ՊՆ-ից հայտնել են՝ Սյունիքի վերաբերյալ իմ հարցերն իրենց լիազորություններից անդին են. Աննա Գրիգորյան
12:22 - 13 սեպտեմբերի, 2021

ՊՆ-ից հայտնել են՝ Սյունիքի վերաբերյալ իմ հարցերն իրենց լիազորություններից անդին են. Աննա Գրիգորյան

Ազգային ժողովի նախագահը հարցուպատասխանի ժամանակ փաստացի կերպով ընդունեց, որ չի տիրապետում՝ ինչ է կատարվում այսօր Սյունիքում, ինչ իրավիճակ է և թե ինչպիսի պայմաններում են առաջացել այն անվտանգային ռիսկերը, որոնք այսօր կան։ Սա պետք է ցավով արձանագրել, քանի որ ԱԺ նախագահը ի պաշտոնե երկրորդ մարդն է, և եթե թիվ մեկ կառույցի մանդատ ունեցող ղեկավարը առհասարակ չգիտի, թե ինչ է կատարվում Սյունիքում սա ինչպես կարելի է բացատրել։ Այս մասին այսօր ԱԺ նիստի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։

Անդրադառնալով Ալեն Սիմոնյանի ելույթին՝ Գրիգորյանը հավելեց․ «Պարոն Սիմոնյանն ասում է՝ «մենք ոչինչ չենք զիջել», ես վստահ եմ, որ պարոն Սիմոնյանը կարդացել է նոյեմբերի 9-ի հայտարարությունը, այնտեղ առաջին կետում գրված է, որ հայկական և ադրբեջանական զորքերը կանգնում են ճիշտ այն նույն կետում, որտեղ գտնվում են այդ պահին։ Հետո հետ են քաշվել՝ նույն ձեր հրամանով, քանի որ Կովսականն ու Սանասարը որևէ կերպ ներառված չեն եղել նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ, հետևաբար՝ այո՛, դուք այդ տարածքները հանձնել եք։ Հանձնել եք Գորիս-Կապան, այն է Հայաստան- Իրան միակ միջպետական ճանապարհը»։ 

Գրիգորյանը տեղեկացրեց, որ Սյունիքում առկա իրավիճակի վերաբերյալ հարցապնդումներով դիմել է տարբեր գերատեսչությունների և փորձել է հասկանալ այդ ճանապարհահատվածում ճանապարհի շահագործումը և երթևեկությունը ինչ տրամաբանությամբ են կարգավորվում։ Գրիգորյանը հարց է բարձրարել նաև, թե հնարավոր ՃՊՏ-ների դեպքում, երբ պատահարի կողմերը հանդիսանան ՀՀ և Ադրբեջանի քաղաքացիները ինչպես պետք է կարգավորվեն խնդիրները։ 

«Առհասարակ անվտանգության ի՞նչ երաշխիքներ պետք է այստեղ գործեն։ Առայժմ այս պահին ինձ ՊՆ-ից է պատասխան եկել, որտեղ գրված է, որ նրանց լիազորությունից անդին են իմ հնչեցրած հարցերը։ Այսինքն ՊՆ-ն պատասխան չունի, իսկ մարզպետը երեկ գնացել էր, ու ասում է՝ «գիտեք այնտեղ ադրբեջանցիներն իրենց տարածքում են դրել, ռուսներն էլ են այնտեղ մի անհանգստացեք»։ Բա դուք ի՞նչի համար եք, դուք իշխանությո՞ւն եք, թե ոչ․ կողմնորոշվե՛ք։ Ժողովրդի անունից հաճախ խոսողները ճիշտ կանեն ժողովրդի հետ խոսեն, բացատրեն՝ ինչպիսի իրավիճակ է, և մարդիկ ինչ խնդիրների առաջ կարող են կանգնել»,- եզրափակեց Գրիգորյանը։

Հիշեցնենք, որ երեկ ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել՝ հայտնելով, որ սեպտեմբերի 12-ին, ժամը 12։00-ից Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Էյվազլի բնակավայրի հատվածում, Ադրբեջանի Հանրապետության ոստիկանության կողմից իրականացվում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել