Առաջին ընթերցմամբ ընդունվեց «Զենքի շրջանառության կարգավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու նախագիծը
12:45 - 13 հուլիսի, 2023

Առաջին ընթերցմամբ ընդունվեց «Զենքի շրջանառության կարգավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու նախագիծը

ՀՀ կառավարության նախաձեռնությամբ Ազգային ժողովում գումարվել է արտահերթ նիստ, որի ժամանակ, ի թիվս այլնի, քննարկվում է նաեւ «Զենքի շրջանառության կարգավորման մասին» ՀՀ օրենքում եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթն ընդունելու հարցը։ Այս հոդվածում ներկայացրել ենք, թե հատկապես որն է այս փոփոխությունների անհրաժեշտությունը, եւ թե ինչ քննարկումներ են եղել դրանց վերաբերյալ։

Նախագծի հիմնական զեկուցողը ՆԳՆ փոխնախարար Արփինե Սարգսյանն է։

«Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքն ընդունվել է դեռեւս 2022թ․ հոկտեմբերին, ուժի մեջ է մտել այս տարվա հունիսի 1-ից։ Փոխնախարարն ասաց, որ մինչ այդ զբաղվել են ենթաօրենսդրական դաշտի կարգավորման աշխատանքներով։ Նրա խոսքով՝ ենթաօրենսդրական դաշտը, ըստ էության, տեղում է եւ ապահովում է այն կտորների գործողությունները, որոնք ենթադրել են կառուցակարգեր՝ կառավարության մակարդակով․

«Բայց օրենքի ավելի սահուն կիրառումն ապահովելու նպատակով անդրադարձ ենք կատարել որոշ կարգավորումների, որոնք լավարկման կարիք ունեն։ «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքն այս պահի դրությամբ նախատեսում է, որ օրենքը տարածվում է զենքի շրջանառության նկատմամբ, բայց, հաշվի առնելով, որ այս օրենքը շատ ավելի լավ կարգավորում է բացի զենքից նաեւ փամփուշտների, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերի հետ կապված հարաբերությունները, կան կառուցակարգեր, որոնք պետք է նաեւ տարածել ոչ միայն զենքի, այլ նաեւ փամփուշտների եւ մնացած հատվածների շրջանառության վրա։ Ըստ էության, առաջարկվում է հստակեցում կատարել եւ օրենքում նախատեսել, որ օրենքի դրույթները տարածվում են զենքի փամփուշտների եւ բաղկացուցիչ մասերի շրջանառության վրա»,- ասաց փոխնախարարը։

Այնուհետեւ նա նշեց, որ երկրորդ կարեւոր փոփոխությունը վերաբերում է առաջին անգամ քաղաքացիական հրազեն ձեռք բերող քաղաքացիներին․ օրենքը այժմ նախատեսում է, որ առաջին անգամ զենք ձեռք բերող քաղաքացիները պետք է կառավարության երաշխավորած ռազմամարզական հասարակական կազմակերպություններից մեկում հանձնեն զենքի հետ կապված եւ անվտանգության կանոնների իմացության տեսական եւ գործնական քննություններ, բայց, հաշվի առնելով հանգամանքը, որ ռազմամարզական կազմակերպություններին վերաբերող հարաբերությունները շատ ավելի դետալային քննարկման առարկա պետք է դառնան, եւ այլ օրենքի շրջանակում պետք է ավելի ճիշտ լուծումներ նախատեսվեն, ՆԳՆ-ն առաջարկում է այս օրենքից հանել ռազմամարզական կազմակերպություններին վերաբերող դրույթները, բայց եւ պահպանել քննության հանձնման կանոնը, որպեսզի քաղաքացիները կարողանան օգտվել առաջին անգամ քաղաքացիական հրազեն ձեռք բերելու հնարավորությունից։

Փոխնախարարը տեղեկացրեց, որ ՆԳՆ նախարարի համապատասխան հրամանով կտան շատ ավելի պարզեցված ընթացակարգեր՝ այս քննությունը հանձնելու նպատակով։

«Կային որոշակի դրույթներ օրենքում, որտեղ, օրինակ, մի դեպքում օտարերկրյա քաղաքացիներին տրվող թույլտվությունների տեսակների մեջ նախատեսված էր քաղաքացիական զենք ձեռք բերելու թույլտվություն, մինչդեռ արտահանման դեպքում նախատեսված էր նաեւ հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերի եւ փամփուշտների արտահանման թույլտվություն, սա կարծես թե փոքր անհամապատասխանություն էր, որն առաջարկում ենք շտկել»,- ասաց փոխնախարարը։

Որոշ հարցեր են եղել նաեւ պետական տուրքի նախատեսման հետ կապված․ օրենքը նախատեսում է տարբեր իրավիճակներում լիցենզավորման հիմնական հնարավորությունների եւ թույլտվությունների ձեռք բերման հնարավորություններ, բայց որոշ հատվածներ շատ ավելի հստակ պետք է ամրագրվեին «Պետտուրքի մասին» օրենքում, ըստ այդմ այս օրենքում եւս լրացումներ են առաջարկվում։

«Նաեւ ունենք կարգավորումների առաջարկներ առ այն, որ եթե անձն արդեն իսկ ունի զենքի թույլտվություն, հաջորդ անգամ երկարաձգման դեպքում փորձում ենք թոթափել նաեւ մեր քաղաքացիների բեռը, որպեսզի որոշակի խումբ փաստաթղթեր մեր քաղաքացիները չներկայացնեն»,- հավելեց փոխնախարարը։

Մեկ այլ փոփոխությամբ էլ առաջարկվում է նախատեսել դրույթ, ըստ որի՝ ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի սպայական կազմի զինծառայողներին սպայական դաշույնով պարգեւատրելու իրավունք կարող է ունենալ նաեւ պաշտպանության նախարարը։

Արփինե Սարգսյանին հարցեր ուղղելու համար հերթագրվեց մեկ պատամավոր՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը։ Վերջինս հույս հայտնեց, որ այս օրենքի ընդունումից հետո մշտադիտարկում կիրականացվի՝ հասկանալու՝ այս օրենքը փոխելով բարելավեցին հնարավորությունները, թե՞ վատացրին․

«Բացառված չէ, որ որոշ ժամանակ հետո անդրադառնանք եւ նորից որոշակի փոփոխություններ անենք։ Որովհետեւ մեր պատկերացումները, որ այս փոփոխությամբ լավացնում ենք, միշտ չէ, որ համապատասխանում է իրականությանը։ Կյանքն է ցույց տալիս՝ ոնց է գործում հետո իրականության մեջ։ Հուսով եմ, որ Դուք՝ որպես օրենքի համահեղինակ, կիրականացնեք այդ գործընթացը, որպեսզի հետագայում մենք հասկանանք՝ պրակտիկ կիրառման պայմաններում արդյունավետությունը բարձրացավ, թե ինչ»,- ասաց Արսենյանը։

Փոխնախարարն արձագանքեց, որ, բնականաբար, ցանկացած օրենքի ընդունումից հետո պետք է հասկանան՝ դրա կիրառման շրջանակում դրական եւ բացասական կողմերը, եւ կառավարությունը, նրա խոսքով, այս եւ ցանկացած օրենքի պարագայում հետամուտ է լինելու նաեւ այդ հարցի ուսումնասիրմանը։

Նախագծերի փաթեթը դրվեց քվեարկության եւ 60 կողմ, 0 դեմ, 22 ձեռնպահ ձայներով ընդունվեց առաջին ընթերցմամբ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել