպատասխան մնացին։Լուսանկարը՝ «Քաղաքացիական պայմանագրի» ֆեյսբուքյան էջից
19:13 - 15 սեպտեմբերի, 2023
Անձը արգելանքից ազատ է արձակվել. Գոռ Աբրահամյանը՝ Արագածավանի դեպքի մասին

Անձը արգելանքից ազատ է արձակվել. Գոռ Աբրահամյանը՝ Արագածավանի դեպքի մասին

Արագածավանի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում երեկ Ս․Թ․-ի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, և նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասի (հարվածներ հասցնելը կամ բռնի այլ գործողություններ կատարելը) հատկանիշներով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։ «Այս հոդվածը կալանք չի նախատեսում: Անձը արգելանքից ազատ է արձակվել»,- այս մասին «Լուրերին» հայտնել է Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը: Ինչպես ավելի վաղ հայտնել էին Քննչական կոմիտեից՝ 2023 թ. հունիսի 7-ին Ոստիկանության Թալինի բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 19:00-ի սահմաններում, Արագածավան բնակավայրում գտնվող ավտոմեքենաների լվացման կետի մոտ ծագած վիճաբանության ընթացքում բնակավայրի բնակիչ Ս․ Թ․-ն գազաբալոնով գազ է փչել նույն բնակավայրի բնակիչ, 24-ամյա Ա․ Ս․-ի դեմքին, փայտով հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածք։ Վերջինս ստացել է ամբուլատոր բուժօգնություն։ Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ:   2023 թ. հունիսի 8-ին՝ ժամը 00.15-ին, Ս․ Թ․-ն ոստիկանության աշխատակիցների կողմից ներկայացվել է Թալինի քննչական բաժին:   Որոշում է կայացվել հանցանք կատարած լինելու՝ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով վերջինիս ձերբակալելու մասին:   Ա․ Ս․-ն ճանաչվել է տուժող։
15:11 - 09 հունիսի, 2023
Թալինի ՋՕԸ վերահսկողության պետ Սուրեն Թորոսյանը ձերբակալվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Արագածավանում տեղի ունեցած դեպքից

Թալինի ՋՕԸ վերահսկողության պետ Սուրեն Թորոսյանը ձերբակալվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Արագածավանում տեղի ունեցած դեպքից

Թալինի ՋՕԸ վերահսկողության պետ Սուրեն Թորոսյանը ձերբակալվել է։ Այս մասին Infocom-ին հայտնել են Ոստիկանությունից՝ նշելով, որ Արագածավան գյուղի բնակչին ծեծի ենթարկելու վերաբերյալ հաղորդում է ստացվել Ոստիկանության Թալինի բաժին, մեկ անձ ձերբակալվել է։  ՀՀ Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը իր ֆեյսբուքյան էջում մանրամասներ է ներկայացրել դեպքից․  «2023թ հունիսի 7-ին Ոստիկանության Թալինի բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 19.00-ի սահմաններում, Արագածավան բնակավայրում գտնվող ավտոմեքենաների լվացման կետի մոտ ծագած վիճաբանության ընթացքում բնակավայրի բնակիչ Ս․ Թ․-ն (Սուրեն Թորոսյան-խմբ․) գազաբալոնով գազ է փչել նույն բնակավայրի բնակիչ, 24-ամյա Ա․Ս․-ի դեմքին, փայտով հարվածներ հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածք։ Վերջինս ստացել է ամբուլատոր բուժօգնություն։ Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասով (հարվածներ հասցնելը կամ բռնի այլ գործողություններ կատարելը) նախաձեռնվել է քրեական վարույթ: 2023թ. հունիսի 8-ին՝ ժամը 00.15-ին, Ս․ Թ․-ն ոստիկանության աշխատակիցների կողմից ներկայացվել է Թալինի քննչական բաժին: Որոշում է կայացվել հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով վերջինիս ձերբակալելու մասին: Ա․ Ս․-ն ճանաչվել է տուժող։ Քրեական վարույթով կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։ Քրեական վարույթի համար նշանակություն ունեցող մի շարք հանագամանքներ օպերատիվ ճանապարհով պարզելու նպատակով ոստիկանության աշխատակիցներին տրվել է հանձնարարություն: Նախաքննությունը շարունակվում է: Դեպքի լիարժեք հանգամանքները պարզվում են»,- նշել է Աբրահամյանը։  Նշենք, որ ԶԼՄ-ներում երեկ տեղեկություն էր տարածվել, որ Թորոսյանը ծեծի է ենթարկել Արագածավան գյուղի բնակիչ Ա.Ս.-ին, որի մոտ ախտորոշված է էպիլեպսիա հիվանդություն։ Միջադեպը առաջացրել է Արագածավանի բնակիչների զայրույթը, վերջիններս փակել էին Գյումրի-Երևան ավտոճանապարհը։
12:57 - 08 հունիսի, 2023