Ընդհանրապես չեմ բացառում որևիցե մեկի հետ համագործակցությունը․ Սամվել Բաբայանը՝ գալիք ընտրությունների մասին
13:11 - 24 մայիսի, 2021

Ընդհանրապես չեմ բացառում որևիցե մեկի հետ համագործակցությունը․ Սամվել Բաբայանը՝ գալիք ընտրությունների մասին

Խնդիրը հետևյալն է․ առաջին հերթին պետք է Արցախի խնդիրը լուծել, իրար տարածքային ամբողջականությունը վերականգնել, տալ մանդատային տարածք, նոր անցնել այդ խնդրին։ Այս մասին հայտնել է Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ խնդիրներ կարող է նախանշել սահմանագծման հետ կապված։

Նրա խոսքով՝ եթե Ադրբեջանը դա չի անում, ապա որևիցե խնդիր պետք չի քննարկել։

«Տավուշի առնչությամբ ես կասեմ, որ այնտեղ կան խնդիրներ, եթե իրոք գնում են դեմարկացիայի, էնտեղ ահագին տարածքներ կան, որ մերն է իրենց ձեռքին և հակառակը՝ կա մի երկու անկլավ, որ իրենցն է։ Խնդիր է, թե որն է շահողը լինելու՝ ավելի շատ մենք ենք շահելու, թե իրենք»,- նշեց նա։

Բաբայանը ասաց, որ ռազմաքաղաքական ղեկավարության և ռազմական գերատեսչության խնդիրն էր թույլ չտալ, որ դա կատարվեր, բայց այն արդեն կատարվել է։

«2, 3 անգամ սահմանը երկարաձգվել է՝ չհաշված Թուրքիայի ճակատը։ Մարդ էլ չունես՝ կանգնեցնես։ Դրա համար բացատրում եմ, որ պետք է բանակ կառուցել, գլուխդ կախես, ատամներդ սեղմես, կառուցես պրոֆեսիոնալ բանակ։ Էն հեքիաթը, որ պատմում են՝ փող չունենք, էս չունենք, էն չունենք։ Փող չունեք՝ գերի հանձնվեք թուրքին, ռուսին, պարսիկին, ամերիկացուն։ Ինչ խոսում ենք, ասում են՝ փող չունեք։ Ասեք՝ խելք չունենք, կհասկանանք, ասում եք՝ փող չունենք՝ չենք հասկանում»,- նշեց նա։

Անդրադառնալով գալիք ընտրություններին՝ Սամվել Բաբայանն ասաց, որ անպայման մասնակցելու են դրանց։

«Ես ընդհանրապես չեմ բացառում որևիցե մեկի հետ համագործակցությունը․ սա մեկ։ Երկրորդը երեք նախագահները մասնակցում են, թող մասնակցեն, հասարակությունն է որոշում՝ իրենց հնարավորություն է տալիս կառավարել, թե չէ։ Մենք անգամ չգիտենք՝ ինչ ուժեր են մտնելու պառլամենտ, ովքեր են լինելու դրանք»,- ասաց նա՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերվում երեք նախագահների՝ ընտրություններին մասնակցությունը, և արդյո՞ք կա ուժ, որի հետ բացառում են համագործակցությունը։

Խոսելով նաև վարչական ռեսուրսի կիրառման մասին՝ Բաբայանն ասաց, որ գումարների բաժանումը միանշանակ է․ «Ամեն կուսակցություն իր վստահված անձն ընտրատեղամասում պարտավոր է պահել, եթե մարդ չունես, ապա ինչու ես մտել պայքարի մեջ։ Ոչ մեկը, բացի պետական մարմնից, չի կարող ընտրակաշառքի դեմն առնել։ Ինֆորմացիա ունեմ, որ տեղ-տեղ դրանով զբաղվում են»։

Բաբայանը անդրադարձավ նաև Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը՝ համաձայն որի՝ «մենք ոչ թե Ադրբեջանին ենք պարտվել, այլ ոչմիթիզականությանը»։

«Նորից եմ ասում․ հիմա կարելի է հետ գնալ, ասել՝ գիտեք՝ ես ճիշտ էի այն ժամանակ և այլն։ Ես ասում եմ՝ երկու կողմն էլ սխալ են։ Եթե դուք զենքը առնեիք, բանակը պատրաստեիք, էս վիճակը չէր լինի։ Ոչ մի բան չեք արել, նստել եք թախտին, սպասել բախտին, մեկ էլ պարտվել, ասում եք՝ ես ճիշտ էի։ Այսինքն՝ դա հարցի պատասխան չէ։ Առաջին նախագահին հարգելով՝ ասում եմ 92-ին ամբողջ ազգով՝ ընդդիմությունն էլ հետը քեզ ասում էին, որ դու տարածքները՝ Շահումյան, Մարտակերտ, պայմանավորվել ես հանձնել, հավատայի՞նք։ Խի, որովհետև չէինք կարողանում կռվել, պատրաստ չէինք, ջոկատներ էինք կռվեցնում։ Հենց փոխեցինք իրավիճակը, զարգացանք, գնացինք առաջ, բոլորն ասացին՝ հաղթած նախագահ եք՝ մոռանալով իրականությունը։ Հիմա էլ է նույնը․ եթե չեք կարողացել կազմակերպել, չեք կարողացել այդ խնդիրը լուծել, բերաններդ փակեք։ Ատամներդ սեղմիր, պատրաստիր քո բանակը քո երկրի պաշտպանության համար։ Ավելորդ խոսակցությունն անիմաստ է»,- ասաց Բաբայանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել