Իլհամ Ալիև

Իլհամ Ալիևը Ադրբեջանի ներկայիս նախագահն է։ 1977 թվականին ընդունվել է Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ:

2003 թվականի հոկտեմբերի 15-ին ընտրվել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ: Վերընտրվել է 2008, 2013, 2018 թվականներին։

Քանի դեռ խաղաղության պայմանագիր չի ստորագրվել, տարածաշրջանում կայունություն չի լինի. Ալիև
 |factor.am|

Քանի դեռ խաղաղության պայմանագիր չի ստորագրվել, տարածաշրջանում կայունություն չի լինի. Ալիև |factor.am|

factor.am: Կարևոր է պաշտպանել տարածաշրջանը մեզ շրջապատող ցանկացած ճգնաժամից։ Հարավային Կովկասի տարածաշրջանը տասնամյակներ շարունակ եղել է առճակատման և թշնամանքի ասպարեզ։ Այս մասին Euronews-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Հիմա մեզ մոտ համեմատաբար հանգիստ շրջան է։ Դրա համար մենք պետք է կենտրոնանանք դրա վրա, ստեղծենք անվտանգության մեխանիզմներ, որոնք կլինեն համապարփակ, վերացնենք նոր ռազմական առճակատման ցանկացած սպառնալիք և  փորձենք բարիդրացիական հարաբերություններ ունենալ, ինչպես սովոր էինք Խորհրդային Միության ժամանակ»,- հայտարարել է Ադբեջանի նախագահը։ Նա նշել է՝ այդ ժամանակ անկախ երկրներ չեն եղել և չեն կարողացել իրենց ապագան պլանավորել։ Նա նաև հայտարարել է, թե պատերազմն ավարտվում է միայն այն ժամանակ, երբ կնքվում է խաղաղության պայմանագիր։ «Հիմա էլ՝ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից գրեթե հինգ տարի անց, մենք Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր չունենք։ Այո՛, հանգիստ ժամանակաշրջան ենք ապրում, զոհեր այլևս չկան, և սա ստեղծված իրավիճակում  մեծ առավելություն է։ Բայց քանի դեռ խաղաղության պայմանագիր չի ստորագրվել, այստեղ նման կայունություն չի լինի»,- ասել է Ադրբեջանի նախագահը։ Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։
21:10 - 14 մարտի, 2025
Հայաստանի հանդեպ վստահության մակարդակը մոտ է զրոյականին. մեզ փաստաթղթեր են պետք. Ալիև
 |tert.am|

Հայաստանի հանդեպ վստահության մակարդակը մոտ է զրոյականին. մեզ փաստաթղթեր են պետք. Ալիև |tert.am|

tert.am: Հայաստանի նկատմամբ վստահության մակարդակը մոտ է զրոյականին։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով Բաքվի «Գլոբալ Բաքվի ֆորումի» միջոցառմանը։ «Դրա համար մենք չենք վստահում նրանց խոսքերին։ Որովհետև սրանք այն մարդիկ չեն, որոնց կարող ենք վստահել, այդ թվում՝ այսօրվա կառավարությանը: Կրկին, նրանց ասածներից ոչինչ մեզ համար ոչինչ չի նշանակում: Փաստաթղթեր են պետք, թղթեր են պետք։ Մենք պետք է ապահովենք, որ նրանց սահմանադրությունը Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ չպարունակի։ Այնտեղ դրանք դեռ առկա են։ Մեզ պետք է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարվի: Սա մեր ուղերձն է Հայաստանին, և մենք հայտարարում ենք, որ Մինսկի խումբը պահպանելու տրամաբանություն չկա։ Այն ստեղծվել է Ղարաբաղի հարցը լուծելու համար։ Այսօր այս հարցը լուծված է։ Հայաստանը ճանաչում է Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս: Ինչո՞ւ չեք միանում մեզ և ԵԱՀԿ-ին համատեղ հայտարարություն չեք ներկայացնում՝ կազմակերպությունը լուծարելու համար։ Նրանք չեն ուզում»,- ասել է  նա։
22:21 - 13 մարտի, 2025
«Լրտեսների պես կանգնած են մեր սահմաններին»․ Ալիևը բողոքել է ԵՄ դիտորդներց և ՀՀ սպառազինումից
 |factor.am|

«Լրտեսների պես կանգնած են մեր սահմաններին»․ Ալիևը բողոքել է ԵՄ դիտորդներց և ՀՀ սպառազինումից |factor.am|

factor.am: Հայաստանին մատակարարվող ավերիչ զենքերն ուղղված են Ադրբեջանի դեմ։  Այս մասին հայտարարել է այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվի XII գլոբալ ֆորումի բացման արարողության ժամանակ ունեցած ելույթում։ «Թերևս, այսօր դրանք այլ տեղ են պետք, բայց այդ զենքերն ուղարկվում են Հայաստան»,- ասել է նա։ Բացի այդ, Ալիևը կրկին մեղադրանքներ է հնչեցրել ՀՀ-ում տեղակայված ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության հասցեին՝ հայտարարելով, թե այն, իբր, Եվրամիության հետախուզական առաքելությունն է։ «Նրանք գիշեր-ցերեկ կանգնում են մեր սահմաններին, ինչպես լրտեսները, փնտրում են հարմար անցքեր՝ մեզ մոտ անցնելու համար: Մենք ունենք բավարար հետախուզական տվյալներ նման ընտրովի դիտորդական առաքելության վերաբերյալ»,- ասել է Ադրբեջանի նախագահը։
12:45 - 13 մարտի, 2025
Ալիևի հետ հանդիպմանը խորհրդակցել ենք Հայաստանի հետ խաղաղության բանակցությունների մասին. Էրդողան |1lurer.am|

Ալիևի հետ հանդիպմանը խորհրդակցել ենք Հայաստանի հետ խաղաղության բանակցությունների մասին. Էրդողան |1lurer.am|

1lurer.am: Թուրքիայի նախագահը կառավարության նիստից հետո ներկայացրել է քննարկված հարցերը։ Ռեջեփ Էրդողանը հիշեցրել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ առցանց մասնակցել է Իգդիր-Նախիջևան գազատարի բացմանը, նշել, որ գազատարն առնվազն 30 տարի գազ կապահովի Նախիջևանին։ Էրդողանը տեղեկացրել է, որ Ալիևի հետ հանդիպմանը խորհրդակցություններ են անցկացրել մի շարք կարևոր հարցերի շուրջ, այդ թվում՝ Հայաստանի հետ խաղաղության բանակցությունների: Թուրքիայի նախագահն անդրադարձել է նաև Սիրիայում իրավիճակին, նշել՝ Անկարան դատապարտում է անարդարությունն ու ահաբեկչությունը։ «Միևնույն ժամանակ մենք Սիրիայի իշխանություններին անհրաժեշտ խորհրդատվություն ենք տրամադրում՝ ներկայիս լարվածությունը հնարավորինս շուտ հաղթահարելու համար: Սիրիայի նախագահ Ահմեդ Ալ-Շարաան վարում է ներառական քաղաքականություն, որը բացառում է ռևանշիզմը։ Հուսով ենք, որ Սիրիան շուտով կհասնի երկար սպասված կայուն խաղաղության և անվտանգության: Ինչ վերաբերում է սիրիական հարցին, ոչ ոք իրավունք չունի մեզ խրատելու»,- ասել է Էրդողանը։ Նա անդրադարձել է նաև եվրոպական անվտանգության խնդիրներին, նշել՝ եվրոպացի գործընկերները պետք է հասկանան Թուրքիայի դերը փոխված աշխարհում և հաշվի առնեն դա իրենց ռազմավարությունները մշակելիս: Թուրքիայի նախագահի խոսքով՝ Անկարան փորձում է բարելավել հարաբերությունները Եվրամիության հետ՝ կենտրոնանալով լիարժեք անդամակցության նպատակի վրա:
11:35 - 11 մարտի, 2025
Իլհամ Ալիևը մարտի 5-ին կմեկնի Անկարա
 |civilnet.am|

Իլհամ Ալիևը մարտի 5-ին կմեկնի Անկարա |civilnet.am|

civilnet.am: Մարտի 5-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կմեկնի Անկարա։ Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը։ Ըստ նրա՝ հանդիպմանը երկու նախագահները մտքեր են փոխանակելու տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ։ Բացի այդ, ըստ թուրքական TRT-ի՝ Էրդողանն ու Ալիևը տեսակապով ուղիղ եթերով մասնակցելու են Իգդիր-Նախիջևան գազամուղի բացման արարողությանը, որի հիմնարկեքի արարողությունը տեղի է ունեցել 2023-ի սեպտեմբերի 25-ին։ Թուրքիայի նախագահ Էրդողանը նախoրեին անդրադառնալով Հարավային Կովկասի իրավիճակին ասել էր հետևյալը՝ «Հաշվի առնելով, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացն առաջ է ընթանում՝ մենք անհամբեր սպասում ենք համաձայնության հասնելուն, որը թույլ կտա տևական խաղաղություն հաստատել Ադրբեջանի և Հայաստանի միջև», – ասել է Թուրքիայի ղեկավարը։
19:07 - 04 մարտի, 2025
Ալիևը հայտարարել է, թե «Հայաստանը պետք է կատարի իր պարտավորությունները՝ ապահովելով Ադրբեջանից Նախիջևան անարգել անցում»

Ալիևը հայտարարել է, թե «Հայաստանը պետք է կատարի իր պարտավորությունները՝ ապահովելով Ադրբեջանից Նախիջևան անարգել անցում»

Տրանսպորտի հարցերին նվիրված խորհրդակցության ժամանակ Իլհամ Ալիևը հերթական անգամ պահանջներ է ներկայացրել Հայաստանին: Իլհամ Ալիևը թվել է նոր նախագծերը՝ դրանց շարքում շեշտելով՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը»։ Նա հայտարարել է, որ երկիրը «գործնական քայլեր է ձեռնարկում այդ միջանցքի բացման ուղղությամբ»: Ալիևը կրկին պահանջել է, որ Հայաստանը ապահովի Ադրբեջանի և Նախիջևանի միջև անարգել կապ՝ իր խոսքով, առանց որևէ ստուգման և խոչընդոտի։ «Մենք Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ չունենք, սակայն Հայաստանը պետք է կատարի իր ստանձնած պարտավորությունները՝ ապահովելով անարգել երթևեկություն Ադրբեջանի մի մասից մյուսը»,- ասել է Ալիևը:  Ալիևը ասել է, թե 1920 թվականին խորհրդային կառավարությունը Ադրբեջանից խլել է Արևմտյան Զանգեզուրը․ «Մենք չենք մոռացել և չենք մոռանա Զանգեզուրը։ Նորից եմ ասում՝ մենք տարածքային պահանջ չունենք Հայաստանից, սակայն Հայաստանը պետք է կատարի իր պարտավորությունները՝ ապահովելով Ադրբեջանից Ադրբեջան [նկատի ունի՝ Նախիջևան-խմբ․] անարգել անցում»։ Ադրբեջանի նախագահը անդրադարձել է նաև Հայաստանի կառավարության առաջ քաշած «Խաղաղության խաչմերուկ» տարածաշրջանային նախաձեռնությանը և հայտարարել է, թե այն առանց Ադրբեջանի «գրոշի արժեք չունի, ինչի մասին տարբեր խողովակներով հայկական կողմին բազմիցս փոխանցել են»։ «Եթե ​​Հայաստանը իսկապես ցանկանում է իրականացնել այդ նախագիծը, ապա նախ պետք է դիմի Ադրբեջանին, քանի որ առանց մեզ դա ընդամենը թղթի կտոր է»,- ասել է Ալիևը։ 
17:22 - 28 հունվարի, 2025
Ադրբեջանում փոփոխություններ են կատարվել պետական գաղտնիք՝ ռազմական ոլորտին առնչվող տեղեկատվության ցանկում

 |factor.am|

Ադրբեջանում փոփոխություններ են կատարվել պետական գաղտնիք՝ ռազմական ոլորտին առնչվող տեղեկատվության ցանկում |factor.am|

factor.am: Ադրբեջանում փոփոխություններ են կատարվել «Պետական ​​գաղտնիք ճանաչված տեղեկատվության ցանկում»։ Համապատասխան հրամանագիրը ստորագրել է երկրի նախագահ Իլհամ Ալիևը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Նշվում է, որ փոփոխությունները համահունչ են «Հաշվապահական հաշվառման մասին» և «Պետական ​​գաղտնիքի մասին» երկրի օրենքներում փոփոխություններին, որոնք ընդունվել են խորհրդարանի կողմից 2023 թվականի դեկտեմբերի 22-ին։ Հրամանագիրը թարմացնում է «Պետական ​​գաղտնիք ճանաչված տեղեկատվության ցանկում» պետական ​​պաշտպանության պատվերների և ռազմական արտադրանքի մասին բաժինը, որն ի սկզբանե հաստատվել է 2005 թվականի հունիսի 3-ին: Թարմացված տեքստը տրամադրում է պաշտպանության պետական ​​պատվերների, արտադրության ծավալների և պաշտպանական արդյունաբերության ձեռնարկությունների ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ տեղեկատվության մանրամասն դասակարգում: Թարմացված կանոնակարգը սահմանում է, որ պաշտպանության պետական ​​գնումների, այդ թվում՝ զենքի, ռազմական տեխնիկայի և այլ ռազմական արտադրանքի արտադրության, արտահանման և վաճառքի հետ կապված տեղեկատվությունը կմնա գաղտնի։ Բացի այդ, արտադրական օբյեկտների, արտադրական վայրերի, պաշտպանական ձեռնարկությունների ֆինանսական հաշվետվությունների և այլ կազմակերպությունների հետ նրանց համագործակցության մասին տեղեկատվությունը պետք է գաղտնի մնա: Այս հրամանագիրը վերջին օրենսդրական փոփոխությունների շարունակությունն է, որոնք ուղղված են Ադրբեջանի պաշտպանական և ռազմավարական ոլորտներին առնչվող գաղտնի տեղեկատվության կառավարման և պաշտպանության բարելավմանը։
17:35 - 24 հունվարի, 2025
Ադրբեջանի 2025-ի ռազմական բյուջեն. պատերազմի նախերգանք
 |civilnet.am|

Ադրբեջանի 2025-ի ռազմական բյուջեն. պատերազմի նախերգանք |civilnet.am|

civilnet.am:  Ադրբեջանի 2025-ի պետական բյուջեի վերլուծությունը ցույց է տալիս, որ Բաքուն պատրաստվում է օգտագործել մոտակա երկու տարվա «հնարավորությունների պատուհանը»՝ Հայաստանի դեմ հնարավոր նոր պատերազմի համար։ Երկրի ռեկորդային ռազմական բյուջեն (շուրջ 5 մլրդ դոլար), սպասվող սոցիալ-տնտեսական ցնցումները և տարածաշրջանում ձևավորվող աշխարհաքաղաքական նպաստավոր պայմանները Բաքվին կարող են դրդել պատերազմ սկսելու։ Ռազմական բյուջեի ավելացումը 1 մլրդ դոլարով 2025-ի հոկտեմբերին Ադրբեջանի նախագահը խորհրդարանի հաստատմանն ուղարկեց պետբյուջեի նախագիծը, որը նախատեսում է 4,9 մլրդ դոլար ռազմական ծախսեր կամ 1 մլրդ-ով ավելի, քան ֆինանսների նախարարության ավելի վաղ առաջարկածը։ 1 մլրդ-ի ֆինանսական բեռը ամբողջությամբ դրվում էր Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամի (SOFAZ) վրա` 2025-ի համար պետական բյուջեն ֆինանսավորելու SOFAZ-ի պարտավորությունը 7,5 մլրդ դոլարից բարձրացնելով 8,5 մլրդ-ի։ Ֆինանսների նախարարության հաղորդագրությունում նշվում էր, որ բյուջեի փոփոխությունն արվել է նախագահի հրահանգով և պայմանավորված է «Հայաստանի ահագնացող ռազմականացմանն արձագանքելու անհրաժեշտությամբ»։ Նոյեմբերին խորհրդարանում բյուջեի քննարկումներից մեկի ժամանակ ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը հայտարարեց, որ 2025-ի համար նավթագազային եկամուտների անկում են կանխատեսում, ինչը, ի թիվս այլ պատճառների, պայմանավորված է նաև նավթահանքերում պաշարների սպառմամբ։ Մեկ այլ ելույթում Շարիֆովը նշում էր, որ ռազմական ծախսերի աճը նախագահ Իլհամ Ալիևի նախաձեռնությունն է, և ֆինանսների նախարարությունը չէ, որ նախաձեռնել է SOFAZ-ի հաշվին ծախսերի աճի ֆինանսավորումը՝ կարծես ակնարկելով, որ այդ աճը խնդրահարույց է։ Քննարկումների ընթացքում Ադրբեջանի հաշվեքննիչ պալատի նախագահը ևս բյուջեի նախագծի մեջ ռիսկեր մատնանշեց։ Ելույթներից մեկում նա ասաց, որ մտահոգված է բյուջեի նախագծի հիմքում դրված՝ նավթի 70 դոլար/բարել գնի համար, որը վերջին տարիների համար աննախադեպ է։ 2022, 2023 և 2024 թվականներին Ադրբեջանի բյուջեի հիմքում դրված է եղել նավթի համապատասխանաբար 50, 50 և 60 դոլար գինը։ Բյուջեի հիմքում դրվող նավթի գինը այն գինն է, որը որպես ենթադրություն ընդունելով՝ պլանավորում են պետական բյուջեի եկամուտները և ծախսերը։ Բյուջեում բուֆեր գրեթե չկա Բյուջեի հիմքում նավթի գինը շուկայականից ցածր դնելու նպատակն է ստեղծել բուֆեր, որը նավթի գների նվազման պայմաններում թույլ կտա ապահովել պետական բյուջեի կատարումը առանց SOFAZ-ից փոխանցումների աճի։ Նույն տրամաբանությամբ, 2022-2024 թվականներին ամեն տարի Ադրբեջանը տարվա ընթացքում բյուջեում փոփոխություններ է մտցրել և բարձրացրել բյուջեի հիմքում դրված նավթի գինը, որովհետև նավթի փաստացի գինը ավելի բարձր է եղել։ Դա լրացուցիչ եկամուտներ է ձևավորել, որոնք թույլ են տվել ծախսերը պլանավորածից մեծացնել, և հավելյալ ծախսերը գրեթե ամբողջությամբ գնացել են կապիտալ ծախսերի ֆինանսավորման աճին։ 2025-ի համար նավթի միջազգային գինը կանխատեսվում է 75 դոլարի սահմաններում, իսկ Ադրբեջանի բյուջեի հիմքում դրված է 70 դոլար նավթի գինը, ինչը նշանակում է, որ 2025-ի բյուջեի նախագծում բուֆեր գրեթե նախատեսված չէ, և նավթի գնի 70 դոլարից ներքև գտնվելու դեպքում այլ հավասար պայմաններում Ադրբեջանը ստիպված է լինելու էլ ավելի մեծացնել SOFAZ-ից պետական բյուջե փոխանցումները։ Բյուջեի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի հաշվեքննիչ պալատի պատրաստած եզրակացությունում նույնպես հետաքրքիր փաստեր կան։ Կից աղյուսակում հաշվեքննիչ պալատը կանխատեսում է, որ 2025-2028 թվականներին պետական բյուջեի նավթային եկամուտների կրճատմամբ պայմանավորված՝ դրանց կշիռը բյուջեի ընդհանուր եկամուտներում աստիճանաբար կրճատվելու է մինչև 40 տոկոս, այն դեպքում, երբ վերջին 10 տարում դրանք երբեք չեն իջել մոտ 50 տոկոս մակարդակից։ Քանի որ Ադրբեջանի տնտեսության արտահանումը գրեթե ամբողջությամբ նավթն ու գազն է, իսկ դրանցից եկամուտների էական անկում է կանխատեսվում, այս աղյուսակը ընդամենը նշանակում է, որ Ադրբեջանը չի կարողանալու պետական բյուջեն նավթային եկամուտների հաշվին նույն ծավալով ֆինանսավորել և ստիպված ինչ-որ պահի մանաթը դևալվացնելու է, որպեսզի կարողանա բյուջեն հավասարակշռված պահել։ Իհարկե, մոտալուտ դևալվացիայի մասին հիշատակումներ միայն այսպիսի տողատակերում է հնարավոր գտնել։ Ադրբեջանի պաշտոնյաների խոսքում դրա մասին նշույլ չկա, ընդհակառակը՝ բյուջեի նույն քննարկումներին Ադրբեջանի կենտրոնական բանկի նախագահը պնդում էր, որ առաջիկա տարիներին փոխարժեքը չի փոխվելու։ SOFAZ-ի մարտահրավերը Դեկտեմբերի 16-ին Ադրբեջանի խորհրդարանը ընդունեց 2025-ի պետական բյուջեն։ Բյուջեի ծախսային այլ ուղղություններից վերաբաշխումներ իրականացվեցին հօգուտ պաշտպանության, և ռազմական բյուջեն աճեց ևս 100 մլն դոլարով՝ հասնելով մոտ 5 մլրդ դոլարի, իսկ պետական բյուջեն ֆինանսավորելու SOFAZ-ի բեռը սահմանվեց 8,5 մլրդ դոլար։ Ուշագրավ է, որ SOFAZ-ի՝ 2025-ի համար կանխատեսվող եկամուտները 8,5 մլրդ դոլարից պակաս են լինելու։ SOFAZ-ի մուտքերը գոյանում են երեք հիմնական աղբյուրներից՝ Ազերի Չիրաղ-Գյունեշլի (ԱՉԳ) և Շահ Դենիզ հանքերից և սեփական ակտիվների կառավարումից ստացվող եկամուտներից։ SOFAZ-ի եկամուտների հիմնական մասը ապահովող ԱՉԳ հանքում 2024-ին արդյունահանումը շարունակել է կրճատվել՝ նախորդ տարվա 18 մլն տոննայից իջնելով 17 մլն տոննայի։ Այս անկումը տեղի է ունեցել՝ չնայած 2024-ին հանքում նոր պլատֆորմ շահագործեցին, որը, ըստ ադրբեջանական պաշտոնյաների, թույլ էր տալու մոտակա տարիներին հանքում արդյունահանումը կայունացնել։ Իրականում, նոր պլատֆորմից արդյունահանումը էականորեն զիջում է պլանավորածին, իսկ պլատֆորմից արդյունահանման պիկը կանխատեսվում է 2025-ի ավարտին, ինչը թույլ կտա այս տարի նույնպես հանքում արդյունահանման էական անկումը կասեցնել։ Սակայն 2026-ից հանքում արդյունահանման անկումը նոր թափ կստանա, քանի որ նոր պլատֆորմից արդյունահանումը նույնպես կսկսի անկում ապրել, ինչը կարագացնի հանքում արդյունահանման ընդհանուր անկումը։ 2025-ին նավթի 75 դոլար գնի պայմաններում SOFAZ-ի եկամուտները ԱՉԳ հանքից կազմելու են 4,5 մլրդ դոլար, իսկ հետագա տարիներին արագ նվազելու են։ ԱՉԳ-ի՝ 2017-ին վերակնքված շահագործման պայմանագրով նախատեսվում էր, որ Ադրբեջանը 2018-2025 թվականներին ԱՉԳ հանքի բաժնետեր միջազգային նավթային կազմակերպություններից տարեկան ստանալու է 450 մլն դոլար բոնուսային վճար։ Հետևաբար, 2025-ին Ադրբեջանը ԱՉԳ-ից ստանալու է 450 մլն դոլար վերջին փոխանցումը, իսկ 2026-ից SOFAZ-ը զրկվելու է եկամուտների այդ աղբյուրից ևս։ Այսպիսով, 2025-ին SOFAZ-ը ԱՉԳ հանքից կստանա 5 մլրդ դոլարի եկամուտ, որից 4,5 մլրդ դոլարը՝ վաճառված նավթից շահույթի տեսքով, իսկ 0,5 մլրդ դոլարը՝ բոնուսային վճարի տեսքով։ Եվս 0,5 մլրդ դոլարի եկամուտ SOFAZ-ը կարող է ակնկալել Շահ Դենիզ հանքից, ինչը համադրելի է 2024-ին հանքից ստացած եկամտի հետ, իսկ SOFAZ-ի ակտիվներից ակնկալվող եկամուտները չեն կարող գերազանցել 1,5 մլրդ դոլարը, քանի որ չնայած SOFAZ-ի ակտիվների մեծ ծավալին՝ դրանցից գոյացող կանխիկ հոսքերը սահմանափակ են՝ պայմանավորված SOFAZ-ի պորտֆելի կառուցվածքով։ Օրինակ, 2023-ին SOFAZ-ի ակտիվներից գոյացող տոկոսային վճարների և դիվիդենդների ընդհանուր ծավալը եղել է մոտ 1,2 մլրդ դոլար։ Ամփոփելով՝ SOFAZ-ի ընդհանուր եկամուտները 2025-ին ակնկալվում են մոտ 7 մլրդ դոլարի սահմաններում, իսկ ծախսերը՝ մոտ 8,5 մլրդ դոլարի սահմաններում։ Հետևաբար, 2025-ին SOFAZ-ի բյուջեում գոյանալու է մոտ 1,5 մլրդ դոլարի պակասուրդ, որը ֆինանսավորելու համար SOFAZ-ը ստիպված է լինելու մոտ 1,5 մլրդ դոլարին համարժեք ակտիվ վաճառել։ SOFAZ-ի՝ 2025-ի համար հրապարակված պաշտոնական բյուջեում արտացոլված է ընդամենը մոտ 100 մլն դոլարի պակասուրդ, ինչը սակայն մեր կարծիքով հետևանք է բյուջեի հիմքում դիտավորյալ դրված ոչ իրատեսական ենթադրությունների։ Այս թեզի օգտին է խոսում այն փաստը, որ Ադրբեջանի հաշվեքննիչ պալատը SOFAZ-ի բյուջեի վերաբերյալ այդպես էլ չհրապարակեց իր եզրակացությունը, որը նախորդ տարիներին միշտ հրապարակակվել է և մանրամասնել է SOFAZ-ի բյուջեի հիմքում ընկած ենթադրությունները (օրինակ՝ նավթի և բնական գազի կանխատեսվող գին) և դրանց հիմնավորումները։ Մանաթի հավանական դևալվացիա, տնտեսական ցնցումներ 2025-ին, պայմանավորված SOFAZ-ի ակտիվներ վաճառելու անհրաժեշտությամբ և 2026-ից ԱՉԳ հանքի արդյունահանման արագ կրճատման վերսկսմամբ, խիստ հավանական է, որ 2025-ի դեկտեմբերին Ադրբեջանը կդևալվացնի մանաթը։ Մանաթի դևալվացիան Ադրբեջանին թույլ կտա 2026-ի պետական բյուջեն պլանավորել SOFAZ-ից ավելի ցածր ֆինանսավորման պայմաններում։ Հակառակ դեպքում, SOFAZ-ը գնալով ավելի շատ ակտիվ է վաճառելու, և այդ ակտիվների շարունակական կրճատումը ինչ-որ պահից հասարակության լայն շերտերի մոտ բերելու է մանաթի դևալվացիայի անխուսափելիության գիտակցման։ Մարդիկ, դա հասկանալով, սկսելու են դոլար գնել և մանաթով ավանդները փոխարկել դոլարայինի, ինչը ավելի կմեծացնի Ադրբեջանի պահուստների վրա ճնշումը։ Այսպիսով՝ մանաթի կանխարգելիչ դևալվացիան Ադրբեջանին թույլ է տալու դևալվացնել մանաթը պահուստների ավելի փոքր կորստի գնով։ Միակ գործոնը, որ Ադրբեջանին թույլ կտա խուսափել տարեվերջին մանաթի դևալվացիայի անհրաժեշտությունից, նավթի գնի կտրուկ աճն է։ Այն կարող է իրականություն դառնալ Մերձավոր Արևելքում մեծ պատերազմի դեպքում, որը կխաթարի Պարսից ծոցից նավթի մատակարարումները համաշխարհային շուկաներ։ Չնայած այս սցենարը բացառված չէ, սակայն նավթի գնի հետ կապված ռիսկերը միայն դեպի վեր չեն, այլև՝ դեպի ներքև։ 2024-ի երրորդ եռամսյակում նավթի գները սկսեցին անկում ապրել, ինչի ֆոնին ՕՊԵԿ+-ի անդամ երկրները ստիպված էին հետաձգել նավթի արդյունահանման պլանավորած աճը։ Այս որոշումն ի սկզբանե նախատեսվում էր կյանքի կոչել 2024-ի հոկտեմբերից, սակայն հետաձգվեց սկզբում մինչև դեկտեմբեր, հետո՝ 2025-ի հունվար, այնուհետև՝ ապրիլ, քանի որ նավթի գինը շարունակում էր նվազել։ ՕՊԵԿ+-ում հասկանում էին, որ նավթի առաջարկի խթանումը կհանգեցնի գնի ավելի մեծ անկման։ 2025-ի համար նավթի համաշխարհային շուկայում կանխատեսվում է ավելցուկային առաջարկ, ինչը նշանակում է, որ ՕՊԵԿ+-ը տարվա ընթացքում կարող է ստիպված լինել նավթի արդյունահանումը մեծացնելու փոխարեն կրճատել այն, որպեսզի կանխի նավթի գնի հետագա անկումը։ Դա, սակայն, կհանգեցնի նավթի շուկայում ՕՊԵԿ+-ի մասնաբաժնի կրճատման։ Այսպիսով՝ առանց ՕՊԵԿ+ի կողմից 2025-ի ընթացքում նավթի արդյունահանման կրճատման՝ քիչ հավանական է, որ նավթի գինը 2025-ի ընթացքում չի շարունակի անկումը, ինչը ենթադրում է, որ Ադրբեջանը կարող է ստիպված լինել ավելի շատ պահուստ վաճառել, քան այս պահին կանխատեսվում է։ Դա կարող է Ադրբեջանին կանգնեցնել մանաթի դևալվացիայի անհրաժեշտության առաջ հենց 2025-ի ընթացքում։ Վերոնշյալից կարելի է եզրակացնել, որ 2025-ը Ադրբեջանի համար վերջին քիչ թե շատ կայուն տարին է լինելու: Դրանից հետո մեծ հավանականությամբ երկրում կլինեն տնտեսական ցնցումներ, որոնք աստիճանաբար կմեծացնեն սոցիալ-քաղաքական լարվածությունը։ Այս պայմաններում է, որ Ալիևը ռազմական ծախսերը սահմանում է մի մակարդակում, որ Ադրբեջանի համար տանելի բեռ չէ։ Սա թերևս նշանակում է, որ նա դասեր չի քաղել երկրում 2014-2016 թվականների տնտեսական ճգնաժամից, և նավթից եկամուտների կրճատման ֆոնին գոտիները ձգելու փոխարեն կրկին ուռճացնում է պետական ծախսերը՝ դրանով մեծացնելով սպասվող տնտեսական ճգնաժամի խորությունը։ Հայաստանի դեմ պատերազմի նպաստավոր պայմաններ Մինչ այդ Հայաստանի դեմ նոր պատերազմի համար աշխարհաքաղաքական նպաստավոր պայմաններ են ձևավորվում. – ԱՄՆ-ի ընտրություններում հաղթեց Թրամփը, ինչը նշանակում է, որ ԱՄՆ-ն ավելի շատ կենտրոնանալու է իր ներքին խնդիրների վրա, և ավելի քիչ է հակված լինելու ռեսուրսներ հատկացնել իր համար ռազմավարական նշանակություն չունեցող տարածաշրջաններում կոնֆլիկտները կառավարելու ուղղությամբ։ Մյուս կողմից Թրամփի վարչակազմը, ըստ ամենայնի, խստացնելու է Իրանի նկատմամբ պատժամիջոցները՝ նպատակ ունենալով նվազագույնի հասցնել Իրանի նավթի վաճառքից եկամուտները և ստիպել Իրանին նստել բանակցությունների սեղանի շուրջ իր պայմաններով։ Իրանի նկատմամբ պատժամիջոցների խստացումը մի կողմից կրճատելու է Իրանի կողմից պրոակտիվ արտաքին քաղաքականություն վարելու համար անհրաժեշտ ռեսուրսները, մյուս կողմից բարդացնելու է Իրանի տնտեսական վիճակը՝ մեծացնելով ներքին սոցիալական լարվածությունը, որը վերջին տարիներին առանց այն էլ բավական սրված էր։ – Թուրքիան չի պատրաստվում լուռ հետևել Ռուսաստանի և Իրանի ազդեցության գոտիներում այդ երկրների ռազմական ներկայության կրճատմանը։ Դրա վառ օրինակը Սիրիան էր, որտեղ Անկարայի աջակցությունը վայելող ուժերը, որոնք օգտվելով ռուս-ուկրաինական և իսրայելա-իրանական կոնֆլիկտների արդյունքում Սիրիայում Ռուսաստանի և Իրանի ռազմական ներկայությունը կրճատումից, տապալեցին Բաշար Ասադի իշխանությունը։ Հայաստանի դեմ Ադրբեջանի նոր գործողությունները Թուրքիան դիտարկելու է նույն տրամաբանության ներքո, և Ադրբեջանը այդ գործողություններում վայելելու է Թուրքիայի աջակցությունը։ – Ներկայում Ռուսաստանն ամբողջ ներուժը կենտրոնացրել է Ուկրաինայում և, օգտվելով հյուծման պատերազմում Ուկրաինայի հանդեպ իր ռեսուրսային առավելությունից, ուկրաինական բանակին դուրս է մղում մի շարք կարևոր բնակավայրերից և բնագծերից՝ վտանգի տակ դնելով Դոնբասում ուկրաինական պաշտպանության ամբողջականությունը։ Թրամփի երդմնակալությունից հետո ակնկալվում է, որ Ուկրաինայում պատերազմի դադարեցման շուրջ բանակցություններ են սկսվելու։ Պարզ չէ, սակայն, թե արդյոք դրանք հաջողությամբ կավարտվեն, թե ոչ, քանի որ ռուսական և ուկրաինական կողմերի դիրքորոշումները այս պահին հատման եզրեր չունեն։ Եթե բանակցությունները տապալվեն, հավանական է, որ Թրամփի վարչակազմը մեծացնի Ուկրաինային զենքի մատակարարումները, որպեսզի ստիպի Ռուսաստանին զիջումների գնալ բանակցություններում, ինչի արդյունքում Ռուսաստանի՝ այլ ճակատներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, գործելու հնարավորությունը ավելի կկրճատվի։ Հնարավոր է նաև սցենար, որ բանակցությունները հաջողությամբ ավարտվեն, և Ուկրաինայում պատերազմը դադարեցվի, ինչը Ռուսաստանի համար այլ ճակատներում գործելու ռեսուրսներ կազատի: Այս սցենարի դեպքում Հարավային Կովկասում Թուրքիային և Ադրբեջանին հակակշռելու Ռուսաստանի հնարավորությունները կաճեն։ Ադրբեջանը, հասկանալով, որ Ռուսաստանը շուտով մեծացնելու է իր ներկայությունը Հարավային Կովկասում, և իր ազատ գործելու հնարավորությունների պատուհանը փակվելու է, կարող է փորձել մինչև Ուկրաինայում պատերազմի ավարտը պատերազմ սանձազերծել Հայաստանի դեմ՝ օգտվելով աշխարհաքաղաքական բարենպաստ կոնյունկտուրայից։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
14:30 - 21 հունվարի, 2025
«Ձեր կուսակցության հաջողությունն ապահովում է Հարավային Կովկասում կայունությունը»․ Ալիևը՝ Կոբախիձեին

 |factor.am|

«Ձեր կուսակցության հաջողությունն ապահովում է Հարավային Կովկասում կայունությունը»․ Ալիևը՝ Կոբախիձեին |factor.am|

factor.am: Ձեր կուսակցության հաջողությունն ապահովում է կայունությունը Հարավային Կովկասում և այդ հաջողությունը ուրախացնում է է մեզ՝ որպես ձեր եղբայրներին ու ընկերներին։ Այս մասին Բաքվում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ առանձնազրույցից հետո՝ մամուլի համար հայտարարությունների ժամանակ, գրում է վրացական Առաջին ալիքը։ Նրա խոսքով՝ քննարկված թեմաներից մեկը եղել է կապի և Միջին միջանցքի նախագիծը։ «Մենք քննարկեցինք կապի և Միջին միջանցքի նախագիծը: Վստահ եմ, որ այս նախագիծը հաջողություն կունենա։ Դրա շրջանակում մենք պետք է սերտ կապեր պահպանենք հարևան այլ երկրների հետ, որն ընդգրկում է հսկայական աշխարհագրություն։ Ադրբեջանն ու Վրաստանը կլինեն այն օղակն ու կամուրջը, որը կմիացնի Եվրոպան և Ասիան։ Մենք դա հաջողությամբ իրականացնում ենք, և ես գիտեմ, որ տրանսպորտային ենթակառուցվածքներն ընդլայնվում են ինչպես Վրաստանում, այնպես էլ Ադրբեջանում։ Խոսքը վերաբերում է հատկապես տրանսպորտային ենթակառուցվածքների թվայնացմանը»,- ասել է Ալիևը։ Անդրադառնալով Վրաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին՝ Ադրբեջանի նախագահը նշել է․ «Ցանկանում եմ հավելել, որ ձեր կուսակցության հաջողությունն ապահովում է կայունությունը Հարավային Կովկասում։ Մենք՝ որպես ձեր եղբայրներ և ընկերներ, ուրախ ենք ձեր հաջողությունների համար և մաղթում ենք հետագա ձեռքբերումներ»։
17:33 - 17 հունվարի, 2025